Պաշտպանը փաստում է. թե նախաքննական, թե դատաքննական մարմինները կոպիտ խախտումներ են թույլ տվել
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, Վանաձորի բնակիչ Ալ. Պողոսյանին 3 տարի 3 ամիս ժամանակով դատապարտել է ազատազրկման եւ տուգանք սահմանել հիսուն հազար դրամի չափով:
Իսկ Վանաձոր քաղաքի մեկ այլ բնակչի՝ Կ. Ասատրյանին դատապարտել է կալանքի՝ 1 ամիս ժամանակով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2010թ. օգոստոսի 5-ին Ալ. Պողոսյանը ձեռք է բերել մեծ քանակությամբ սեդալգին Նեո դեղահաբեր, սպիրտ, յոդ եւ այլ նյութեր, պատրաստել է կոդեին տեսակի թմրանյութ՝ առանց իրացնելու նպատակի, անձնական օգտագործման համար, որի մի մասը ներարկման միջոցով օգտագործել է, մնացածը պահել է տնակում: Հաջորդ օրը Կ. Ասատրյանին թմրամիջոց իրացնելու նպատակով հրավիրել է տնակ, սակայն բռնվել են ոստիկանության աշխատողների կողմից:
Նրանց պաշտպան Գուրգեն Հարությունյանն ասում է, որ նախաքննական մարմինը թույլ է տվել բազմաթիվ խախտումներ, որոնց առկայության պարագայում ձեք բերված ապացույցներն անթույլատրելի են եւ չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում:
«Նախաքննության ընթացքում ձեռք բերված բոլոր ապացույցների հավաքման, արձանագրման եւ ստուգման ընթացքում թույլ են տրվել Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված սկզբունքների եւ այլ դրույթների բազմաթիվ էական եւ կոպիտ խախտումներ,-ասում է պաշտպանը,- գործով չկա գոնե մեկ ապացույց, որը ձեռք բերված եւ ամրագրված լինի օրենքով սահմանված պատշաճ ընթացակարգով»:
Մասնավորապես, նախաքննության ընթացքում մեղադրյալները զրկված են եղել պաշտպան ունենալու իրավունքից, գործում եղող ընթերակաները «հանցանքի վայր» են ժամանել ոստիկանության աշխատակիցներից տեւական ժամանակ անց: Բացի այդ, ընթերակաների՝ նախաքննության ու դատաքննության ժամանակ տված ցուցմունքները հակասում են իրար:
Վկա Մ. Սարիբեկյանը դատարանում նշեց, որ երբ ինքը մտել է տնակ, ոստիկաններն արդեն այնտեղ են եղել, իսկ ամբաստանյալները եղել են չոքած վիճակում: Տեսել է, որ սեղանին շշեր եւ այլ իրեր կան դրված: Իսկ թե դրանք ով կարող էր բերած լինել տնակ, նա չի կարող ասել:
Մյուս վկա Գ. Բաբայանն էլ հրաժարվել է ներկայանալ դատարան՝ պատճառաբանելով, որ եթե գա եւ իրականությունը ասի, ապա խնդիրներ կունենա իրավապահ մարմինների հետ:
«Մի կերպ նրան բերեցինք դատարան, սակայն դեռ նիստը չսկսած՝ իր մեքենան թողնելով դատարանի դիմաց, դիմեց փախուստի»,-ասում է պաշտպանը:
Ըստ պաշտպանի՝ ընթերակաների նման վերաբերմունքը եւ հակասական ցուցմունքները չեն կարող արժանահավատ լինել եւ դրվել դատավճռի հիմքում:
Բացի այդ, պաշտպանը նշում է, որ ոստիկանության Վանաձորի բաժնի հետաքննության գծով տեսուչ Ա. Մոսինյանը, չունենալով հետաքննության կամ առանձին քննչական գործողություն կատարելու հանձնարարություն կամ պարտադիր գրավոր ցուցում, մեկնել է դեպքի վայր եւ կատարել դեպքի վայրի զննություն:
«Դեպքի վայրի զննությունից, կասկածյալներին ու ընթերականերին ոստիկանության բաժին բերելուց հետո միայն Ա. Մոսինյանին հանձնարարվել է նյութեր նախապատրաստել: Օրենքով նյութեր նախապատրաստելուց հետո էր Մոսինյանը իրավասու կատարել հետաքննություն եւ քննչական գործողություններ»,-բացատրում է պաշտպանը:
Վերոնշյալ հիմնավորումներով էլ պաշտպանը փաստում է, որ ի սկզբանե բացակայել է քրեական գործ հարուցելու առիթը, իսկ քննչական գործողություններն էլ կատարվել են իրավասություն չունեցող անձի կողմից, հետեւաբար գործի վերաբերյալ կազմված արձանագրությունը չի կարող համարվել որպես թույլատրելի ապացույց:
Կասկածյալներից վերցվել են մեզի նմուշներ, սակայն ստացված ոչ մի նմուշ չի կցվել արձանագրությանը:
Ըստ պաշտպանի, «Նմուշները բացակայում են քրեական գործից եւ հայտնի չէ դրանց անհետացման հիմքերը»:
Այս եւ մյուս խախտումներին, սակայն, դատարանը չի անդրադարձել:
Պաշտպանն ասում է, որ դատարանը դատավճռի հիմքում դրել է ամբաստանյալների բացատրությունները, նախաքննության սկզբում տված ցուցմունքները, որոնք չեն հրապարակվել եւ հետազոտվել դատաքննության ընթացքում:
«Բացատրությունները դատավճռում «վկայակոչվել» են որպես ինքնամերկացնող ցուցմունքներ, ինչն անթույլատրելի է»,- խախտումների մասին է պատմում պաշտպանը, եւ ավելացնում, որ չեն զննվել ու հետազոտվել իրեղեն ապացույցները, ինչը շատ հարցերի վրա է ստվեր գցում:
Վճիռը բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ դատարան: