Ինչպես տեղեկանում ենք tert.am-ից՝ ՄԱԳԱՏԷ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնախումբը ավարտել է Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման անվտանգության վիճակի ուսումնասիրությունը, բայց ՀԱԷԿ-ի անվտանգությանն ընդհանուր գնահատական չի տրվել։ Երեկ OSART հանձնախմբի ղեկավար Գաբոր Վամոսը մայիսի 16-ից ատոմակայանում կատարված ուսումնասիրությունների ամփոփմանը նվիրված ասուլիսին ասաց, որ իրենց խնդիրը չէ տալ ատոմակայանի անվտանգության մակարդակի որակական կամ քանակական ընդհանուր գնահատականներ։ Ըստ նրա՝ կատարված ստուգումների ուղղություններից են եղել կառավարումը եւ կազմակերպական կառուցվածքը, շահագործումը, տեխնիկական սպասարկումը, շահագործման փորձը, սարքավորումների մակարդակը։
Վամոսի խոսքով՝ վերջնական հաշվետվությունը դեռեւս պատրաստ չէ, բայց նախնական տեխնիկական գրառումներով տրվել են 16 հանձնարարականներ, կատարվել 14 առաջարկություններ։ «ՄԱԳԱՏԷ-ի քաղաքականությունն այնպիսին է, որ ատոմակայանները չի դասակարգում ըստ ռիսկայնության, բայց հայկական ատոմակայանին ներկայացված առաջարկությունների թիվը աննախադեպ չէ»,- ասաց նա՝ հավելելով, թե ատոմակայանում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով եկել են եզրակացության, որ թեեւ բոլոր ատոմակայաններն էլ պարունակում են ռիսկեր, ՀԱԷԿ-ում ռիսկերը ընդունելի մակարդակի վրա են։