Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ ՓՈԽԵԼ ԵՆ ՈՒ ԿՐԱԿՆ ԸՆԿԵԼ

Հունիս 02,2011 00:00

«Հայջրմուղկոյուղուն» մեղադրում են ջրամատակարարումը հավուր պատշաճի չիրականացնելու եւ փողեր լվանալու մեջ

\"\"

Արդեն 3 ամիս է, ինչ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը Մասիս-Արգավանդ ջրագծի մոտ 40 կմ երկարությամբ 1200 մմ տրամագծով 2 խողովակաշարերը փոխարինել է 500 մմ տրամագծով 1 խողովակաշարով: Սա պատճառ է դարձել, որ Մասիսի խմելու ջուրը որակազրկվի, քանի որ նոր անցկացված խողովակը փտած է եւ խմելու ջրի համար անպիտան, իսկ հին խողովակի ապամոնտաժման եւ նորն անցկացնելու ժամանակ սանիտարական նորմերը չեն պահպանվել, բացի այդ էլ կրճատվել են ջրի մատակարարման ժամերը: Նոր խողովակաշարը պաշտպանիչ շերտ չունի, ներսի պատերն էլ պատված են ժանգով: Մասիսցիների խմելու ջրի խողովակն անցնում է ճահիճների եւ ցեխաջրերի միջով, իսկ քանի որ նոր խողովակը փտած է, կեղտոտ ջուրը տեղ-տեղ լցվում է խմելու ջրի խողովակի մեջ՝ բնակիչների համար առաջացնելով առողջական խնդիրներ:
Այսպիսի դժգոհությամբ եւ իրենց առողջության համար խիստ անհանգստացած «Առավոտին» էին դիմել Մասիսի բնակիչները: Նրանք «Հայջրմուղկոյուղուն» մեղադրում են նաեւ փողեր լվանալու մեջ: Հիմք ընդունելով ընկերության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությունը՝ մասիսցիները նշում են, որ Մասիսի տարածաշրջանում ջրատարի ապամոնտաժման աշխատանքների համար փաստացի վճարվել է $4 միլիոն 567 հազար (մոտ 1 միլիարդ 690 միլիոն դրամ), սակայն ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար մրցույթում հաղթող է ճանաչվել «Աշոցք» ՍՊԸ-ն, որը նույն աշխատանքը անելու պատրաստակամություն է հայտնել ավելի ցածր գնով՝ 713 միլիոն 14 973 դրամով: «Աշոցք» ՍՊԸ-ն «Հայջրմուղկոյուղի» ընկերությունից գումարն առձեռն չի ստացել, այլ դրա փոխարեն իրեն է վերցրել ապամոնտաժված 1200 մմ տրամագիծ ունեցող խողովակաշարերը: Իսկ թե ո՞ւր են անհայտացել մնացած միլիոնները, ընկերության կայքում այդ մասին տեղեկատվություն չկա:
Մասիսցիների բողոք-դիմումները հասել են մինչեւ նախագահական նստավայր: Կառավարությունը հանձնարարել է տարածքային կառավարման նախարարությանը՝ ուսումնասիրել խնդիրը: Այս տարվա փետրվարին Արարատի մարզպետը, Մասիսի քաղաքապետը, տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչը եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերության տեղական մի քանի համայնքների ղեկավարներ հանդիպում են կազմակերպել Մասիսի բնակիչների հետ եւ լսել նրանց դժգոհությունները: Սակայն ուսումնասիրության եզրակացությունը եղել է այն, որ այս դժգոհությունները չեն համապատասխանում իրականությանը. ամեն ինչ իրավաչափ է եւ ամեն ինչ արվել է, որպեսզի այստեղի պոմպակայանների տարեկան էներգիայի ծախսը նվազեցվի:
Խնդրով զբաղվել է նաեւ Գլխավոր դատախազությունը, որը մասիսցիների դիմում-բողոքը հասցեագրել է ոստիկանության Մասիս քաղաքի բաժին: Ոստիկանության բաժնից կրկին պատասխանել են, որ «Հայջրմուղկոյուղի» եւ «Աշոցք» ընկերությունների աշխատակիցների արարքում բացակայում է հանցադեպը:
Այս պատասխանները չեն բավարարել մասիսցիներին եւ նրանք կրկին դիմել են պետական բոլոր կառույցներին՝ այս անգամ քրեական գործի հարուցման պահանջով, սակայն Արարատի մարզի դատախազությունից մերժել են՝ պատճառաբանելով, որ այդ գործում բացակայում է հանցակազմը:
Մասիսի բնակիչների բարձրացրած խնդիրների առնչությամբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ «Հայջրմուղկոյուղի» ընկերությունից: Պարզվեց, որ հիմնական բողոքը ներկայացրել է Մասիս քաղաքի բնակիչ Օլգա Սարգսյանը: Նա այդ քայլին է դիմել, քանի որ բռնազավթել է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածք, որի տակ գտնվում է «Հայջրմուղկոյուղուն» պատկանող 1200 մմ տրամագիծ ունեցող խողովակների մի մասը (նշենք, որ մեզ ուղղված նամակն էլ էր նրա անունով): Ընկերության ներդրումային ծրագրերի համակարգման տնօրեն Նորիկ Գեւորգյանի խոսքերով, իրենք իսկական պատմությունների մեջ են ընկել այս կնոջ պատճառով. «Նա ոչ մի կերպ չի ցանկանում մեզ հանձնել մեր խողովակները, այսինքն՝ արդեն «Աշոցքի» խողովակները: Մենք արդեն ունենք դատարանի վճիռ, ըստ որի՝ նա պարտավոր է բռնազավթած տարածքը զիջել, որպեսզի մենք փորենք եւ մեր խողովակները հանենք: Երբ տեխնիկայով գնացինք, որպեսզի այդ աշխատանքներն անենք, նա իր երեխաներով եկավ պառկեց հողի վրա: Մինչեւ հիմա դեռ չենք կարողացել խողովակները հանել: Ինչ վերաբերում է գումարային հարցերին, ապա նշեմ, որ մենք «Աշոցք» ընկերությանն առձեռն գումար չենք տվել: «Հայջրմուղկոյուղու» տնօրենների խորհրդի նիստում Պատրիկ Լորենի առաջարկությամբ համաձայնեցվել է, որ Մասիս քաղաքի եւ Մասիսի տարածաշրջանի 18 համայնքների ջրամատակարարման բարելավման համար ապամոնտաժվեն Կոտայքի մարզի Գյումուշ-Աբովյան չգործող 4 կմ երկարության 500 մմ խողովակները, որպեսզի օգտագործվեն Մասիս-Արգավանդ ջրագծի կառուցման համար, իսկ այդտեղի հին խողովակաշարերը՝ 17 կմ երկարության 1200 մմ տրամագծով 2 խողովակները տրամադրել մրցույթում հաղթած ընկերությանը՝ «Աշոցքին»: Մեր հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս են նոր խողովակներն անցկացրել, եթե տիկինը թույլ չի տվել հին խողովակի մի մասն ապամոնտաժել, նա պատասխանեց. «Մենք ստիպված էինք շրջանցել նրա զավթած տարածքը: Դատարանի վճիռը մեզ պետք էր, որ հին խողովակները հանենք ու հանձնենք «Աշոցք» ընկերությանը»: Հարցին էլ՝ ինչո՞ւ են 1200 մմ-ն փոխարինվել 500 մմ տրամագծով խողովակներով, պարոն Գեւորգյանը պատասխանեց. «Լայն տրամագիծ ունեցող խողովակին ավելի շատ ջուր պետք է տայինք եւ ավելի շատ էլեկտրաէներգիա ծախսեինք, որպեսզի ջրամատակարարումն ապահովեինք, իսկ հիմա մենք ապահովում ենք շուրջօրյա ջրամատակարարում եւ տարեկան խնայում 4 միլիոն 267 հազար կիլովատ՝ սպասարկելով մոտ 60 հազար բնակչի: Նշեմ նաեւ, որ շուրջօրյա ջրամատակարարման ժամանակ, եթե խողովակը վնասված լինի, հսկայական ջրի շիթեր կառաջանան, որը անհնար է չնկատել: Ինչ վերաբերում է խողովակների՝ ճահիճների եւ կեղտաջրերի միջով անցնելուն, ասեմ, որ նախ դրանք հողի տակով են անցկացված, հետո էլ կեղտաջրերի ներթափանցում չի կարող լինել, որովհետեւ ջուրը չի դադարում հոսել այդ խողովակով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել