Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ ԿԱՏԱՐՎԱԾԸ

Հունիս 02,2011 00:00

Եթե ուսումնական տարվա ավարտին դպրոցներում կրքերը թեժանում են՝ քննաշրջանով պայմանավորված, ապա Էջմիածնի 2-րդ ավագ՝ աղմկահարույց դպրոցում զգայական բորբոքումների փոխարեն բառացիորեն իրական թեժացումներ են:

\"\"

Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցի անառողջ մթնոլորտի մասին «Առավոտը» գրել է յոթ անգամ՝ փետրվարի 19-ին, 23-ին, 25-ին, մարտի 1-ին եւ 25-ին, մայիսի 3-ին եւ 30-ին: Ըստ դպրոցի աշակերտների ու նրանց ծնողների, տնօրեն Սուսաննա Նազարյանը հայհոյում է եւ ծեծում աշակերտներին, բարձր դասարանցիներից հեղինակություններ, ծեծողներ ու նայողներ է պատրաստում: Տնօրենը հերքում էր այս մեղադրանքները: Հրապարակումներից հետո ՀՀ կրթության եւ գիտության նախարարը խիստ նկատողություն հայտարարեց տնօրեն Սուսաննա Նազարյանին, Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ոստիկանությունը քրեական գործ հարուցեց տնօրենի կողմից պաշտոնական լիազորությունները անցնելու փաստի առթիվ: Դպրոցի տնօրենը պաշտոնից հեռացվեց քրեական գործի հարուցումից ավելի քան երկու ամիս անց: Ու անգամ պաշտոնանկությունից հետո նախկին տնօրենը շարունակում է գործուն ազդեցություն ունենալ ուսուցչակազմի վրա, որը, ըստ «Առավոտին» մոտ կանգնած աղբյուրի՝ իրականացվում է երեք ուսուցիչների՝ Գազազյան-Հակոբյան-Մելոյան եռյակի միջոցով:
Մեր աղբյուրը պնդում է, որ Էջմիածնի թիվ 2 դպրոցի վիճակը չի շտկվել: Աշակերտների պատմելով՝ 9-րդ դասարանցիները հենց դասարանում ինչ-որ բան էին այրում: «Միջանցքը ծխի մեջ կորել էր: Բոլորս դասարաններից դուրս եկանք, հասկանալու համար՝ ինչ է պատահել: Ուսուցչանոցից վազելով եկավ ընկեր Հակոբյանը, մտավ այն դասարանը, որտեղից ծուխը տարածվում էր եւ ասաց, որ ամեն ինչ կարգին է՝ անցնենք դասասենյակներ»,- միմյանց հերթ չտալով պատմում էին դեպքին ականատես աշակերտները:
Ավելի ուշ կրթօջախում շշուկներ են տարածվել, որ բարձր դասարանցիները, կոնկրետ ովքեր՝ «Առավոտի» աղբյուր դպրոցականները չգիտեին կամ չէին ուզում ասել, դասամատյան կամ դպրոցին վերաբերող կարեւոր փաստաթղթեր են այրել:
Պարզելու համար, թե իրականում ինչ է տեղի ունեցել, զանգեցինք դպրոց: Արդեն ձեռք բերած փորձով համոզված լինելով, որ մեր հեռախոսազրույցը առավելագույնը քարտուղարուհուց այն կողմ չի անցնելու, այնուամենայնիվ, եւս մեկ անգամ «խիզախեցինք» վերջինիս միջոցով կապվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ: Ինչպես եւ սպասում էինք՝ քարտուղարուհին ասաց, որ որեւէ մեկը, այդ թվում եւ պաշտոնակատարը, տեղում չեն՝ քննության են. «Լավ կլինի՝ ժամը 2-ից հետո զանգեք. այդ ժամին ժամանակավոր պաշտոնակատարը կլինի»,- ավետեց քարտուղարուհին: Հասկանալով, որ կարգապահական թեմաներով լրագրողի հարցերին պատասխանելը քարտուղարուհու իրավասություններից դուրս է, այնուամենայնիվ, մինչ տնօրենի ժ/պ-ին կգտնեինք, փորձեցինք քարտուղարուհուց ճշտել կատարվածը: Վերջինս հարցից ակնհայտորեն շփոթվեց եւ ապա կրկին հորդորեց զանգել ժամը 2-ից հետո:
Միամիտ կլիներ կարծել, որ քարտուղարուհու հիշատակած ժամին որեւէ մեկը կլսեր մեզ եւ կպատասխաներ մեր հարցերին: Այդ պատճառով «անհանգստացնել» սկսեցինք ֆիքսած ժամից ավելի վաղ, բայց՝ ապարդյուն: Ողջ օրվա ընթացքում մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել դպրոցի ժամանակավոր ղեկավարության հետ:
Իսկ ԿԳ նախարարի հրամանով պաշտոնանկ եղած նախկին տնօրենը, այդպես էլ չհաշտվելով կարգավիճակին, դպրոց վերադառնալու ուղիներ է փնտրում: Վստահ, որ դեռ գալու է, ուսուցչուհիներից մեկի ասելով՝ շարունակում է իրենը պահել տնօրենի աշխատասենյակը: Դպրոցի տնօրենի աշխատասենյակի բանալին հեռացված եւ քրեական գործով անցնող Սուսաննա Նազարյանի մոտ է եւ բացառությամբ իրեն անվերապահորեն հավատարիմ մեկ-երկուսից, ուրիշ ոչ ոք աշխատասենյակ ելումուտ չունի:
«Ես դեռ վերադառնալու եմ». ասել է Սուսաննա Նազարյանը ոչ միայն գործընկերներին, այլեւ աշակերտներին, չթուլացնելու համար իր երբեմնի ազդեցությունը նրանց նկատմամբ:
Վիճարկելով նախարար Աշոտյանի հրամանը, 2-րդ դպրոցի նախկին ղեկավարը դիմել է վարչական դատարան՝ տնօրենի պաշտոնում վերականգնվելու հայցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել