Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒԶՄՈՒՆՔ, ՀԱՍԿԱՆԱԼԻ Է, ԿԱ, ԽՈՒՃԱՊ՝ ՈՉ

Հունիս 02,2011 00:00

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, Ֆուտբոլի ակադեմիայում նախապատրաստվում են հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի ընտրանու հետ կայանալիք հանդիպմանը:
Հասկանալի է՝ այս ընթացքում տղաներին հանդիպել հնարավոր չէ: Ու, ճիշտն ասած՝ ցանկալի էլ չէ: Հարկավոր է նրանց հանգիստ թողնել, որպեսզի յուրաքանչյուրը զբաղվի իր գործով ու նախապատրաստությունն էլ ընթանա մարզիչների նախանշած ծրագրի համապատասխան: Այդուհանդերձ, ֆուտբոլասերներին հետաքրքրում է մեր տղաների հոգեբանական պատրաստվածության աստիճանը ու նաեւ, թե ի՞նչ տրամադրությամբ են նրանք Սանկտ Պետերբուրգում մտնելու խաղադաշտ: Այս հարցերի պատասխանն իմացել են որոշ լրատվամիջոցներ: Վախ կամ խուճապ՝ հավաքականում չկա: Սակայն ավելորդ ինքնավստահություն էլ չի զգացվում: Ֆուտբոլիստները պատկերացնում են ապագա խաղի բոլոր դժվարությունները, գիտեն մրցակցի ուժը: Բայց, ինչպես երեւում է, այդ ամենին հանգիստ են վերաբերվում: Ու, որ ամենակարեւորն է, ընդհանուր տրամադրությունը մարտական է, յուրաքանչյուրը՝ պատրաստ վճռական պայքարի: Մնում է, որ Սանկտ Պետերբուրգում մեր ֆուտբոլիստները, ինչպես ասում են, մեկնարկում «չվառվեն», պայքարն սկսեն սառնասիրտ ու կարողանան վստահ գործողություններով «սանձել» ռուսների կրքերը, ինչը միանգամայն հնարավոր է:
\"\"Սարգիս Հովսեփյան: ՀՀ ազգային հավաքականի պաշտպան. «Ռուսաստանի հավաքականը միշտ էլ նախկին ԽՍՀՄ-ի ուժեղագույն թիմերից է եղել: Թեեւ, հնարավոր է, մենք Ռուսաստանին խաղամակարդակով զիջում ենք, բայց դրական արդյունքի համար անելու ենք ամեն բան: Մեր հնարավորությունները հավասար են:
Արշավինի մասին ինչ էլ ասեն, նա բարձրակարգ ֆուտբոլիստ է, իսկ Կերժակովը շարունակում է «Զենիթի» գրոհների առաջատարը մնալ: Երկուսն էլ ի վիճակի են հանդիպման ելքը միայնակ լուծել եւ մենք պետք է զգուշանանք նրանցից: Մենք մրցակցի ուժը հասկանում ենք, սակայն պարտվել չենք պատրաստվում: Վստահ եմ, որ սեփական դաշտում ռուսները գրոհի են նետվելու: Իսկ մենք էլ հակահարձակվելու հնարավորություններ կունենանք, ինչը պիտի աշխատենք հնարավորին չափ սուր կազմակերպել»:
\"\"Ռոման Բերեզովսկի: ՀՀ ազգային հավաքականի դարպասապահ. «Կարծում եմ, Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ֆուտբոլիստները հասել են ֆիզիկական պատրաստվածության լավ աստիճանի եւ վստահ եմ, որ անհամեմատ ավելի լավ կխաղան, քան Երեւանում: Իրենց թիմին պիտերցի ֆուտբոլասերների կատաղի աջակցությանը չեմ կասկածում ու դա յուրաքանչյուր ֆուտբոլիստի լրացուցիչ լիցք է հաղորդում: Մեզ համար գլխավորը չափից ավելի չհուզվելն է: Հայաստանի հավաքականում պարտվողական տրամադրության հոտ չի գալիս: Ենթադրում եմ, որ գործողություններն ավելի շատ մեր կիսադաշտում կծավալվեն, սակայն երաշխավորում եմ, որ մենք էլ նրանց դարպասի առջեւ գոլային իրավիճակներ կստեղծենք: Կարծում եմ, հետաքրքիր հանդիպում կստացվի, սակայն խաղի ելքը գուշակել չեմ ուզում»:
\"\"Յուրի Մովսիսյան: ՀՀ ազգային հավաքականի հարձակվող. «Ես կարող էի ԱՄՆ-ի ազգային հավաքականում խաղալ, սակայն ընտրությունը սրտիս թելադրանքով եմ կատարել, որովհետեւ հայ եմ: Զգում եմ, որ կարող եմ հավաքականն ուժեղացնել: Մենք առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մտնելու հնարավորություն ունենք: Սակայն չէի ցանկանա, որ բոլորը հենց այս ընտրափուլի վրա կենտրոնանան: Մեր թիմը երիտասարդ է եւ պատվախնդիր, որն ավելի կուժեղանա փորձ ձեռք բերելու հետ: Գլխավորն այն է, որ մենք հավատում ենք մեզ: Հիմա գիտենք, որ կարող ենք արդյունքի հասնել, հաջող մարտնչել մեր երկրի համար: Ռուսաստանին ինչպե՞ս կարող ենք հաղթել: Հեշտ: Բայց ոչ՝ մեզ իրականում դժվար հանդիպում է սպասվում: Բայց վստահ եմ, որ լավ պայքար կմղեմ ու գիտեմ, թե ինչի հաշվին Հայաստանի հավաքականը կարող է հաջողության հասնել»:
Գեւորգ Ղազարյան: ՀՀ ազգային հավաքականի հարձակվող. «Իհարկե, Ռուսաստանի հավաքականն ուժեղ թիմ է եւ ի վիճակի է բազմաթիվ վտանգավոր պահեր ստեղծել: Սակայն մենք պետք է կարողանանք մեր խաղի վրա կենտրոնանալ՝ չմտածելով մրցակցի մասին»:
\"\"Լեւոն Պաչաջյան: ՀՀ ազգային հավաքականի կիսապաշտպան. «Մեր թիմում նյարդային վիճակ չկա: Հիմա գիտակցում ենք, որ մեր խաղամակարդակը բարձրացել է եւ կարող ենք ցանկացած մրցակցի ճակատամարտ տալ: Սա ֆուտբոլիստներին լրացուցիչ վստահություն է հաղորդում: Մեր գլխավոր զենքերն են՝ թիմային խաղը եւ կոլեկտիվ ոգին: Եթե անգամ մրցակցին զիջում ենք կարգով, դա կփոխհատուցենք խաղային կարգապահությամբ, ձգտումով ու աշխատանքով: Կարծում եմ, Սանկտ Պետերբուրգում դրական արդյունք ցույց տալու շանս ունենք»:
Արտակ Եդիգարյան: ՀՀ ազգային հավաքականի պաշտպան. «Մեզ դժվար խաղ է սպասվում, հաղթանակն անհրաժեշտ է երկու թիմերին էլ: Մենք պետք է \"\"կարողանանք կենտրոնանալ մեր խաղի վրա եւ հաղթել: Մեզ համար կարեւոր չէ, թե որտեղ ենք խաղում: Եթե ստացվում է՝ մեր խաղին ոչ մի բան չի կարող խանգարել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել