Լրահոս
Օրվա լրահոսը

Գրեթե կատարյա՞լ օրենք

Հունիս 03,2011 00:00

ԵԱՀԿ փորձագետն այսպես է բնորոշել ՀՀ Մարդու  իրավունքների պաշտպանի գլխավորությամբ գործող  աշխատանքային խմբի մշակած «Հեռուստատեսության եւ
ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունները:

Սակայն հենց աշխատանքային խմբի անդամներից շատերը բացասական կարծիք են հայտնել այդ նախագծի վերաբերյալ: Արդեն հաղորդել ենք, որ մայիսի 30-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ԱԺ-ին է ուղարկել իր գլխավորությամբ գործող աշխատանքային խմբի հաստատած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Այն երեկ հրապարակվել է նաեւ ՄԻՊ կայքէջում: Վստահ ենք, որ դեռ շատ առիթներ կլինեն անդրադառնալու այս նախագծին: Որպես սկիզբ՝ ներկայացնենք մի քանիսն այն փոփոխություններից, որոնք նախաձեռնել է 2010 թվականի հոկտեմբերից գործող այս աշխատանքային խումբը:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ներկա օրենքի համաձայն՝ «հայրենական արտադրության հաղորդումների հեռարձակումը մեկ հեռուստաալիքով (ռադիոալիքով) չի կարող ամսական ընդհանուր եթերաժամի 55%-ից պակաս լինել»: Այս փոփոխություններով թերեւս պակասեցվում է այդ ծավալը, քանի որ սահմանվում է. «Հեռուստառադիոընկերություններն իրենց եթերային ժամանակի 51%-ը, բացառությամբ նորություններին, սպորտային իրադարձություններին, խաղերին, գովազդին եւ տելետեքստային ծառայություններին տրամադրվող ժամանակի, տրամադրում են հայրենական եւ եվրոպական արտադրության հաղորդումներին»:
Գործող օրենքի դրույթին, թե՝ «Իրավաբանական անձինք կարող են ունենալ եթերային հեռարձակում իրականացնող ոչ ավելի, քան մեկ հեռուստաընկերության եւ մեկ ռադիոընկերության լիցենզիա»՝ հավելվել է սահմանափակում նաեւ իրավաբանական անձանց հետ փոխկապակցված անձանց համար:
Մեկ տարի առաջ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրությամբ ավելացվեց հանրային հեռուստառադիոընկերությունում առեւտրային գովազդի առավելագույն ծավալը՝ 7%: Այս փոփոխություններով դրանք էլի նվազեցվում են՝ 5%:
Ամեն մրցույթից հետո «Ա1+»-ը փորձում էր ՀՌԱՀ-ից ստանալ նրանց նիստերի արձանագրությունները: Այս փոփոխություններով նախատեսվում է, որ «արձանագրությունները ենթակա են հրապարակման Ազգային հանձնաժողովի համացանցային կայքէջում»:
Օրենքի՝ արտոնագրմանը վերաբերող դրույթները ենթարկվել են արմատական փոփոխությունների: Եվ մասնավորապես՝ արտոնագրված անձի ընտրության համար այն չափորոշիչներից, որոնք պետք է հաշվի առնի ՀՌԱՀ-ը՝ դուրս են բերվել «հեռուստաընկերության բիզնես ծրագրի հիմնավորվածությունը» եւ «բազմակարծությունը խթանելու կարողությունը»: Նաեւ սահմանվել է, թե ինչպես պիտի գնահատվի աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը՝ «Հաշվի առնելով ղեկավար կազմի արհեստավարժությունը, աշխատանքային փորձը եւ անձնակազմի կազմավորման կարգի հստակությունը»:
Եվ առաջարկվել է մի շատ կարեւոր փոփոխություն. «Մրցութային առաջարկները Ազգային հանձնաժողովում բացվելու եւ դիմողների կողմից ներկայացվելու օրվան հաջորդող երկուշաբթի օրը ՀՌԱՀ-ն իր կայքում հրապարակում է բոլոր մրցութային առաջարկությունները, ապա 10-օրյա ժամկետում նշանակում է հասարակական լսումներ»: Դրանց ընթացքում մրցութային հայտերի վերաբերյալ դիտողությունները եւ առաջարկները ՀՌԱՀ-ը պարտավոր է հաշվառել եւ ընդգրկել վերջնական որոշման մեկնաբանության մեջ:
13 էջանոց նախագծին կից ՄԻՊ-ն ԱԺ է ներկայացրել նաեւ աշխատանքային խմբի անդամների հատուկ կարծիքները, որոնք կազմում են 41 էջ: Ե՛վ ՀՌԱՀ աշխատակազմի իրավաբանական եւ լիցենզավորման բաժնի ղեկավարը, ե՛ւ Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց ՓԲԸ գլխավոր տնօրենը նշել են, թե այս նախագիծը չի կարող հիմք հանդիսանալ օրենքի լրամշակման համար: Բացասական է նաեւ Երեւանի մամուլի ակումբի ներկայացուցչի կարծիքը. «Նախագծով առաջարկվում են զուտ կոսմետիկ բնույթի փոփոխություններ, որոնք զուրկ են համակարգային մոտեցումից, եւ այսպիսի ձեւով նախագծի ընդունումը կարող է լուրջ շփոթությունների եւ տարընթերցումների տեղիք տալ»:
Մինչդեռ ԵԱՀԿ փորձագետ Անդրեյ Ռիխտերն այս նախագծի վերաբերյալ խիստ դրվատանքով էր արտահայտվել մամուլում. «2010թ. ընդունված օրինագիծը չափազանց վատն էր, իսկ այսօր ՄԻՊ-ին կից ստեղծված աշխատանքային խմբի առաջարկությունները գրեթե կատարյալ են եւ համապատասխանում են ժողովրդավարական պետության բոլոր սկզբունքներին: Սակայն եթե այս նախագիծը փոփոխություններ կրի, ապա նորից խնդիրներ կառաջանան, եւ եթե իշխանության ներկայացուցիչները, որոնք այսօր դեմ են ներկայացված առաջարկություններին, հասնեն իրենց ուզածին, ապա լավ չի լինի, իսկ եթե օրենքի նախագիծն ընդունվի ներկայիս տեսքով, ապա ամեն ինչ լավ կլինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել