Լրահոս
Օրվա լրահոսը

Դելիի փողոցներում հայտնվել են շքեղ, բայց «անտեր» մեքենաներ

Հունիս 02,2011 00:00

Այս օրերին բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Հնդկաստանի մայրաքաղաքում. Դելիի փողոցներում հայտնվել են աշխարհի լավագույն մակնիշների եւ ամենաթանկարժեք, նաեւ շքեղ, բայց լքված ավտոմեքենաներ:
Newsru-ի մատուցմամբ, տեղի ոստիկանությունն ու հարկային ծառայությունը ստիպված են փողոցներից հավաքել լքված մեքենաներն ու դրանք տեղափոխել ավտոկայաններ: Նման ավտոմեքենաների թիվն արդեն հասել է ավելի քան 40-ի:
Բանն այն է, որ հիշյալ՝ հարյուրավոր գողացված «սուպերթանկարժեք» ավտոմեքենաները, որոնք «զեղչով» վաճառվել են երկրի ապահովված քաղաքացիներին, Հնդկաստան են ներկրել մի քանի բարձրաստիճան խարդախներ՝ դիվանագիտական քողի տակ եւ շրջանցելով Հնդկաստանի հարկային օրենսդրությունը:
Հնդկաստանի եկամուտների մասին տվյալների հավաքման վարչությունը կասկածում է, որ բրիտանացի ոմն գործարար եւ Հյուսիսային Կորեայի ու Վիետնամի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ գողացված այդ մեքենաները Հնդկաստանում իրացրել են տեղի ավտոսրահներից մեկի միջոցով, ինչը նրանց հնարավորություն է տվել կարճ ժամկետում մի քանի միլիոն դոլար գրպանել:
Ընդամենը 4-5 տարիների ընթացքում այդ սխեմայով հանցագործները Հնդկաստանի շուկայում կարողացել են վերավաճառել լյուքս դասի մինչեւ 400 ավտոմեքենա: Այդ մեքենաներով են տեղաշարժվում Հնդկաստանի քաղաքական գործիչներ, Բոլիվուդի աստղեր, հայտնի կրիկետ խաղացողներ եւ շատ գործարարներ: Բայց հիմա նրանք ստիպված են ձերբազատվել այդ մեքենաներից կամ ապացուցել, որ իրենք բարեխիղճ գնորդներ են: Իսկ վերջինն ապացուցելը դժվար է, քանի որ բոլոր այդ մեքենաները վաճառվել են իրենց իրական արժեքից էապես ցածր գներով:
Հնդկաստանում լյուքս դասի մեքենաները չափազանց թանկ են, բայց դրանց ներկրման մաքսատուրքը կազմում է գնի 100 տոկոսը: Հենց դա է պատճառը, որ խարդախները Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Սինգապուրում եւ Ճապոնիայում գողացել են այդ թանկարժեք մեքենաներն ու Հնդկաստան են տեղափոխել դիվանագիտական խողովակներով՝ խուսափելով մաքսատուրքի վճարից:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, այն բանից հետո, երբ հարկային վարչությունը հայտնաբերել է մասշտաբային մաքսանենգությունը, մեքենաների գնորդները հնարավոր հարկային պարտավորություններից խուսափելու համար Դելիի փողոցներում թողել են իրենց թանկարժեք Porsche Panameran, որը Հնդկաստանում արժե մոտ 400 հազար դոլար, Bentley Continental Supersport-երը՝ 550 հազար դոլար, մի քանի Aston Martin Rapide-ներ՝ մոտ 450 հազար դոլար, Maserati-ներ՝ 280 հազար դոլար եւ մի քանի Rolls-Rpyce, Ferrari, Hummer ու Lamborghini:
Մաքսանենգության գործը քննող քննիչները կասկածում են նաեւ բրիտանացի մի խոշոր ավտոդիլերի, որի անունից էլ իրականացվել է հիշյալ գողացված ավտոմեքենաների բեռնաթափումը: Հնդկաստանի իրավապահ մարմինները դիմել են Լոնդոնին՝ խնդրելով օգնել այդ գործի քննությանն ու թույլ տալ քննչական գործողություններ իրականացնել Մեծ Բրիտանիայի տարածքում: Նույնպիսի խնդրանքով նրանք մտադիր են դիմել նաեւ Հյուսիսային Կորեայի եւ Վիետնամի ԱԳՆ-ներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել