Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՄ ԿԱՐՈՂ ՏՆՕՐԻՆԵԼ

Հունիս 02,2011 00:00

\"\"Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Երեւանի քաղաքապետը հայցադիմում է ներկայացրել իմ՝ Գոհար Արամյանի դեմ, խնդրելով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին՝ լուծել 29.06.2004թ. կնքված թիվ 23/25-436 հողի վարձակալության պայմանագիրը եւ որպես հետեւանք չեղյալ համարել իմ անվամբ 14.02.2004թ. կատարված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցամատյանում կատարված սեփականության եւ վարձակալության իրավունքների գրառումը:
Նույն հայցադիմումը ներկայացրել է նաեւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Երկու ատյաններում էլ հայցադիմումը մերժվել է: Քաղաքապետի հայցապահանջը անհիմն է համարել նաեւ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Մարաշ տարածքային ստորաբաժանումը:
Այժմ Երեւանի քաղաքապետը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան եւ բողոքը վարույթ է ընդունվել (քաղգործ թիվ ԵԿԴ/3032/02/09):
2004թ. օգոստոսի 17-ին իմ եւ Քրիստինե Խաչիկօղլյանի միջեւ կնքվել է անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր, որը ստացել է նոտարական վավերացում: Համաձայն այդ պայմանագրի, ես Քրիստինե Խաչիկօղլյանից գնեցի Չարենցի փողոցի 4 շենքին կից հարթակը՝ 8 մլն դրամ արժողությամբ, որի մակերեսը կազմում է 75,4 քմ, այն գտնվում է 0,00754 հա վարձակալած հողամասի վրա: Առքուվաճառքի պայմանագիրը ներկայացրել եմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Մարաշ տարածքային ստորաբաժանում եւ անշարժ գույքը ստացել է պետական գրանցում, ինձ տրվել է թիվ 1131863 վկայականը:
Երեւանի նախկին քաղաքապետ Ե. Զախարյանի 18.05.2004թ. 871-Ա որոշման համաձայն, Երեւանի քաղաքապետի եւ Ք. Խաչիկօղլյանի միջեւ 29.06.2004թ. կնքվել է Չարենցի փողոցի 4 շենքին կից 75,4 քմ մակերեսով հողամասի վարձակալության թիվ 23/35/436 պայմանագիրը՝ 5 տարի ժամկետով: Անշարժ գույքը գնելուց հետո, համաձայն ՀՀ քաղօրենքի 207 հոդվածի, որպես 75,4 քմ մակերեսով հարթակի սեփականատեր, վարձակալած հողամասի նկատմամբ ձեռք բերեցի օգտագործման իրավունք, որը պետական գրանցում է ստացել իմ անվամբ: Պետական գրանցում ստանալուց հետո անշարժ գույքը ստացել է նոր հասցե՝ Չարենցի փող. 4/3: Հարթակը գնելուց հետո այն իմ կողմից պետք է վերափոխվեր, վերանորոգվեր եւ դառնար սպորտային իրերի առեւտրի սրահ: Իմ կողմից ձեռք բերվեցին համապատասխան թույլտվություններ (տեղանքում ջրահեռացման, ջրային, հոսանքի գծերի անցկացման), կատարվեց առեւտրի սրահի էսքիզային առաջարկ՝ ճարտարապետ Ն. Բադալյանի կողմից: Կատարեցի հսկայական փաստաթղթային աշխատանքներ եւ փաթեթը դիմումիս հետ 2004թ. ներկայացրի Երեւանի քաղաքապետարան՝ սրահի կառուցման թույլտվություն ստանալու համար:
Քանի որ գնված հարթակը գտնվում էր անխնամ վիճակում, այն քայքայված էր, չկար հոսանքի գիծ, կոյուղի, ջրահեռացման գիծ, ապա պետք է կատարվեր որոշակի շինարարական աշխատանք: Համաձայն հողամասի վարձակալության պայմանագրի, չկան հողամասի օգտագործման նկատմամբ սահմանափակումներ: Նույն պայմանագրի 4.1 կետի համաձայն, վարձակալը իրավունք ունի տիրապետելու եւ օգտագործելու հողը նպատակային նշանակությանը համապատասխան, իսկ 4.2 կետում ուղղակի ասվում է, որ վարձակալն իրավունք ունի վարձակալած հողամասը ենթարկելու բարելավումների եւ փոփոխությունների (այդ թվում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)՝ դրա նպատակային օգտագործմանը համապատասխան:
2004թ.-ից առայսօր չեմ կարողացել սեփականությունը որեւէ նպատակով օգտագործել՝ քաղաքապետարանի մերժումների պատճառով: Քաղաքապետարանի բաժինների կողմից անհիմն, չպատճառաբանված քաշքշուկը տեւեց երկար տարիներ, մինչեւ որ լրացավ վարձակալության ժամկետը: Իսկ այժմ էլ քաղաքապետը դիմել է դատարան՝ պայմանագիրը լուծելու հայցով, պատճառաբանելով, թե հողամասը նպատակային չի օգտագործվել: 15.12.2006թ. ես ստացա Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Ա. Լալայանցի պատասխանը, որ առեւտրի սրահի կառուցումը գտնում է ոչ նպատակահարմար՝ ելնելով քաղաքաշինական եւ ճարտարապետական նկատառումներից: Բացի այդ, նա նշում էր, որ վարձակալության ժամկետը լրանում է 2009թ.-ին, եւ 2006թ.-ին գտնում էր, որ ժամանակահատվածը կարճ է, կառույցի իրականացումն անթույլատրելի է:
Ինձ տրված մերժողական  պատասխանը հիմնավորված չէ, քանի որ նույն վարչության թույլտվությամբ, մեր քաղաքում կատարվել են այնպիսի քաղաքաշինական, ճարտարապետական խեղաթյուրումներով անճաշակ եւ խայտաբղետ շինություններ, որոնք վտանգավոր են շահագործման եւ շրջապատի համար: Իմ դիմումների մերժումները վկայում են, որ քաղաքապետարանում ձեւավորվում է ոչ ազնիվ հեռահար նպատակներ: Այսինքն, խոչընդոտում են, որ չկարողանամ նպատակային օգտագործել իմ շինությունը, իսկ հետո լուծում են վարձակալության պայմանագիրը եւ ցանկանում օտարել, տիրանալ իմ սեփականությանը: Իսկ ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածը սահմանում է, որ մարդու սեփականության օտարումը կարող է կատարվել պետության համար բացառիկ կարիքների, գերակա շահերի դեպքում: Նույն հոդվածը սահմանում է նաեւ, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու եւ կտակելու իր սեփականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել