Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ երեխաները տաղանդավոր են

Հունիս 02,2011 00:00

\"\"
7-ամյա Ռաֆայելի «Համբույր» քանդակի կողքով
ոչ-ոք անտարբեր չէր անցնում:

\"\"13-ամյա Էրիկ Համբարձումյանը իր նկարը դեռ չի վերնագրել, բայց եթե ցանկանար, ապա կվերնագրեր՝ «Ջոնաթան Լիվինգսթոնը թռչում է»: Ի թիվս այլ աշխատանքների, երեկ նրա այս նկարը եւս ցուցադրվեց Գեղագիտության ազգային կենտրոնում (ԳԱԿ): Էրիկի կտավներում հիմնականում գեղարվեստական ստեղծագործություններից դրվագներ են. «Մանկական գրականություն ավելի փոքր տարիքում եմ կարդացել, հիմա կարդում եւ կտավին եմ հանձնում դրվագներ Մոպասանի, Օ’Հենրիի ստեղծագործություններից»,- ասում է փոքրիկ նկարիչը, ով նաեւ կերտում է քանդակներ: Իսկ 15-ամյա Նարեկը խոստովանեց, որ գուցե չկարդար Օ’Հենրի ու Վիլյամ Սարոյան, եթե ուսուցիչը՝ Հրաչյա Համբարձումյանը, խորհուրդ չտար այդ երկերի հիման վրա ստեղծագործել:
Երեխաների պաշտպանության միջազգային օրը ԳԱԿ-ի պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսը նվիրված էր քանդակագործ Հենրիկ Համբարձումյանի հիշատակին: Ներկայացված էին նրա եւ որդու՝ Հրաչյա Համբարձումյանի սաների աշխատանքները: Ցուցահանդեսի բացումը պետք է կայանար անցյալ տարի, սակայն վարպետի մահվան պատճառով այն հետաձգվեց: «Այս երեխաները սովորական հայ երեխաներ են: Պարզվում է՝ սովորական հայ երեխա լինելը նշանակում է տաղանդավոր լինել: Այս կարծիքը պետք է տարածվի բոլորի՝ երաժիշտների, բժիշկների, քանդակագործների, ուսուցիչների, կոշկակարների վրա: Բացարձակ ազատ են մեր երեխաները, արտահայտվելիս մեծերի պես չեն կաշկանդվում»,- ասաց կենտրոնի տնօրեն Լեւոն Իգիթյանը՝ հպարտանալով իր ստուդիայի սաների շնորհքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել