Գումի շուկայի հարակից մսի «պասաժները» աշխատեցնողներին հանձնարարություն է տրվել 5 օրվա ընթացքում կարգի բերել կետերը ու դրանցում սանիտարական պայմանները բարելավել: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական բաժնի ղեկավար Բաբկեն Պիպոյանը: «Եթե այդ վաճառակետերը բարեփոխվել ու նորմալ տեսք են ստացել, ապա հինգ օր անց, այսինքն՝ մինչեւ երկուշաբթի, կբացվեն ու կաշխատեն, իսկ եթե որեւէ մեկը ծառայության պահանջը չի կատարել, ապա դրան թույլ չի տրվի աշխատեցնել վաճառակետը: Նույն օրը նրանք կվերաբացվեն, եթե վաճառքի համար համապատասխան սերտիֆիկատ ունենան»,- հավելեց Պիպոյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգայցեր էր կազմակերպել մսի պասաժի վաճառակետեր ու սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ հայտնաբերել: Արդյունքում շուրջ երկու տասնյակ վաճառակետեր փակվել էին:
Պիպոյանի վստահեցմամբ, ոչ մի տաղավար առանց հստակ արձանագրության չի փակվել: Նա փոխանցեց, որ նախօրեին՝ հերթական ստուգման ժամանակ, տեսել են, թե ինչպես են վաճառակետերի տերերը մաքրում, տեսքի բերում, սառնարանները վերանորոգում եւ այլն:
Ծառայության աշխատակիցը նաեւ տեղեկացրեց, որ մսից նմուշառում է վերցվել, եւ դրա լաբորատոր արդյունքները հայտնի կլինեն շուտով: