Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԵՄ-Ի ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍ

Հունիս 03,2011 00:00

\"\"Կարծում է Վիշեգրադյան ֆոնդի գործադիր  տնօրեն Պետեր Վագները

– Վերջին տարիներին մենք ականատեսը եղանք Եվրոպական միության ներսում հասունացող մի շարք խնդիրների: Մասնավորաբար, Ֆրանսիայում ընդհուպ մինչեւ բախումներ եղան մահմեդականների հետ, հիմնականում աֆրիկյան երկրներից մեծ ներգաղթ կա դեպի եվրոպական երկրներ, ինչը կրոնական խնդիրներից բացի՝ նաեւ տնտեսական, լեզվական եւ այլ խնդիրներ է առաջ բերում: Այս ամենին զուգահեռ՝ «վերակենդանացվեց» «Եվրոպական հարեւանության» ծրագիրը՝ «Արեւելյան գործընկերություն» անվամբ: Եթե ԵՄ-ն ինքն իր մեջ արդեն լուրջ խնդիրներ ունի՝ ի՞նչ հեռանկար կարող է ունենալ «Արեւելյան գործընկերության» ծրագիրը, որ հիմա ակտիվորեն կյանքի է կոչվում, եւ ուր ներգրավված է նաեւ Հայաստանը:
– Այլ հարց է ԵՄ-ի ներքին խնդիրները եւ դրանց լուծմանն ուղղված քայլերը, միանգամայն այլ հարց է մեզ մոտ եւ հեռու հարեւանների հետ համագործակցության ընդլայնումը եւ սերտացումը: Մենք կլուծենք մեր ներքին խնդիրները, բայց միաժամանակ չպետք է մոռանանք, որ մեր հետաքրքրությունների շրջանակում է կայունության գոտու ընդլայնումը: Որովհետեւ ԵՄ-ն կղզի չէ, մենք մեր սահմաններին ունենք շատ կոնկրետ հարեւաններ, որոնք լուծում են սեփական խնդիրները: Մենք կարծում ենք, որ ինչ-որ առումներով մենք կարող ենք օգնել նրանց այդ հարցում: Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր թե անմիջական, թե հեռավոր սահմաններում զարգանան ժողովրդավարական եւ ազատ մրցակցային տնտեսություն ունեցող երկրներ: Այդ իսկ պատճառով պետք չէ ԵՄ-ի ներքին խնդիրների լուծումը պայմանավորել ընդլայնման ծրագրերով:
– Վերջին շրջանում Հարավային Կովկասում նկատվում է Եվրամիության ակտիվությունը: Սա անդամակցության առումով ինչ-որ հեռանկարներ բացո՞ւմ է:
– Եթե Հարավային Կովկասը ցանկանա ապրել այն արժեհամակարգով, որը Եվրամիության հիմքն է՝ ժողովրդավարություն, ազատ շուկայական հարաբերություններ, ապա ես վստահ եմ, որ Հարավային Կովկասը կարող է դառնալ ԵՄ-ի հիմնական մաս: Ինչ մնում է հարավկովկասյան պետությունների՝ ԵՄ-ին անդամակցությանը, դա բարդ հարց է: Բայց այս համատեքստում, ըստ իս, առավել կարեւոր է նպատակի ձգտումը, քան ինքը՝ նպատակը, քանի որ երբ որեւէ երկիր արդեն դառնում է ԵՄ անդամ, նշանակում է, որ այդ երկիրն արդեն իսկ եվրոպական արժեքներով ապրող, իր կյանքի համար եվրոպական չափանիշներ ընտրած երկիր է: Այդ առումով լավագույն օրինակ են «Վիշեգրադյան» խմբի երկրները: Այսինքն՝ տվյալ երկիրն արդեն տրանսֆորմացիա է ապրել: Այս առումով եմ ես կարեւորում նպատակին հասնելու ճանապարհը:
– Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցությունը շատ վայրիվերումներով է ընթանում: Այս հարցում եվրոպացիների կարծիքները շատ հակադիր եւ ծայրահեղ են: Ըստ Ձեզ՝ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կօգնի Թուրքիայի՞ զարգացմանը, թե՞ ԵՄ-ի դավանած արժեքների խեղաթյուրմանը:
– Ճիշտ եք, Եվրամիությունում այս հարցում երկու հակադիր կարծիքներ կան: Ես պատկանում եմ այն մարդկանց շարքին, ովքեր որեւէ խնդիր չեն տեսնում, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ: Դա իմ անձնական դիրքորոշումն է:
– Իսկ ԵՄ-ի ինչի՞ն է պետք Թուրքիան:
– Իսկ ինչո՞ւ՝ ոչ: Եվրամիության տարածքների ընդլայնումն այն հիմքով, որ մենք ընդլայնում ենք մեր արժեհամակարգը, միայն ու միայն դրական կլինի եւ միայն դրական ազդեցություն կթողնի աշխարհի հետագա զարգացման վրա:
– Չեխ ժողովուրդը, ինչպես որ հայ ժողովուրդը, բավականին դժվար պատմություն ունի: Պատմության ընթացքում չեխ ժողովուրդն էլ է շատ զրկանքներ կրել, օկուպացիայի ենթարկվել: Պատմության մի հատվածում գոյություն է ունեցել ծովից ծով Չեխիա: Մենք՝ հայերս, մեր ժամանակակից քաղաքականությունը միշտ կառուցել ենք՝ ելնելով մեր պատմության ամենաքիչը 1000 տարվա կտրվածքից, ինչն էլ մշտապես խանգարել է մեզ: Հետաքրքիր է՝ Չեխիայի ներկայիս քաղաքականության վրա ի՞նչ ազդեցություն է ունենում պատմությունը:
– Իմ կարծիքով, այդ առումով Չեխիան, այսպես ասած, մեջտեղում է: Կան երկրներ, որտեղ պատմությունը մեծ դեր է խաղում, կան երկրներ, որ ավելի պակաս: Չեխիայի 20-րդ դարի պատմության ընթացքում կան որոշ քաղաքական պահեր, որ մինչ օրս էլ կարող են էական քաղաքական նշանակություն ունենալ: Դրանք երկու խնդիրներ են՝ կապված միեւնույն մարդու հետ. դա նախագահ Բենեշի պատմական գնահատականն է եւ նրա իշխանության օրոք՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո տեղի ունեցած իրադարձությունները: Բայց շնորհիվ այս թեմայի շուրջ արդեն տարիներ շարունակ ընթացող բանավեճերին, այն արդեն կորցնում է իր սրությունը: Այնպես որ՝ մենք աշխատում ենք ավելի թեթեւ նայել պատմությանը:
Հ. Գ. Չեխիայի պետական հաստատություններում կան հին ու այսօրվա Չեխիայից շատ ավելի մեծ տարածքով պետության՝ Չեխիայի նկարները: Բայց պատկան կառույցները դրանցով չեն առաջնորդվում, դա այսօրվա քաղաքականության վրա ազդեցություն չունի: Իսկ պարոն Վագները Հայաստանում էր «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» եւ ՀՀ-ում ու Վրաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան համատեղ կազմակերպած սեմինարի առիթով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել