Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐՈՒ ԲՈՒՀԵՐԸ՝ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ

Հունիս 02,2011 00:00

Դիմորդներ չլինելու պատճառով ստիպված են կրճատումներ անել 

\"\"

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, օրերս Գյումրի կատարած այցի ժամանակ խոսելով դիմորդներ չլինելու պատճառով բուհերում ստեղծված ծանր վիճակի մասին, ռեկտորներին հորդորեց չգնալ զանգվածային կրճատումների, ֆինանսական միջոցներն էլ խնայողաբար ծախսել: «Շրջանավարտ չկա, դիմորդները քիչ կլինեն, կդիմեն բանակից զորացրվածները, սփյուռքահայ մեր հայրենակիցները, ջավախահայերը, մարդիկ, որոնք կցանկանան 2-րդ կրթություն ստանալ կամ չեն ընդունվել նախորդ տարի»,- ասաց նախարարը:
Շիրակի մարզի ամենամեծ բուհի՝ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդան Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե ուսանող չլինելու պայմաններում հնարավո՞ր է խուսափել հաստիքային կրճատումներից, եւ, առհասարակ, բուհն ինչպե՞ս է հաղթահարելու ստեղծված ճգնաժամը: Նշենք, որ նախարարը նաեւ հրահանգել է չթանկացնել վճարովի համակարգում սովորողների վարձավճարները, այսինքն՝ բուհը չի կարող ստեղծված ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարել գոնե այս միջոցով, թեեւ մանկավարժականի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը փաստում է, որ ուսանողները 130 մլն դրամ վարձավճարի պարտք ունեն բուհին: «Ճիշտն ասած, վերջին 2 տարիներին, առանց այս տարվա ընդունելության, բուհ պակաս է ընդունվել մոտ 700 ուսանող: Այսօր վերջին օրն է գործերի ընդունման, մեր բուհ դիմել է ընդամենը 51 դիմորդ: Ունենք մասնագիտություններ, որոնց համար ընդհանրապես դիմողներ չեն եղել»,- ասում է պարոն Գրիգորյանը: Ըստ ռեկտորի, աշխատանքից կազատվեն թոշակառու, համատեղողներ ու ժամավճարային դասախոսներ, տնտեսական աշխատողներ: Իսկ թե մոտավորապես քանի հոգի կդառնա գործազուրկ, ինստիտուտի ղեկավարությունը հստակ հաշվարկ դեռ չի կատարել, սակայն ռեկտորը վստահեցնում է, որ կրճատվողները 500 աշխատողների 5 տոկոսը կկազմեն: Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն էլ դիմորդների առումով, մեղմ ասած, բարվոք վիճակում չէ, երեկ, ժամը 13-ի սահմաններում բուհ էր դիմել ընդամենը 18 հոգի: Մի՞թե նախկին հզոր արդյունաբերական քաղաքում այլեւս մեռել է տեխնիկական կրթություն ստանալու ցանկությունը: «Ես հստակ մի բան գիտեմ, որ ցանկացած պետության հզորությունն ու իմիջը բաղկացած են շատ գործոններից, որոնցից մեկն էլ այն է՝ զարգացա՞ծ է տեխնիկական կրթությունը, թե՝ ոչ: Դե հիմա ինչքան էլ լավ որակի մասնագետ տանք, նրանք չեն կարող աշխատել, որովհետեւ չկան այդ ձեռնարկությունները, որոնք պիտի ապահովեն էդ պետության հզորությունը. Գյումրիում ընդհանրապես ոչ մի բան չի աշխատում, մեր դժվարությունները դրանից են»,- ասում է ռեկտոր Վահան Շահբազյանը: Նա վստահեցնում է, որ դիմորդներ չլինելու պայմաններում անգամ դասախոսներ կրճատելու մասին խոսք չի լինելու: Նշենք, որ վերջին 2 տարում 250-ի փոխարեն բուհ է ընդունվել 100 ուսանող: Հիմա էլ, ըստ ռեկտորի, ով ընդունվի՝ սովորելու է անվճար: Այս տարի բուհի ղեկավարությունը 12 մասնագիտություններից թողել է 5-ը, որոնց պահանջարկը կա մարզի շուկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել