Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծերի տոմսն է թանկացել

Հունիս 02,2011 00:00

Կենդանաբանական այգու տնօրինությունը մի քանի օր է՝ մուտքի տոմսերը թանկացրել է, ինչն էլ հարուցել է որոշ քաղաքացիների դժգոհությունը: Մեզ հետ զրույցում նրանք կարծիք հայտնեցին, որ այգու վիճակն ու տոմսերի թանկացումը բացարձակ չի համապատասխանում իրար. «Երեկ, Երեխաների պաշտպանության օրը, անակնկալ եղավ, երբ մեծահասակներից 500 դրամ պահանջեցին: Լավ է՝ գոնե երեխաների տոմսն էր անվճար»:
Երեկ այս առնչությամբ Կենդանաբանական այգուց «Առավոտին» վստահեցրին, որ միայն մեծահասակների համար են տոմսի գները բարձրացրել, մանուկների համար մնացել է նույնը՝ 300 դրամ: Այսուհետեւ ոչ անչափահասների համար 1 տոմսը կարժենա 500 դրամ, նախկին 300-ի փոխարեն: «Մեծահասակների տոմսի գները բարձրացրել ենք այգու համար նախատեսված բարեփոխումների ծրագրի շրջանակներում: Պետական աջակցությունը բավարար չէ, որպեսզի այգին լիարժեք բարեփոխվի: Իսկ այսկերպ՝ տոմսերի թանկացումով, գոնե որոշակի հավելյալ գումարներ կներգրավվեն, ինչն էլ կուղղվի այգու բարեկարգմանը»:
Ինչ վերաբերում է բնակիչների այն դժգոհություններին, թե տոմսերի գները բարձրացնում են, բայց այդպես էլ այգում նկատելի բարեփոխումներ տեղի չեն ունենում, իսկ կենդանիներն էլ տեսքից ընկած են ու ծեր, այգու լրատվական բաժնից մեզ հետ զրույցում վստահեցրին, որ բարեփոխումները պարբերաբար ու անդադար գործընթաց են լինելու, եւ հնարավոր չէ, այգին, ասենք՝ 3 ամսով փակել եւ ողջ աշխատանքները միանգամից կատարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել