Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաներին հիշում են տոնից տոն

Հունիս 02,2011 00:00

Այսօր շատ երեխաներ պաշտպանված չեն անգամ տարրական ինֆորմացիոն ագրեսիայից, ինչն էլ մանուկների մեջ ձեւավորում է խեղաթյուրված արժեհամակարգ: Երեկ՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ, նման կարծիք են հայտնել Հայ օգնության միության մասնագետները: Նրանց համոզմամբ, ծնողն այսօր հնարավորություն չունի երեխային պաշտպանել նման «ագրեսիվ» ինֆորմացիոն հոսքից:
«Պետք է մշակույթի մատուցման միջոցով երեխային հաղորդես պաշտպանական մեխանիզմները: Պետք է տաս հոգեբանական պաշտպանական մեխանիզմ, որը չես անում: Մենք ունեինք մանկական հեռուստաալիք, ինչո՞ւ փակվեց: Միակ հեռուստաալիքն էր, որ չէիր մտածում՝ երեխան միացրեց ու նստեց դրա դիմաց»,-ասել է ՀՕՄ-ի գրասենյակի տնօրեն Աննա Մնացականյանը:
«World vision» եւ «People in need» կազմակերպությունների ներկայացուցիչներն էլ փաստեցին, որ մեր երկրում հաճախ են խախտվում երեխաների իրավունքները եւ նրանք իսկապես պաշտպանության կարիք ունեն: Չնայած երեխաների իրավունքներին առնչվող օրենսդրությունը բավականին լավ է մշակված, բայց օրենքի կետերը ոչ միշտ են պահպանվում:
Երեկ ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նույնպես ասուլիս են հրավիրել՝ կոչ անելով երեխաներին չհանձնել մանկատուն: ՄԱԿ-ը այսօր օգնում է մեր կառավարությանն իրականացնել «Երեխան պետք է ապրի ընտանիքում» ծրագիրը, որի տեղեկատվական արշավն ապահովում է «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան»՝ հայաստանյան լրատվամիջոցների հետ միասին: Ըստ ՄԱԿ-ի մասնագետների, այսօր Հայաստանում կա շուրջ 4000 երեխա, որոնք հաշմանդամ լինելու կամ աղքատության պատճառներով ապրում են ոչ թե իրենց ընտանիքներում, այլ մանկատներում: Խոսելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա խորհրդի մասին, ՄԱԿ-ի ներկայացուցիչները կոչ արեցին երեխաների մասին չհիշել միայն տոնից տոն, այլ ողջ տարվա ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել