Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԵՐԿԻՐԸ ՏԱՆԵԼ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»

Հունիս 03,2011 00:00

\"\"ՕԵԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը վստահ է, որ միայն պետք է ողջունել ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը:
– ԵԱՀԿ ԽՎ-ում Դուք ներկայացրել եք բանաձեւի նախագիծ՝ գյուղատնտեսական նշանակության անմշակ հողատարածքների օգտագործման վերաբերյալ, որը, ի թիվս այլ խնդիրների, կնպաստի աղքատության, սովյալների եւ անկառավարելի միգրացիոն հոսքերի կրճատմանը, կարծեմ՝ այդպես է։ Խնդրում եմ, ասացեք՝ արդյոք մենք այն երկի՞րն ենք, գյուղատնտեսության վիճակը նկատի ունեմ, որ նման բանաձեւեր ներկայացնենք եւ հենց այդ ուղղությամբ:
– Բանաձեւերի նախագծեր ներկայացնելու իրավունք ունի ԵԱՀԿ ԽՎ անդամ յուրաքանչյուր երկրի պատվիրակության յուրաքանչյուր անդամ՝ անկախ նրանից, թե այդ երկրի այս կամ այն ոլորտը ինչ վիճակում է գտնվում:
Գիտեք, անցած տարին մեր երկրի համար գյուղատնտեսության առումով անբարենպաստ էր՝ ունեցանք զգալի տնտեսական անկում, որի պատճառներից մեկը նաեւ այն էր, որ անմշակ մնաց մոտ 150-160 հազար հա հող: Որքան տեղյակ եմ, այս խնդիրը գոյություն ունի ինչպես ԱՊՀ, այնպես էլ զարգացող այլ երկրներում, եւ քանի որ այժմ շատ սուր է դրված պարենային ապահովության խնդիրը ամբողջ աշխարհում, կա սննդամթերքի իրական դեֆիցիտ, որի պատճառով էլ շարունակում են աճել գները, հարկ է, որպեսզի Արեւմուտքը եւ միջազգային ֆինանսական կառույցները ճշգրիտ գնահատեն իրավիճակը եւ, առկա այս հսկայական պոտենցիալը օգտագործելու նպատակով, համապատասխան երկրներին ցուցաբերեն ֆինանսական եւ տեխնիկական օժանդակություն:
– Ընդդիմությունը խոսում է այն մասին, որ հարկավոր է արտահերթ ընտրություններ, իսկ կոալիցիան կարծես չի համաձայնում արտահերթին եւ պնդում է, թե ճիշտը հերթական ընտրություններին պատրաստվելն է: ՀԱԿ վերջին հանրահավաքում հնչեց տեսակետ՝ իշխանության հետ քննարկումների սեղանի շուրջ նստելու մասին: Ըստ Ձեզ՝ սա որքա՞ն է իրատեսական:
– Արտահերթ ընտրությունների՝ թե խորհրդարանական եւ թե նախագահական, համար այսօր չկան հիմնավոր պատճառներ: Ինչո՞ւ խոսել մի բանի մասին, որը հիմնազուրկ է: ԱԺ-ն երբեք անգործության չի մատնվել, միշտ եղել է ակտիվ եւ աշխատել է արդյունավետ, մեծ թվով օրենքներ ենք ընդունել, որոնք, հուսամ, կբարելավեն երկրի ու ժողովրդի վիճակը:
– Կոալիցիան առանձին, թե միասնական ցուցակով է գնալու ընտրությունների՝ սա եւս շատ չարչրկվեց, Ձեր կարծիքով՝ ո՞րն է ավելի ճիշտ:
– Այո, այդ հարցի շուրջ շատ խոսվեց: Իրականում կոալիցիան դեռեւս հարցը չի քննարկել, սակայն ասեմ, որ եկող ընտրությունները «Օրինաց երկրի» համար առաջինը չեն, մենք բավականին երկար ու դժվարին ճանապարհ ենք անցել եւ ընտրություններին միշտ մասնակցել ենք առանձին։ 
– Դուք Լոռու տարածքի ՕԵԿ պատասխանատուն եք, շփվում եք մարդկանց հետ, ի՞նչ վիճակում է ՕԵԿ վարկանիշը, չկա՞ հիասթափություն ՕԵԿ-ից:
– Բազմիցս ենք ասել, որ ժամանակին ունեցանք վարկանիշի կորուստ, դա ընդունում ենք, սակայն ժամանակի ընթացքում կուսակցության վարկանիշը սկսել է վերականգնվել, հատկապես հիմա, երբ ակտիվ գործընթացներ են տեղի ունենում՝ խոսքը իշխանություն-արմատական ընդդիմություն երկխոսության մասին է, ինչը մեկ անգամ եւս վկայում է 2008-ին մեր կատարած ընտրության ճշմարտացիության մասին: Մենք ողջունում եւ խրախուսում ենք իշխանության եւ ընդդիմության կողմից դեմ-դիմաց կատարվող քայլերը եւ կարծում, որ դրանք իրենց հետ կբերեն քաղաքական լարվածության թուլացում ու կայունություն: Այսօր երեւի թե տեղին է զուգահեռներ անցկացնել երեք տարի առաջվա եւ այժմյան գործընթացների, դիրքորոշումների, գնահատականների ու կարգախոսների միջեւ: 2008-ին Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ արտաքին ու ներքին մարտահրավերների առկայության պայմաններում չի կարելի երկիրը տանել արկածախնդրության ճանապարհով, չի կարելի վտանգել երկրի ապագան, այսօր նույն մտքերը հնչում են Մատենադարանից կամ Ազատության հրապարակից: Ինչեւէ, կարծում եմ՝ մեր ժողովուրդը միշտ ունեցել է հանդուրժողականության պակաս, եւ եթե հիմա փորձ է արվում լրացնել այդ պակասը, դրան պետք է միայն օժանդակել ու աջակցել:
– Փաստորեն, ինչի մեջ արմատական ընդդիմությունը մեղադրում էր Արթուր Բաղդասարյանին, այսօր մոտավորապես նույն սցենարը կարծես իրենք են կրկնում, իսկ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք ամոթի մեծ դեֆիցիտ չունեն եւ երբեք չեն գնա Արթուր Բաղդասարյանի ճանապարհով:
– Երեք տարի շարունակ ՕԵԿ-ին եւ Արթուր Բաղդասարյանին փնովելուց հետո իշխանության հետ որեւէ համագործակցություն բացառողներն այսօր խոսում են երկխոսությունից. սա վկայում է թե ամոթի եւ թե այլ զգացումների բացակայության մասին: Մենք երբեւէ որեւէ մեկին հանիրավի չենք մեղադրել, այլ ելել ենք օբյեկտիվ իրականությունից՝ գործելով կոռեկտության սահմաններում: Բոլորը գիտեն, որ Արթուր Բաղդասարյանն իր անցած ճանապարհով մշտապես ապացուցել է, որ սկզբունքներ, պատիվ ու արժանապատվություն ունեցող մարդ է, եւ նրան նմանվելու կամ նրա ճանապարհն անցնելու համար պետք է առնվազն ունենալ վերոհիշյալ հատկանիշներից գոնե մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել