Վերահսկիչ պալատը բացահայտել է, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը անարդյունավետ է ծախսել Համաշխարհային բանկի տրամադրած վարկերը: Ինչի առնչությամբ, երեկ կառավարության նիստում նախարար Արթուր Գրիգորյանը լրացուցիչ պարզաբանումներ ներկայացրեց: ՀԲ աջակցությամբ, 2006-2007 թվականներին $150 000 է ծախսվել տնային տնտեսությունների ու համայնքների հետազոտության համար:
Նախարարի խոսքերով, թեեւ առաջարկություն չի ընդունվել, բայց ծրագիրն ընդհանուր առմամբ նպատակին է ծառայել: Պարոն Գրիգորյանին մտահոգում են միայն թանկարժեք խորհրդատվությունները, որոնք օրական $700 են կազմել: $28182 արժեցող մեկ այլ ծրագրով էլ մշակվել են 3 օրենքների նախագծեր, որոնցից 2-ը չի ընդունվել, իսկ մյուսի կարիքն ընդհանրապես չի եղել: «Այսինքն՝ օրենքի նախագիծն արդեն իսկ մշակված է եղել եւ Համաշխարհային բանկի վարկային միջոցներով նույն օրենքի նախագիծն է պատվիրվել»,- բացատրեց նախարարը: Ըստ նրա, մեկ այլ ծրագրով էլ $45350-ի չափով խորհրդատվական ծառայություններ են մատուցվել, որոնց կարիքն ընդհանրապես չի եղել. «Օրենքը դեռ չընդունված պատվիրել են այլ խորհրդատվություն, որը պետք է բխեր այդ օրենքից»: Պարոն Գրիգորյանի խոսքերով, մեկ այլ ծրագրով էլ $43 000 է անիմաստ ծախսվել սոցիալական գովազդների ու հատուկ ռադիոհաղորդումների պատվիրման համար:
Կառավարությունում երեկ անդրադարձան մեկ այլ կարեւոր խնդրի: Այսուհետեւ լողավազան այցելելու համար պոլիկլինիկայից տեղեկանք ներկայացնելու պահանջ չի լինի: Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով. «Աշխարհում նման պրակտիկա չկա: Սովետական ավանդույթը դեռ մնացել է, որն ավարտվում է կաշառակերությամբ: Փողը տալիս ես, թե չէ, առանց ստուգելու տեղեկանք են տալիս: Առողջապահական բոլոր հիմնարկները, պոլիկլինիկաները չպետք է այսպիսի վճարովի ծառայություններ մատուցեն: Դրանց կարիքն էլ չկա»: Ընդհանուր առմամբ, կառավարությունը չեղյալ համարեց 23 տեղեկանքի ներկայացման անհրաժեշտությունը: