Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեհատցիները միմյանց տան վրա են գրանցված

Հունիս 03,2011 00:00

Հայերը՝ եզդիների, եզդիներն էլ՝ հայերի

Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչներն իրար հանդիպելիս բարեւի փոխարեն առաջինը հարցնում են՝ «ե՞րբ ես տանս գրանցումից դուրս գալու»: Անհասկանալի պատճառներով գյուղի բնակիչների մեծ մասը ոչ թե իրենց, այլ հարեւանների տանն են գրանցված: Ե՞րբ, ինչպե՞ս.… այս հարցերը գյուղացիների համար իսկական գլուխկոտրուկ են դարձել: Դոնարա Հարությունյանը գուցե դեռ երկար չբացահայտեր, որ հարեւանի տղան ու հարսը իր տանն են հաշվառված, եթե «Փարոս» ստանալու համար փաստաթղթերի ամենամյա թարմացման անհրաժեշտությունը չլիներ:
«Այս տարվա մարտին գնացի «Փարոս»՝ փաստաթղթերը ներկայացնելու: Հենց այնտեղ էլ տեղեկացա, որ «Փարոսից» էլ չեմ կարող օգտվել, որովհետեւ իմ տան վրա, բացի ինձնից, տղայիցս ու ամուսնուցուս, եւս երկու հոգի կան գրանցված»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում էր Դ. Հարությունյանը: «Փարոսը» վերականգնելու ու հարեւաններին իր իսկ սեփական տնից դուրս հանելու համար Դոնարան մինչ օրս քաշքշուկների մեջ է: Բանն այն է, որ հարեւանի՝ Արարատ Հովհաննիսյանի հարսը, ով անկախ Դոնարայի կամքից՝ իրենց տան անդամ է դարձել, հանրապետությունում չէ: Նրա վերադարձի սպասումով Դ. Հարությունյանը, սակայն, ձեռքերը ծալած չի նստել:
«Ստիպված գնացի հարեւանիս տղային՝ Գուրգեն Հովհաննիսյանին, նստեցրի տաքսին ու իմ ծախսերով տարա անձնագրային բաժին ու ստիպեցի դուրս գալ: Որ չտանեի, նա դուրս եկողը չէր»,- պատմում է տիկին Հարությունյանը: Հանելուկային այս պատմության արդյունքում սոցիալապես անապահով Հարությունյանների ընտանիքը զրկվեց երկու ամսվա «Փարոսից»: «Հիմա ինչ անում եմ՝ չեմ կարողանում վերականգնել օրինական ինձ հասանելիք երկու ամսվա «Փարոսը»: Դիմում եմ գյուղապետարան, ուղարկում են անձնագրային բաժին, այստեղից էլ՝ նորից գյուղապետարան: Ո՞ւմ դիմեմ»,- այս հարցի պատասխանն է փորձում գտնել մեր զրուցակիցը: Թե այդ ինչպես Հովհաննիսյանները հայտնվեցին Հարությունյանների ընտանիքում՝ չգիտեն կողմերից եւ ոչ մեկը: «Ես մեր տանն եմ գրանցված եղել, թե այդ ինչպես եմ հայտնվել նաեւ մեր հարեւանի տանը, ինձ համար էլ է հանելուկ»,- վստահեցնում է 22-ամյա Գուրգեն Հովհաննիսյանը՝ ցույց տալով իր անձնագիրը: Ավելի ուշ խոստովանում է. «Հենց իմացա, վեր կացա ու իմ կամքով գնացի, դուրս եկա նրանց տան գրանցումից: Բայց սա մեր գյուղացիներին չի զարմացնում, որովհետեւ մեր գյուղում 90 տոկոսն այս կարգավիճակում է՝ մեկը մեկի տան վրա է գրանցված, ու ոչ ոք չի հասկանում՝ ինչպե՞ս»:
Համագյուղացիների բախտն այս հարցում կիսում է նաեւ Բենիկ Հովհաննիսյանի ընտանիքը: Նրանք էլ են վերջերս պարզել, որ հարեւան եզդիները իրենց տանն են հաշվառված եւ ավելի քան 20 տարի. «Մնացել ենք շվարած: Մենք՝ ուր, եզդիները՝ ուր: Էս ինչ հանելուկ է»: Թեեւ այս ընտանիքը դեռ չի կտրվել «Փարոսից», բայց վտանգը մոտալուտ է: «Արդեն նախազգուշացում ենք ստացել, բայց դե, ոնց ապացուցենք, որ թյուրիմացություն է: Մեր միակ եկամուտն էլ «Փարոսն» է, դրանից էլ որ զրկվեցինք, ուրեմն կորած ենք»,- ասում են բնակիչները: Եզդիներն այս օրերին սարերում են, այդ է պատճառը, որ չկարողացանք այս առնչությամբ լսել նաեւ նրանց պարզաբանումը: Գյուղապետ Գարեգին Սարգսյանն էլ հանելուկը մեկնաբանում է որպես թյուրիմացություն, որը շտկվում է:
Հիշեցնենք, որ հանրապետությունում այս տարի աշնանը մարդահամար է նախատեսված: Թե նման «թյուրիմացությունները» ինչ ազդեցություն ու հետեւանք կունենան մարդահամարի կազմակերպման գործընթացում՝ թողնում ենք պատկան մարմինների ուշադրությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել