Տարիներ առաջ իրար զիջել են, հիմա լավությունը կռվի առիթ է դարձել
Հրաչյա Ներսիսյան 45 հասեցում բնակվող հարեւանների բակերն իրարից բաժանելու նպատակով կառուցված պատն իսկական կռվախնձոր է դարձել Սոնյա Հարությունյանի եւ Գայանե Ապելյանի միջեւ: Հարեւանները պայքարում են իրար հետ, որպեսզի իրենց տներից ելք ունենան դեպի փողոց, այլապես ստիպված կլինեն փակվել իրենց տների 4 պատերի մեջ, քանի որ ոչ մի կողմից հարմար ելք չունեն, իսկ ունեցած ելքն էլ անօրինական է: Օրերս Երեւանի քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչության աշխատակիցները, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի քանի ոստիկանների հետ այցելել են այս հասցե եւ վիճելի պատը հողին հավասարեցրել:
Բանն այն է, որ դեռ 1997-ին կառուցված կռվախնձոր դարձած պատն իրականում կառուցվել է անօրինական, քանի որ հարեւաններից մեկը՝ տիկին Գայանեն դրա համար չի ունեցել հատուկ թույլտվություն, ինչպես նաեւ չի հանդիսանում իր գնած ու օգտագործած 350 քմ ընդհանուր մակերեսով հողատարածքի սեփականատեր: Նա դեռ 4 տարի առաջ է դիմել Կադաստրի պետական կոմիտե, որպեսզի տարիներ առաջ իր գնած տունն ու հողատարածքը սեփականաշնորհի, սակայն գործընթացը ձգձգվել է, իսկ երբ արդեն գեոդեզիական չափումներ անելու անհրաժեշտություն է առաջացել, մասնագետը նրան խորհուրդ է տվել պատը քանդել եւ միայն տարածքի չափերը հաստատելուց եւ սեփականաշնորհելուց հետո հարեւանների բակերը տարանջատել նման պատով: Պատը քանդվել է, բայց տիկին Գայանեին չի հաջողվել ստանալ հարեւանների համաձայնությունը իր նշած սահմաններով տարածքը սեփականաշնորհելու համար, քանի որ այդ դեպքում հարեւան Հարությունյանները, իսկապես, կզրկվեին իրենց տուն մտնել-դուրս գալու միակ ճանապարհից: Տիկին Գայանեն դիմել է նաեւ իր անօրինական պատը սեփականաշնորհելու համար, սակայն դա էլ նրան չի հաջողվել: Գ. Ապելյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ երբ ինքը 1995-ին գնել է Հրաչյա Ներսիսյան 45 հասցեում գտնվող տունը՝ իր հողով, այդ ժամանակ հարեւանները դեպի փողոց մուտք ու ելք չեն ունեցել, գնացել-եկել են հարեւանությամբ գտնվող թիվ 147 դպրոցի բակով. «Ես գնել եմ այդ ամբողջ տարածքը, այն տարածքն էլ, որը հիմա որպես հարեւանիս մուտք ու ելքի տարածք է համարվում, սակայն դեպի փողոց ես էլ ելք չունեի, դրա համար էլ դիմեցի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան, որտեղից ասացին, որ դպրոցի տնօրենի հետ համաձայնության գանք, որ վերջինս մեզ փոքրիկ տարածք զիջի: Մենք դպրոցի տնօրենի հետ համաձայնության եկանք, նա ինձ փոքրիկ ճանապարհ տվեց դեպի փողոց: Այդ ժամանակ ես իմ հարեւաններին էլ խղճացի եւ իմ սեփական տարածքից փոքրիկ տեղ տվեցի, որպեսզի նրանք էլ դպրոցի հատկացրած տարածքով կարողանան դեպի փողոց մուտք ու ելք անել: Որպեսզի մեր մուտքերն իրարից առանձնանան, մենք որոշեցինք այդտեղ պատ կառուցել, սակայն տարիներ անց հենց այդ պատն էլ դարձավ մեր կռվի պատճառը: Մի օր էլ ինձ Քանաքեռ-Զեյթուն-Արաբկիր համայնքների դատարանից ծանուցում եկավ, որ Հարությունյանները ինձ հատկացրած տարածքն ուզում են վերցնել ու իմ հաշվին ավելի լայնացնել»: Սակայն հարեւան Սոնյա Հարությունյանն էլ պնդում է, որ իրենք հարեւանի դեմ ոչինչ չունեն, ուղղակի դիմել են դատարան, որպեսզի իրենց համար օրինական մուտք ու ելքի ճանապարհ ստանան. «Մեր հարեւանությամբ բոլորը կարեւոր կառույցներ են, որոնք իրենց սեփական տարածքներն ունեն, ոչ մի կողմից ելք չունենք, հիմա թիվ 147 դպրոցի տարածքով ենք գնում-գալիս, տնօրենը թույլ է տալիս, որովհետեւ մենք այդ նույն դպրոցում ենք աշխատում, բայց ինչքան կարող ենք դա չարաշահել, չէ՞ որ մենք էլ իրավունք ունենք մեր սեփական մուտքի ու ելքի ճանապարհն ունենալ: Այդ գործընթացը բոլորովին կապ չունի մեր հարեւանի հետ, ուղղակի, երբ դատարանում քննվում էր այդ գործը, մենք ստիպված էինք ներկայացնել խնդիրը»:
Նշենք, որ դատական գործընթացը դեռ չի ավարտվել, ու դատական վճիռ էլ չկա, բայց վիճելի պատը քանդել են, ինչն էլ ավելի է վրդովեցրել Գայանե Ապելյանին: