Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՐԴՈՂԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀՆ ԸՆԿԵԼ Է «ՇԵՖԻ» ՇԱՐԱՍՅԱՆ ԱՆԻՎՆԵՐԻ ՏԱԿ

Հունիս 02,2011 00:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ընտրարշավը համշենցիներով բնակեցված Հոպա քաղաքում ուղեկցվել է բախումներով, որոնց հետեւանքով տեղի մի բնակիչ է մահացել, իսկ վարչապետի թիկնապահներից մեկը ծանր վիրավորվել է: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Էրդողանի դեմ բողոքի գործողությունները Հոպայում սկսվել են դեռ երեքշաբթի առավոտյան՝ Թուրքիայի վարչապետի ժամանումից առաջ: Մի խումբ ցուցարարներ հանրահավաքի անցկացման վայրում տեղադրել էին «Էրդողան, հեռացի՛ր Հոպայից» մակագրությամբ պաստառ, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության հսկայական դրոշը փակցված է եղել շենքերից մեկին:
Միջամտել է ոստիկանությունը՝ կիրառելով ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, բախումների ընթացքում զոհվել է Մեթին Լոքումչուն՝ մի տարեց ուսուցիչ, 9 հոգի վիրավորվել, եւս 6-ը թունավորվել է ոստիկանության կիրառած գազային նռնակից:
Երբ Էրդողանի ավտոբուսը հեռացել է հանրահավաքի վայրից՝ ուղղվելով  դեպի ուղղաթիռի կայանատեղի, հանրահավաքի մասնակիցները սկսել են քարկոծել այն: Էրդողանի թիկնապահները ավտոբուսի վրայից կրակահերթ են բացել՝ փորձելով պոկվել հետապնդող ցուցարարներից: Ավտոբուսի տանիքին թիկնապահներից մեկը քարի հարվածից կորցրել է հավասարակշռությունն ու ընկել ավտոբուսի հետեւից ընթացող ավտոմեքենաների անիվների տակ: Թիկնապահը ծանր վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց:
Էրդողանը այս բախումները որակել է որպես՝ «բանդաների խմբի» հարձակում, որ եկել է Հոպա եւ անկարգություններ հրահրել:
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում տեղի են ունենալու հունիսի 12-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել