Երեկ ասուլիսում պատասխանելով հարցին՝ «Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախագահ էր, Հայաստանում կայի՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ»՝ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն ասել է. «Եթե նկատի ունեք Դաշնակցությանը, դրանք եղել են հանցագործներ»: Նաեւ հավելել է. «Վահան Հովհաննիսյանին կալանավորել էր Սերժ Սարգսյանը։ Թող իրար հետ պարզեն։ Իմ կալանավորածները մինչեւ հիմա բանտում են, Սերժ Սարգսյանի կալանավորածները՝ խորհրդարանում»:
ՀՅԴ խմբակցությունը այս կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ. «Դավիթ Շահնազարյանը ոչ միայն իրենց իշխանության օրոք ձերբակալված դաշնակցականներին քաղբանտարկյալ չի համարում, այլ նաեւ պնդում է, թե իր կողմից ձերբակալվածները մինչեւ հիմա նստած են, քանի որ հանցագործ են: Սա ՀՀՇ-ական դասական սուտ է, քանի որ հենց Դավիթ Շահնազարյանի կողմից ձերբակալվածներից մի քանի հոգի ազատ են արձակվել՝ նրանց նկատմամբ հորինված մեղադրանքներն անապացույց մնալու պատճառով, իսկ ձերբակալվածներից մեկը՝ Արտավազդ Մանուկյանը, բանտից դուրս չի եկել պարզ պատճառով՝ Դավիթ Շահնազարյանի ենթակաները սպանել են նրան բանտախցում: ՀԱԿ-ի այսօրվա ղեկավարների «մարդասիրական» պատկերը սա է»: