Իսկ արտահերթ ընտրություններ կլինեն միայն մի դեպքում. եթե դա էլ ձեռնտու լինի իշխանություններին
Հայ ազգային կոնգրեսն իր մայիսի 31-ի հանրահավաքում հայտարարեց, թե այլեւս պատրաստ է երկխոսել իշխանությունների հետ: Իշխանությունն իրեն նետված «մարտահրավերն» ընդունեց ու համաձայնեց երկխոսել արմատական ընդդիմության հետ, որն իրեն մի տեւական ժամանակաշրջան «թաթար-մոնղոլ» եւ «ավազակապետության» ներկայացուցիչներ էր համարել: Հիմա փորձենք հասկանալ, թե ի՞նչ են շահելու այդ երկխոսության արդյունքում դրա կողմերը՝ ՀԱԿ-ը, իշխանությունները ու մյուս կողմից՝ հասարակությունը: Այս հարցի շուրջ «Առավոտը» զրուցեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, religions.
am կայքի խմբագիր, քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:
– ՀԱԿ-ն ու իշխանությունները եռամյա հակադրությունից հետո համաձայնել են երկխոսել: Ձեր դիտարկմամբ, ի՞նչ են շահելու այս երկխոսությունից ընդդիմությունը, իշխանությունն ու հասարակությունը:
– Երկխոսությունը ձեռնտու է ինչպես իշխանությանը, այնպես էլ պաշտոնական ընդդիմությանը եւ որեւէ առնչություն չունի հասարակական շահի հետ, հասարակությունն ընդհանրապես խաղից դուրս է: Դա ձեռնտու է իշխանությանը, որի հիմնական խնդիրը իշխանությունը պահպանելն է մոտակա համապետական ընտրությունների ժամանակ, իսկ դրա համար նրանք պետք է մի քանի պայմաններ ապահովեն. առաջին՝ քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, քանի որ քաղբանտարկյալների առկայությունն իսկ արդեն հարցականի տակ է դնում ընտրությունների լեգիտիմությունը, երկրորդ՝ նույն պատճառով թույլատրվեն հավաքները Ազատության հրապարակում, երրորդ՝ «Մարտի 1»-ի զոհերի մեղավորները պատժվեն: Այս երեքը միջազգային կառույցների կոշտ պահանջն է: Եվ ամենակարեւորը՝ այդ քայլերը չպետք է ընկալվեն որպես իշխանությունների թուլության նշան: Կոնգրեսը, ըստ էության, ապահովեց այդ խնդիրը՝ իշխանությունների համար անհրաժեշտ քայլերը ներկայացվեցին ոչ թե որպես թուլության նշան, այլ որպես երկխոսության պատրաստակամություն: Դա շատ կարեւոր ծառայություն էր իշխանության համար:
Իսկ ինչո՞ւ է երկխոսությունը ձեռնտու ընդդիմությանը: Եթե մենք դիտարկենք անկախությունից ի վեր անցկացված ընտրությունները, ապա պիտի արձանագրենք, որ ընդդիմությունը միշտ պարտվել է, իսկ հաջորդ փուլում հաճախ համագործակցել իշխանությունների հետ: Կոնգրեսն այս առումով որեւէ նոր խոսք չի ասում: Հիշենք՝ Վազգեն Մանուկյանը 96-ին պարտվեց, որից հետո Մանուկյանի կազմավորած դաշինքի կուսակցությունների ճնշող մեծամասնությունը գնաց Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության: Նույնը տեղի ունեցավ 99-ին, երբ Վազգեն Սարգսյանը դաշինք կազմեց Կարեն Դեմիրճյանի հետ: Այժմ մենք տեսնում ենք Սերժ Սարգսյան-Կոնգրես երկխոսությունը: Իմիջիայլոց, Կոնգրեսն առաջարկել է երկխոսել պաշտոնական բանագնացների մակարդակով, իսկ դա նշանակում է, որ ակնկալվում է որեւէ փաստաթղթի ստորագրում, իսկ փաստաթղթից արդեն դաշինքի կամ կոալիցիայի հոտ է բուրում: Փաստորեն Տեր-Պետրոսյանն իր համար ավելի բարձր կարգավիճակ է պահանջում, քան այն, ինչ ուներ Վազգեն Մանուկյանը Քոչարյանի օրոք:
– Դրա պատճառն այն է, որ ընդդիմությունը հոգնո՞ւմ է ընդդիմություն լինելուց, թե՞ նրա դիմաց պատ է, որը քանդելն առանց արյան ու բախումների հնարավոր չէ:
– Պատճառն առաջին հերթին այն է, որ մեր հասարակությունը դեռեւս ձեւավորված չէ, մեր երկրում քաղաքական պայքար, որտեղ որոշիչ են ընտրության արդյունքները, չկա: Մյուս կողմից՝ Հայաստանում իշխանության համար իրական պայքարը միշտ ընթացել է իշխանության ներսում, իսկ ընդդիմությունն ընդամենն օգտագործվել է ներպալատական պայքարում:
Իշխանության գալու երկու ձեւ կա. ամբիցիոզ տարբերակ, երբ ընդդիմության առաջնորդը դառնում է երկրի նախագահ ու ամբողջ իշխանությունն իրենն է. նման դեպք Հայաստանում եղել է մի անգամ՝ 90-ականների սկզբին: Երկրորդը՝ իշխանությունների հետ համագործակցություն, երբ ընդդիմությունը պարտություն կրելուց հետո արդեն հաջորդ ընտրությունների ժամանակ որոշակի ծառայություններ է մատուցում իշխանությանը՝ ներիշխանական հակասությունների ենթատեքստում, եւ դրա դիմաց ստանում ընդհանուր ավարից մի կտոր՝ պատգամավորական լծակների եւ բիզնեսի տեսքով: Այսօր մենք այս երկրորդ փուլում ենք գտնվում: Տեր-Պետրոսյանը պիտի կատարի իր գլխավոր գործառույթը՝ նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանին ազատել հնարավոր այլ թեկնածուներից եւ օգնել նրան դառնալու լեգիտիմ նախագահ:
– Բա Տեր-Պետրոսյանի հավակնություննե՞րը:
– Իր հավակնությունները Տեր-Պետրոսյանը կփորձի այլ ձեւով բավարարել: Համենայնդեպս, Տեր-Պետրոսյանն իր ելույթներում նշում է, որ իսկական քաղաքական գործիչը պետք է ունենա սառը դատողություն եւ իր քայլերը կատարի իրականությունից ելնելով: Նա սառը դատողությամբ հաշվարկել է, որ այն, ինչ նա կարող է ունենալ իշխանության հետ երկխոսության արդյունքում, այն մաքսիմումն է, ինչը նա կարող է ունենալ երբեւէ: Տեր-Պետրոսյանը երբեք ՀՀ նախագահ չի լինելու: Նրա ժամանակն անցել է, եւ 2008-ին էլ նրա ժամանակը չէր, բայց քանի որ դաշտն ամայացած էր, նա կարողացավ վերադառնալ մեծ քաղաքականություն: Հաջորդ անգամ դա չի լինելու, առավել եւս, որ ո՛չ 2008-ին, ո՛չ էլ այսօր միջազգային հանրությունը Տեր-Պետրոսյանին չի աջակցել:
– Երբ Կոնգրեսը խոսում է արտահերթ ընտրությունների մասին, նա կարծում է, որ ունի հասարակության մի մեծ հատվածի աջակցությունն ու նրա ճնշման տակ կարող է իշխանություններին արտահերթ ընտրություններ պարտադրել: Այդ կապիտալն ունենալով՝ ՀԱԿ-ը չի՞ կարող այդ պահանջը եւս ռեալիզացնել:
– Կարծում եմ՝ այսօր ՀԱԿ-ն այդ կապիտալը չունի: Նա չի կարող ժողովուրդ մոբիլիզացնել եւ տանել որոշակի գործողությունների, սպառնալ անկարգություններով: Կոնգրեսում հիմա չկան մարդիկ, ովքեր պատրաստ են նորից լինել առաջին գծում, նորից մի քանի տարով բանտարկվել: Այդպիսի մարդկանց թիվը, լավագույն դեպքում, մատների վրա կարելի է հաշվել:
– Իսկ ի՞նչ է շահում հասարակությունը ՀԱԿ-իշխանություն երկխոսությունից:
– Նախ՝ ո՞րն է հասարակության շահը: Ըստ իս, դա այն է, երբ երկրում կատարվում են համակարգային փոփոխություններ, փոխվում են Սահմանադրությունը եւ իշխանության ձեւավորման մեխանիզմները, տնտեսական դաշտը բոլորի համար հավասար հնարավորություններ է ընձեռում: Այս պահին ո՛չ իշխանությունների, ո՛չ Կոնգրեսի կողմից որեւէ առաջարկ չի եղել, որը սպասարկի հասարակության շահը: «Ավազակապետություն կազմաքանդելն» ուղղակի կարգախոս էր, որի տակ բազմաթիվ ազնիվ մարդկանց հետ միասին հավաքվել էին նաեւ հայտնի եւ լայն հանրությանը դեռեւս անհայտ բազմաթիվ ավազակներ: Հասարակության շահը, ըստ իս, ձեւակերպված չէ, եւ դա հասարակության մեղքը չէ:
– Կարծում եք՝ այսօր առանց մեծ ցնցումների, հասարակության քաղաքակիրթ ճնշմամբ հնարավո՞ր է արտահերթ ընտրությունների անցկացում պարտադրել իշխանություններին:
– Տեր-Պետրոսյանն իր ելույթներում բազմիցս է ասել, որ ընդդիմությունն այսօր չունի այն ռեսուրսն ու ուժը, որ ստիպի իշխանություններին կատարել իր պահանջները, ուստի Կոնգրեսը չի կարող նաեւ իշխանություններին արտահերթ ընտրություններ եւ իշխանափոխություն պարտադրել: ՀՀ-ում արտահերթ ընտրություններ կլինեն այն դեպքում, երբ դա ձեռնտու լինի իշխանություններին, ինչպես դա եղավ ՀԱԿ-ի երեք պահանջների բավարարման դեպքում: Եթե իշխանությունը որոշի արտահերթ ընտրություններ կազմակերպել, ապա նա դրա համար պետք է ունենա իր պատճառները՝ արտաքին քաղաքական իրավիճակից բխող: Դա կարող է լինել, օրինակ՝ ԼՂ հիմնախնդրի լուծման համատեքստում կամ այլ պատճառներով, ասենք՝ Սարգսյանին ավելի դյուրին կլինի նախագահ դառնալ արտահերթ ընտրությունների ժամանակ: