«Նաիրիտի» պարապուրդն օբյեկտիվ պատճառներ ունի»,- վստահեցնում է Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Թե ինչով է պայմանավորված քիմիական արդյունաբերության հսկայի մոտ մեկ տարվա լռությունը, նախարարը երեկ կառավարության նիստում փորձեց բացատրել: Ըստ նրա, 2006-2007 թվականներին «Նաիրիտը» սեփականաշնորհելուց հետո, ամենաբարձր թողունակությունն արձանագրվել է 2007-2008-ին, երբ գազի ներկրման գինը $54 էր: Նախարարի խոսքով, գործարանի վիճակը վատթարացավ, երբ գազի գները տարեցտարի սկսեցին աճել, ինչն էլ իր հերթին նպաստեց կաուչուկի ինքնարժեքի բարձրացմանը. «Բացի գազի գներից, մեր արտադրանքի ինքնարժեքի բարձրացմանը նպաստեց նաեւ բութադիենը, որը ստացվում է նավթից: Հակառակի պես միջազգային շուկաներում էլ վերջին տարիներին նավթամթերքի գները էապես աճեցին»: Պարոն Մովսիսյանը հիշեցրեց, որ գործարանի բաժնետոմսերի 90%-ը ներկայացնում է Rhinoville Property Limited ընկերությունը, 10%-ը՝ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունը: Արդյունաբերական հսկայի ակտիվ գործունեությունը վերականգնելու համար, նախարարի համոզմամբ, անհրաժեշտ է մոտ 400-500 միլիոն դոլարի ներդրում. «Անհրաժեշտ են այնպիսի օպերատորներ, որոնք այսօրվա շուկայում կարող են գործ ունենալ անհրաժեշտ ներդրումների, մեծ ֆինանսական միջոցների հետ»: Նախարարը հերքեց այն լուրերը, թե գործարանի բաժնետերերն ընդգրկված են Հայաստանի տնտեսության՝ մասնավոր ու պետական հատվածում. «Իրականությանը չեն համապատասխանում նաեւ այն լուրերը, թե «Նաիրիտի» սարքավորումները մոնտաժվում կամ վաճառվում են: Գործարանում գոյություն ունեն 4 սերնդի սարքավորումներ ու շինություններ, մի քանի անպիտան, արդեն հնացած սարքավորումներ պարզապես հեռացվում են»: Պարոն Մովսիսյանի խոսքով, գրեթե մարել են աշխատակիցների աշխատավարձերը, մնացել է ընդամենը 4 ամսվա աշխատավարձի վճարումներն ավարտեն: Չնայած գործարանի համար ստեղծված ծանր պայմաններին, նախարարը լավատես է եւ համոզված. «Կարող ենք «Նաիրիտը» այս իրավիճակից հանել»:
Երեկվա նիստում քննարկվեց նաեւ նոտարների գործունեությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նոտարները, որպես կանոն, ծառայություն մատուցելու համար քաղաքացիներից առավելագույն արժեքն են պահանջում: Վարչապետն ինքը եւս չի կարողանում հասկանալ, թե ի՞նչ կարիք կա նոտարական ծառայության սանդղակ սահմանել, եթե նոտարները, միեւնույն է, շարունակում են առավելագույն գինը պահանջել: Հենց այս պատճառով երեկ կառավարությունը վերանայեց նոտարական ծառայությունների արժեքը՝ պահպանելով սանդղակի սկզբունքը: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ պարզաբանեց, որ նախկինում գործող սակագների մարժաները էականորեն մեծ էին. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբեմն բավականին պարզ ստանդարտ պայմանագրերը գնահատվում էին որպես բարդ գործարքներ եւ գանձվում 20.000 դրամ»: Նախարարի համոզմամբ, սանդղակը թույլ է տալիս նոտարների միջեւ մրցակցության միջավայր ստեղծել: Նոտարական ծառայության գինը կախված է լինելու, թե որ տարածքում է գտնվում նոտարի գրասենյակը կամ քանի աշխատող կա գրասենյակում: Պարոն Թովմասյանը նորից հիշեցրեց, որ նոտարական ծառայության գինը պետք է փակցվի քաղաքացու համար տեսանելի վայրում: