Աշխարհում թմրանյութերի օրինականացումը եւ թմրամոլների հետապնդումների դադարեցումը ավելի արդյունավետ կլինի, քան թմրամիջոցների տարածման դեմ պատերազմը: Նման եզրակացության է եկել ՄԱԿ-ի Գլոբալ հանձնաժողովը, որի անդամներից են ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը եւ Մեքսիկայի, Կոլումբիայի ու Բրազիլիայի նախկին նախագահները։
tert.am-ը, հղում անելով BBC-ին, տեղեկացնում է, որ, ըստ փորձագիտական զեկույցի, թմրանյութերի դեմ պայքարը հանգեցրել է միայն դրանց վաճառքի եւ կազմակերպված հանցավորության ուժեղացմանը։ Զեկույցի հեղինակները քննադատել են այն երկրների կառավարություններին, որոնք թմրանյութերի տարածման դեմ պայքարը համարում են արդյունավետ։
«Քաղաքական եւ հասարակական գործիչները պետք է համարձակություն գտնեն հրապարակավ հայտարարել, որ թմրադեղերի դեմ ուժով պայքարելու ռազմավարությունը չի կարող լուծել այդ հարցը»,-այս կարծիքի են հանձնաժողովի անդամները։ Նրանք սուր քննադատության են ենթարկել ԱՄՆ-ին՝ նշելով, որ ամերիկյան իշխանությունները պետք է հրաժարվեն պայքարի այդ ձեւից։ Իսկ Սպիտակ տան՝ թմրամիջոցների դեմ պայքարի բաժնի ղեկավար Ջիլ Քերլիկովսկեն դժգոհություն է հայտնել ՄԱԿ-ի զեկույցից՝ նշելով, որ թմրամոլությունը հիվանդություն է, որը կարելի է հաջողությամբ կանխել եւ բուժել։