Լրահոս
Օրվա լրահոսը

Քիչ դիմորդներ եւ կանխատեսելի արդյունքներ

Հունիս 02,2011 00:00

Այս տարի հավանաբար բողոքողները քիչ կլինեն

Երեկ ԵՊՀ-ում, որտեղ մեկնարկեցին ընդունելության քննությունները, դիմորդները քննություն էին հանձնում ռուսաց լեզու եւ քիմիա առարկաներից: Ռուսերեն հանձնելու համար հայտագրված էին 15, իսկ քիմիայի համար՝ 29 դիմորդ: Ռուսաց լեզու հանձնողներից բացակա էր միայն մեկ, իսկ քիմիայից՝ 9 դիմորդ: Այս տարի, չնայած դիմորդների փոքր թվին, պետական եւ մասնավոր բուհերում հատկացված է եղել 20928 տեղ, որից 2428-ը՝ անվճար, իսկ 18500-ը՝ վճարովի: Անցյալ տարվա շուրջ 17 հազար դիմորդի փոխարեն այս տարի առաջին փուլով հայտագրվել է 1209 դիմորդ: Բոլոր մարզերում, անկախ դիմորդների թվից, ձեւավորվել է մեկական քննական կենտրոն: Երեկ մասնագիտությունների հայտագրման վերջնաժամկետն էր, բայց այն դիմորդները, որոնք բանակից են զորացրվել կամ օտարերկրյա պետություններում են ուսումը շարունակել, նրանց համար հայտագրման ժամկետը երկարաձգվել է մինչեւ հուլիսի 10-ը: Հունիսի 24-ից հուլիսի 2-ը ԳԹԿ-ն կկազմակերպի 2-րդ լրացուցիչ փուլը: Դիմորդների միջին տարիքը եղել է 19-ը, ամենատարեց դիմորդը 43 տարեկան է: Երեւանից ունենք 320 դիմորդ, մարզերից դիմորդների ամենամեծ թիվը Շիրակից է (143 դիմորդ), քիչ դիմորդներ են հայտագրվել Տավուշից (28) եւ Սյունիքից (46): «Փոքր քննություն է, մնում է, որ մեր դիմորդները հաղթահարեն 7. 5-ի շեմը: Քանի որ դիմորդների թիվը փոքր է, արդյունքները սահմանված 5-օրյա ժամկետից ավելի վաղ հայտնի կլինեն»,- նշեց ԳԹԿ իրավաբանական բաժնի պետ Էդվարդ Սանթրոսյանը: Նա կարծում է, որ այս տարի բողոքարկումների թիվը եւս պակաս կլինի, որովհետեւ՝ «Եթե դիմորդին պետք է մինիմալ գնահատական որեւէ բուհ ընդունվելու համար, հազիվ թե կռիվ տա 0.25 միավորի համար»: Բողոքարկումը արդյունքը հրապարակվելուց հետո մեկօրյա ժամկետում կլինի, դիմորդը պետք է ներկայանա իր քննակենտրոն՝ առավոտյան 9-ից 18.00-ը: Է. Սանթրոսյանը հետաքրքիր փաստ արձանագրեց: Նրա փոխանցմամբ, եղել են դիմորդներ, որոնց հայտագրման հիմքում ոչ տրամաբանական առարկաներ են եղել, օրինակ՝ անգլերեն, հայոց պատմություն, քիմիա. «Ամենայն հավանականությամբ, գործել է այսպիսի սկզբունք՝ այս տարի քննությունը հեշտ կլինի, գրենք, մի բան կստանանք: Իրականում այս տարի քննություն հանձնելը հեշտ կլինի, թեստերն էլ են հեշտ լինելու»: Քննությանը ներկա ԳԹԿ ներկայացուցիչները փաստում էին, որ այս տարվա թեստերը կազմվել են այնպես, որ ուսումնական գործընթացից կտրվածների համար՝ բանակից զորացրվածներ, նախորդ տարիների դիմորդներ, 8 միավորը հեշտ հաղթահարելի լինի: Նրանք փաստում էին, որ այս տարի եղել են նաեւ այնպիսի դիմորդներ, որոնք նույնիսկ անուն-ազգանունը գրել չեն կարողացել:
ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը «Առավոտի» հետ զրույցում  առավել շատ դիմորդներ ունեցողների  թվում առանձնացրեց հետեւյալ մասնագիտությունները՝ «Պատմությունից»՝ 53, «Սերվիս» մասնագիտությունից՝ 23, «Լրագրությունից»՝ 20, «Հոգեբանությունից»՝ 27 դիմորդ: Նա տեղեկացրեց, որ այս տարի ԵՊՀ-ի «Լրագրության» ֆակուլտետ ընդունվելու համար դիմորդները կհանձնեն «Հայոց լեզու եւ գրականություն»,  «Ստեղծագործական մրցույթ» քննությունները, իսկ նախորդ տարիների օտար լեզվին կփոխարինի «Բանավոր հաղորդակցման մշակույթը»: Նույն մասնագիտության համար Մանկավարժական համալսարանում դիմորդները երկու ներբուհական եւ մեկ միասնական «Հայոց լեզու եւ գրականություն» քննություն կհանձնեն: Այս տարի բոլոր թեստերը տպագրվել են ԳԹԿ-ի տպարանում՝ ԳԹԿ տնօրենի եւ ԱԱԾ ներկայացուցչի անմիջական վերահսկողությամբ:
ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը հավաստիացրեց, որ ամեն ինչ արել են, որպեսզի այս տարի թեստերի արտահոսք չլինի, չնայած, նրա խոսքով, 9-րդ դասարանի թեստերի պահանջարկը մեծ է եղել, բայց ԳԹԿ-ն ամեն ինչ արել է, որ արտահոսք չլինի, իսկ անցյալ տարվա արտահոսքի հետ կապված նշեց, որ այդ հարցով զբաղվում են համապատասխան մարմինները: Դիտարկմանը, թե քիչ դիմորդների պարագայում մեծ թվով տեղեր են իջեցվել, ԳԹԿ տնօրենը պատասխանեց. «Մենք չէինք կարող կանխատեսել, թե քանի դիմորդ կլիներ, նախարար Աշոտյանը ավելի վաղ հայտնել էր 5000-ի մասին, բայց երկու փուլերի արդյունքում հազիվ 2000 դիմորդ կունենանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել