Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարածքում բացված «Ջերմուկ Ինթերնեյշնլ» ընկերության «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» գործարան: Ինչպես տեղեկանում ենք նախագահի մամուլի գրասենյակի ուղարկած հաղորդագրությունից՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված եւ ամբողջությամբ ավտոմատացված ու արդիական հոսքագծերով համալրված գործարանի բացման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել կարբոնացված քաղցրահամ ըմպելիքներ արտադրող այս գործարանի կարողություններին, զարգացման ծրագրերին: Այդ ծրագրերի համաձայն, գործարանն առաջիկայում նախատեսում է տեղադրել բնական հյութի արտադրության նոր հոսքագիծ, որի արտադրատեսակները կիրացվեն ոչ միայն Հայաստանում, այլեւ կարտահանվեն հարեւան եւ Միջին Ասիայի երկրներ: