Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՎ ՈՒ ԼՈՒՑԿՈՒ ՏՈՒՓՈՎ

Հունիս 02,2011 00:00

Երեկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում լսվեց մոսկվաբնակ Արեւիկ Ասրիյանի բողոքը՝ ընդդեմ Նորաբաց գյուղի բնակիչ իր մոր՝ Մարուսյա Դանիելյանի:
76-ամյա Մարուսյա Դանիելյանը դատարան էր եկել Աստվածաշնչով ու լուցկու տուփով:
Նա մեկ անգամ արդեն հասցրել է ինքնահրկիզման փորձ անել եւ դա կանխվել է մեկ այլ դատարանի անվտանգության աշխատակիցների կողմից:
Մ. Դանիելյանը վիճարկում է իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների տարածումը աղջկա միջոցով եւ պահանջում է փոխհատուցել իրեն զրպարտելու համար (աղջիկն ասում է, որ ինքն այլ քաղաքացու զավակ է):
Ա. Ասրիյանի փաստաբանի առարկություններում կար այսպիսի մի արտահայտություն. էլեկտրոնային նամակագրությունը Արեւիկի եւ նրա քրոջ միջեւ չի կարող դիտվել հրապարակային վիրավորանք, քանի որ դրանք չեն տարածվել ինտերնետով: Իսկ Էրեբունու դատարանը, ուր հաղթել է Մ. Դանիելյանը, որպես ապացույց ընդունել են էլեկտրոնային նամակները՝ խիստ անձնական կյանքի գաղտնիք պարունակող տեղեկություններով:
Դատարանը երեկ հրապարակեց միայն բողոքաբերի փաստարկները, եւ քանի որ դատաքննության ընթացակարգ այս դատարանում չկա, Մ. Դանիելյանը չկարողացավ ոչինչ ասել: Երբ դատարանը հեռացավ, Մ. Դանիելյանը Աստվածաշնչով մոտեցավ իր աղջկան եւ հորդորեց նրան ճիշտը ասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել