Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՕՐՅԱ «ԶԻՆԱՆՇԱՆԱԳԵՏՆԵՐԸ»

Հունիս 02,2011 00:00

Եթե մեր երկրում յուրաքանչյուր մարդ զբաղվի իր գործով, իր մասնագիտությամբ, ապա մեր երկիրն ու մեր ազգը զգալի առաջընթաց կապրեն: Սակայն, չգիտես ինչու, որոշ մարդիկ, իրենց բանուգործը թողած, զբաղվում են այնպիսի հարցերով, որտեղ ոչ միայն ասելիք ու անելիք չունեն, այլեւ իրենց դիլետանտությամբ տվյալ հարցում առկա անորոշությունն ավելի են խորացնում ու խճճում: Նման մարդիկ ունեն հիմնականում մեկ գլխավոր նպատակ. իրենց արտասովոր ասելիքով, անգամ եթե դա անհեթեթություն է, լինել առաջինը:

Խոսքս վերաբերում է հայ ժողովրդի ճակատագրի եւ հայոց պետականության կերտման գործում անուրանալի ավանդ ներդրած Արցախի Հասան-Ջալալյանների իշխանական-կաթողիկոսական տոհմի զինանշանի եւ դրոշի վերստեղծման մերօրյա «հեղինակներին», ովքեր թե՛ մասնագետներ են, թե՛ ոչ մասնագետներ:
Հանդիսանալով հիշյալ տոհմի շառավիղ, այդպիսով ունենալով բարոյական իրավունք եւ պարտականություն կանխելու տոհմի փառավոր անցյալը աղավաղելու եւ աղճատելու անգիտակից ու գիտակցված փորձերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Արցախի պատմության, մասնավորապես՝ Հասան-Ջալալյանների իշխանական-կաթողիկոսական տոհմի կատարած գործունեության ուսումնասիրության իմ գրեթե տասնամյա փորձը, ցանկանում եմ անդրադառնալ վերոհիշյալ անձանց կատարած «շնորհալի» աշխատանքներին՝ առանձին-առանձին:
Եվ այսպես, մասնագիտությամբ դերասան Ժասմեն Ասրյանը, ով անհարկի եւ անհիմն ձեւով իրեն կապում է Հասան-Ջալալյանների տոհմի հետ, www.gandzasar.am կայքում տեղադրել է իր կողմից հորինված Հասան-Ջալալյանների տոհմական զինանշանը (նկ. 1-ին) եւ դրոշը (նկ. 2-րդ):
Առանց որեւէ հիմնավորման խոսելով զինանշանի մասին` տիկին Ժասմենը մասնավորապես գրել է. «Տոհմական նշանակության խորհրդանիշները համադրելով, տոհմի զինանշանի պատկերներ ընտրվեցին Գանձասարի քանդակ-պատկերները.
\"\"1. Առյուծներ – քանդակված են հյուսիսային կողմի մուտքի դռան վերեւում եւ գործված են տոհմական գորգերի նախշերում…
5. Չորս անվանատառեր – գրված է Հասան Ջալալ Դոլայի (ի դեպ, այս եւ հաջորդող բոլոր տողերում գրված է առանց գծիկների, ինչը միարժեքորեն սխալ է – Ս. Հ-Ջ.) անձնական օգտագործման սուրի (ճիշտը` սրի – Ս. Հ-Ջ.) երախակալի վրա, որը գտնվում է Լենինգրադի պատմության թանգարանում… 
6. Արեւ – տարբեր զարդապատկերներով Արեւ է քանդակված Ջալալ Դոլայի գերեզմանաքարին…»:
Նախ ասենք, որ զինանշանը մեկ-երկու օրում կամ ամսում չեն ընտրում (ընդգծումը մերն է – Ս. Հ-Ջ.): Խորհրդանշանը զինանշանի վերածվելու համար անհրաժեշտ էր, որպեսզի այն անցներ զարգացման երկար ճանապարհ, վերածվեր ազնվական տոհմի կայուն, մշտական նշանի, փոխանցվեր սերնդից սերունդ, որպեսզի դառնար զինանշան: Դրա համար խորհրդանշանի պատկերը եւ իմաստը պետք է դառնար ժառանգական, նախնու եւ հաջորդների նշանների կապը պետք է հաստատվեր միջանկյալ օղակի` միջին սերնդի, նշանների միջոցով:
Այժմ անդրադառնանք զինանշանի հորինման համար տիկին Ժասմենի կողմից ընտրված (ընդգծումը մերն է – Ս. Հ-Ջ.) որոշ խորհրդանշանների:
Նախ ասենք, որ Հասան-Ջալալյանների տոհմական գորգերի վրա պատկերված է ոչ թե առյուծ, այլ` արծիվ: Այս հարցը Վահրամ Թաթիկյանի «Արցախի տոհմագորգերը» գրքում ենթարկվել է \"\"քննության եւ ստացել իր մասնագիտական պատասխանը:
Ինչ վերաբերում է Հասան-Ջալալ-Դոլայի թրի երախակալի (բռնակոթի) գտնվելու վայրին, ապա ասենք, որ երախակալը գտնվում է ոչ թե Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թանգարանում, ինչպես կարծում է տիկին Ժասմենը, այլ Վրաստանի Ազգային թանգարանում` նախկին Կովկասի թանգարանում:
Իսկ Գանձասարի եկեղեցու գավթի արեւելյան մասում` դեպի եկեղեցին տանող մուտքի առջեւ գտնվող տապանաքարն էլ պատկանում է ոչ թե XIII դարի Արցախի իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլային, ինչպես սխալմամբ կարծում են թե՛ տիկին Ժասմենը, թե՛ մասնագետների զգալի մասն ու թե՛ Գանձասարի եկեղեցում ծառայող հոգեւորականները, այլ XV դարի Արցախի իշխան Ջալալ Մեծին: Քանզի տապանաքարի վրա փորագրված է. «ԱՅ[Ս Է] ՀԱՆԳ[ԻՍ]Տ ՄԵԾԻՆ Ջ[ԱԼ]ԱԼԻ[Ն] ԱՂԱՒԹՍ ՅԻ[Շ]ԵՑԷՔ ԹՎ[ԻՆ] :ՊՁ: (1431)», մինչդեռ Հասան-Ջալալ-Դոլան նահատակվել է 1261թ.` տապանաքարի վրա նշված թվականից 170 տարի առաջ:  Դժվար է հավատալ, որ Հասան-Ջալալ-Դոլայի որդին` Աթաբեկը, հոր գերեզմանի վրա տապանաքար չի դրել նրա մասունքներն ամփոփելուց անմիջապես հետո, այլ թողել է, որ այն դրվի հուղարկավորությունից 170 տարի հետո միայն:
Այս ամենից հետո էլ, բավական չէ, որ տիկին Ժասմենը չի նշում որեւէ աղբյուր, որի ուսումնասիրության արդյունքում ինքը վերակազմել է իշխանության տվյալ խորհրդանիշը, նա Հասան-Ջալալյանների մերօրյա ժառանգների անունից հանդես է գալիս հետեւյալ անպատասխանատու հայտարարությամբ. «Հասան Ջալալյան տոհմի ժառանգները ընդունում են…ստեղծված զինանշանի պատկերը, որպես Հասան Ջալալյանների տոհմի զինանշանի պատկեր»:
Ինքս հանդիսանալով տվյալ տոհմի շառավիղ` անընդունելի եմ համարում նման արհեստածին, կամայական զինանշանի գոյությունը:
Ինչ վերաբերում է նրա կողմից հորինված նույն տոհմին վերագրվող դրոշին (նկ. 2-րդ), ապա պետք է ասենք, որ տոհմական այս խորհրդանշանի դեպքում եւս պատկերը նույնն է. կրկին \"\"առանց հիմնավորումների այստեղ էլ նշվում է հետեւյալը. «Հասան Ջալալյան տոհմի դրոշը ստեղծվել է երկար ուսումնասիրություններից հետո, եւ տոհմի ակունքները բնորոշող նշանակություն ունի»:
Հասան-Ջալալյանների տոհմական խորհրդանշաններից մեկի` դրոշի վերստեղծման հաջորդ «հեղինակը» Վիքիփեդիա էլեկտրոնային ազատ հանրագիտարանում նշված Տարոն Սահարյանն է: 2010թ. հուլիսի 15-ին հիշյալ հանրագիտարանում նա տեղադրել է Հասան-Ջալալյանների տոհմի հիմնադիր՝ XIII դարի Արցախի իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլային վերագրվող դրոշի վերակազմության սեփական տարբերակը (նկ. 3-րդ): Ի տարբերություն Ժասմեն Ասրյանի, Տարոն Սահարյանը, հանդես բերելով հետազոտողին հարիր ազնվություն, որպես աղբյուր, որոնց ուսումնասիրության արդյունքում ինքը վերակազմել է Հասան-Ջալալ-Դոլային վերագրվող դրոշը, պարզապես նշել է 6 արտասահմանյան գիրք, առանց ցույց տալու կոնկրետ հղումները, որոնք իր համար հիմք են հանդիսացել վերակազմելու դրոշը հատկապես այս տեսքով:  Զարմանալի է, սակայն, որ պարոն Սահարյանը չի անդրադարձել Հասան-Ջալալ-Դոլայի կատարած գործունեությանն ականատես հայ պատմիչներ Կիրակոս Գանձակեցու ու Վարդան Արեւելցու սկզբնաղբյուրային համարվող վկայություններին:
Սակայն պարոն Սահարյանի վկայակոչած աղբյուրներից ոչ մեկը, կամ բոլորը միասին հնարավորություն չեն տալիս ապացուցելու, որ XIII դարի Արցախի իշխանաց իշխան Հասան-Ջալալ-\"\"Դոլան ունեցել է նման դրոշ:
Հասան-Ջալալ-Դոլայի իշխանության խորհրդանիշների մասին խոսել են նաեւ մասնագետները` պատմական գիտությունների դոկտոր Կիմ Ղահրամանյանը եւ բանասիրական գիտությունների թեկնածու Ալվարդ Ղազիյանը: Սակայն, ցավոք սրտի, նրանք բացահայտել են ոչ թե ճշմարտությունը կամ գոնե ճշմարտանմանը, այլ տուրք են տվել սեփական երեւակայությանը:
Իրենց հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Պետականության ակունքները, Երեւան, 2008թ.» գրքի 37-րդ էջում խոսելով Հասան-Ջալալ-Դոլայի ունեցած խորհրդանիշների մասին, հեղինակները մասնավորապես գրել են հետեւյալը. «Հասան Ջալալ Դոլան (ի դեպ, նույնպես գրված է առանց գծիկների, ինչը սխալ է – Ս. Հ-Ջ.) կրել է… մատանի` «Հասան Ջալալ, իշխան Խաչենոյ» մակագրությամբ»: Հիշյալ մեջբերման համար նրանք հղել են՝ И. Орбели, “Гасан-Джалал. Князь Хаченский”, “Избранные труды, Ереван, 1963г., с.146, 159. Սակայն ոչ միայն նշված էջերում, այլեւ Հովսեփ Օրբելու ամբողջ հոդվածում բացակայում է նման տեղեկությունը: Սա խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք պարզագույն պատմաշինության հետ, ինչը կրկնակի ցավալի է, քանզի կատարվում է գիտության ասպարեզի մարդկանց (գիտությունների դոկտոր եւ գիտությունների թեկնածու) կողմից:
Հասան-Ջալալ-Դոլայի, իսկ նրա եղերական մահից հետո, Հասան-Ջալալյանների իշխանական-կաթողիկոսական տոհմի կատարած ազգանվեր գործունեության ուսումնասիրությամբ առաջինը զբաղվել են հենց այս տոհմի ժառանգները` Արցախի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը, Արցախի մետրոպոլիտ Բաղդասար արքեպիսկոպոս Հասան-Ջալալյանը եւ Արցախի թեմի առաջնորդ Սարգիս արքեպիսկոպոս Հասան-Ջալալյանը: Չեմ կարծում, որ եթե իրենց տոհմի խորհրդանշանների մասին նրանց հայտնի լիներ որեւէ տեղեկություն, նրանք այն չհրապարակեին:
Հասան-Ջալալյանների իշխանական տոհմի կատարած հայրենանվեր գործունեությամբ զբաղվել են նաեւ այնպիսի մեծանուն մասնագետներ, ինչպիսիք են Րաֆֆին, Լեոն, Մուրացանը, Հովսեփ Օրբելին, Խաչիկ Դադյանը, Հակոբ Մանանդյանը, Սեդրակ Բարխուդարյանը, Բագրատ Ուլուբաբյանը եւ այլք, շարքը կարելի է անվերջ շարունակել, չհաշված օտարերկրյա հեղինակներին: Այս ամենին ավելացնենք մերօրյա հետազոտողներին` Արտակ Մաղալյան, Էդուարդ Դանիելյան, Արմեն Այվազյան եւ այլք, եթե նրանցից որեւէ մեկն իր ձեռքի տակ ունենար գեթ մեկ աղբյուր, որտեղ նշված կլիներ Հասան-Ջալալյաններին պատկանող որեւէ խորհրդանշանի, մասնավորապես` զինանշանի կամ դրոշի պատկեր, ապա անտարակույս այն կհրապարակեր:
Իշխանության խորհրդանիշները (զինանշաններ, դրոշներ եւ այլն) ծագել են մարդկության պատմության դեռ վաղ շրջանում` կապված տոհմի պահապան կենդանիների պաշտամունքի, տոտեմների առաջացման հետ: Խորհրդանիշ այդ նշանները պահպանվել են առավելապես ճարտարապետական հուշարձանների (բերդեր, ամրոցներ, եկեղեցիներ, վանքեր) քանդակներում, ձեռագրերի մանրանկարներում, վավերագրերում (առեւտրական, ֆինանսական փաստաթղթեր, տարբեր տիպի պայմանագրեր եւ այլն), զենքերի, զարդերի ու կենցաղային առարկաների վրա:
XIII դարի Արցախի իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի տոհմի` Առանշահիկների դրոշի ու զինանշանի մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ, դժբախտաբար որեւէ տեղեկություն չունենք նաեւ իշխանաց իշխանի դրոշի մասին: Իսկ ահա իր` Հասան-Ջալալ-Դոլայի զինանշանը, փորագրված է Գանձասարի վանքի գավթի հյուսիսային մուտքի վերեւում: Պատկերված են ագրեսիվորեն միմյանց ընդառաջ շարժվող երկու առյուծներ (նկ. 4-րդ): Իրար մոտեցող առյուծները հայր ու որդի Հասան-Ջալալ-Դոլան ու Աթաբեկն են: Անգամ համոզված կարելի է պնդել, որ Հասան-Ջալալ-Դոլան ներկայացված է աջակողմյան պատկերում, որտեղ առյուծի դիմաց փորագրված է վեցաթեւ աստղ` իշխանության նշանը: Այս աստղը պատմությանը հայտնի է Սողոմոնի աստղ անունով: Բանն այն է, որ Հրեաստանի թագավոր Սողոմոնը` Դավթի որդին, վեցաթեւ աստղի օգնությամբ իշխել է հոգիներին` կարողանալով ոչնչացնել դեւերին եւ իրեն ենթարկել հրեշտակներին: Քրիստոնեության մեջ հիշյալ աստղը խորհրդանշում է նաեւ Աստծո եւ սատանայի պայքարը, որտեղ Աստված խորհրդանշում է վերին եռանկյունին, իսկ սատանան` ստորին: Կարելի է ենթադրել, որ զույգ առյուծների այս պատկերը դաջված է եղել նաեւ Հասան-Ջալալ-Դոլայի դրոշին, իսկ հետագայում այն փոխանցվել է որդուն` Աթաբեկին:
Ամփոփելով մեր խոսքը` ասվածին հավելենք հետեւյալը. բացարձակապես խնդիր չունենալով որեւէ անձի դեմ` հորդորում ենք Հասան-Ջալալյանների տոհմական իշխանության խորհրդանշանների վերստեղծման մերօրյա «հեղինակներին», ինչպես նաեւ ապագայում պատմական այս կամ այն խնդրով զբաղվել ցանկացող թե՛ մասնագետներին, թե՛ ոչ մասնագետներին ձեռնպահ մնալ առանց բավարար հիմքերի հաստատուն դատողություններ անելուց: Անհիմն տեսակետներն իրենց բովանդակությամբ լինելով սնանկ` հայտնվում են ոչ միայն հայրենի, այլեւ օտարազգի (այդ թվում նաեւ՝ մեր հակառակորդների) մասնագետների ձեռքում: Իսկ թե ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ, երբ դրանք հայտնվեն մեր հակառակորդների ձեռքում, այդ թողնում ենք ընթերցողի ենթադրությանը:
Ի վերջո, նման գրչամարզանքները պատվաբեր չեն ո՛չ դրանց հեղինակների, ո՛չ էլ, առավել եւս, հայրենի գիտության ու մեծ իմաստով մեր երկրի համար:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել