Երեկ «Հայելի» ակումբում հյուրընկալված «Հանրապետություն» քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը նշել է, թե Ընտրական օրենսգրքերը փոխելով չի ապահովվում ընտրությունների նորմալ անցկացումը. «Այ, եթե օրենք ընդունեին Լիցկայի, Կոնդի Աիդայի, Հասմիկի մասին, սրանք էլ համատիրությունների ղեկավարներ են, օրենք ընդունեին սափրագլուխների մասին՝ միգուցե մենք կմտածեինք, որ գնում ենք նորմալ ընտրությունների: Թե չէ՝ բոլոր ընտրական օրենսգրքերն էլ նորմալ են եղել՝ գործընթացներն են տարբեր եղել»: Ի պատասխան՝ նրա հետ բանավիճող ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Դավթյանը հիշեցրել է, որ տարիներ առաջ պրն Աբրահամյանը բավական դրվատանքով է արտահայտվել «Լիցկա» մականունով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մասին. «Նույնիսկ կարող եմ Ձեր խոսքերը մեջբերել. Դուք ասել եք, որ Սուրեն Խաչատրյանի նման խենթերի միջոցով ենք նաեւ հաղթել Արցախյան պատերազմում»: «Է, ես հիմա էլ եմ այդ կարծիքին,- հակադարձել է Սուրեն Աբրահամյանը:- Խոսքն այլ բանի մասին է՝ ես Սուրեն Խաչատրյանին Լիցկայից դարձրի Սուրեն Խաչատրյան, իսկ Դուք նրան Սուրեն Խաչատրյանից դարձրիք Լիցկա՝ ավելի կոշտ ու կոպիտ»: