Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը երբեք անպարկեշտ գործարքի չի գնա

Հունիս 03,2011 00:00

Ասում է արդեն նախկին քաղբանտարկյալ  Նիկոլ Փաշինյանը

Ընդամենը վերջերս համաներմամբ ազատ արձակված ու այլեւս նախկին քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը երեկ առաջին անգամ հանդիպել է լրագրողների հետ եւ անդրադարձել ներքաղաքական վերջին զարգացումներին: Հայաստանյան էլեկտրոնային կայքերը երեկ լայնորեն են անդրադարձել այդ ասուլիսին:
Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին՝ արդյոք հավատո՞ւմ է, որ նախագահ Սերժ Սարգսյանը Հայ ազգային կոնգրեսի հետ կերկխոսի արտահերթ ընտրությունների շուրջ, Փաշինյանը կարծիք է հայտնել, թե ներքաղաքական զարգացումների տրամաբանությունը մեծապես կախված է Կոնգրեսի առաջարկների շուրջ իշխանության արձագանքից:
Նա, «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, նաեւ հայտարարել է, որ Կոնգրեսն ունի իր պատասխան քայլերը հիշյալ հարցի շուրջ Սերժ Սարգսյանի կողմից երկխոսության ե՛ւ գնալու, ե՛ւ չգնալու դեպքում: Հակադարձելով այն պնդումներին, թե Տեր-Պետրոսյանը վերջին շրջանում այլեւս չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ փորձում է նրա հետ երկխոսության գնալ, Փաշինյանն ասել է, որ նախագահի հրաժարականի համար կան մի քանի մեխանիզմներ, եւ Կոնգրեսի առաջարկած երկխոսությունն այդ մեխանիզմներից մեկն է: Ըստ նրա, Կոնգրեսը բանակցությունների օրակարգ է առաջարկել՝ արտահերթ նախագահական ընտրություններ: Դրանք, Փաշինյանի դիտարկմամբ, հնարավոր են քաղաքական պրոցեսում երկու պարագայում. երբ որ իմպիչմենտ եւ հրաժարական տեղի ունենա. «Երբ մենք ասում ենք, որ երկխոսությունը տեղի է ունենալու արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների կարգախոսով, դա արդեն ենթադրում է, որ Ս. Սարգսյանի հեռանալու պահանջը ուժի մեջ է, որովհետեւ եթե Ս. Սարգսյանը չհեռանա՝ արտահերթ նախագահական ընտրությունները ինչպե՞ս են տեղի ունենալու»: Ի պատասխան հարցին, թե՝ մինչեւ ե՞րբ է ընդդիմությունը պատրաստ երկխոսել իշխանության հետ, եւ արդյոք դա չի՞ տեւի մինչեւ հերթական խորհրդարանական ընտրություններ, «ՀԺ»-ի խմբագիրը նկատել է, որ եթե իշխանության հետ երկխոսությունը արդյունք չտա, ապա այն կհանգեցնի ջրբաժանի, որի մասին ՀԱԿ-ը արդեն խոսել է: Արձագանքելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ երկխոսության արդյունքում ՀԱԿ-ը համաձայնի անցկացնել ոչ թե նախագահական, այլ արտահերթ ԱԺ ընտրություններ, Փաշինյանն ասել է, թե ՀԱԿ-ը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները դիտարկում է ամբողջության մեջ:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-իշխանություն «գործարքի» մասին խոսակցություններին՝ ապա, Փաշինյանի համոզմամբ, ՀԱԿ-ը երբեք չի գնա «անպարկեշտ գործարքների». «Դա բացառված է, եթե նման բան տեղի ունենա, դա նույնն է, թե մարդ խաչ քաշի իր ապրած ամբողջ կյանքի վրա»:
Նա խոսել է նաեւ մարտիմեկյան դեպքերի մասին ու հարցին, թե՝ 10 զոհերի սպանության հարցում ընդդիմությունը չունի՞ իր մեղքի բաժինը, այսպես է հակադարձել. «Ընդդիմությունն իր մեղքի բաժինը ունի այն բանում, որ թույլ է տվել, որ Հայաստանում ձեւավորվի այնպիսի իշխանություն, որը կարող է իր մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարել սեփական քաղաքացիներին: Եվ ես պաշտոնապես ասում եմ, որ ՀՀ ընդդիմությունը նման բան այլեւս թույլ չի տա»:
Փաշինյանն արձագանքել է նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի թեմային՝ ասելով, թե նա նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող հեռանալ քաղաքականությունից, որ դա այնքան էլ հեշտ բան չէ, քանի որ հանրությունը նրան նման բան թույլ չի տա. «Մեծ երջանկություն է, երբ մեկը կարող է վեր կենալ եւ հեռանալ քաղաքականությունից։ Բայց Քոչարյանը չի կարող օգտվել այդ երջանկությունից, որովհետեւ հեռանալու թույլտվություն ստանալուց կամ չստանալուց առաջ նա հանրության շատ հարցերին պետք է պատասխանի»:
Նախկին քաղբանտարկյալն ասել է նաեւ, թե Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանն իրարից ոչնչով չեն տարբերվում. «Տարբերությունը 2006-ի եւ 2011-ի ՀՀ քաղաքացու միջեւ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել