Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն գնաճի մակարդակով դեռ առաջատար է

Հունիս 02,2011 00:00

Այս տարվա առաջին 5 ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական շուկայում 9% գնաճ է արձանագրվել: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, մայիսին ապրիլի համեմատությամբ՝ աճել են կաթնամթերքի, մսի, կենդանական ու բուսական յուղի, շաքարավազի, սուրճի, թեյի, կակաոյի ու հրուշակեղենի գները՝ 0,1-1,3%-ով:
Նախորդ ամիսներին էական գնաճ է արձանագրվել հատկապես բանջարեղենի ու կարտոֆիլի գծով, աճել են նաեւ մրգի գները: Թե ինչու են տարվա այս սեզոնին աճել, օրինակ, կաթնամթերքի գները, երբ կաթնատվության իսկական սեզոնն է, ԱՎԾ ներկայացուցիչ Գուրգեն Մարտիրոսյանը երեկվա ասուլիսում բացատրեց. «Հիմնականում աճ է արձանագրվել կարագի գծով: Կաթնամթերքի շուկայում որոշ ապրանքներ ներկրվող ապրանքներ են ու կախված են միջազգային շուկայի գներից եւ ոչ թե տեղական արտադրությունից»: Ըստ նրա, թեեւ միջազգային շուկաներում նախորդ ամիսներին նվազել են բենզինի գները, բայց Հայաստանում աճի միտումները պահպանվել են: «Հնարավոր է, որ նախկին խմբաքանակը բարձր գներով է ձեռք բերվել, ու մեր շուկայում չի կարող միանգամից անդրադառնալ, որովհետեւ մենք տեղական հումքի վրա չենք վերամշակում»,- բացատրեց պարոն Մարտիրոսյանը՝ չբացառելով արհեստական գնաճը: Առողջապահական ոլորտը եւս չի խուսափել գնաճի հարձակումներից: Նախորդ ամիսների ընթացքում բուժսպասարկման ծառայություններն աճել են 11,8 %-ով: ԱՎԾ ներկայացուցչի խոսքով, գնաճի բարձր ցուցանիշով Հայաստանը ԱՊՀ տարածքում դեռ պահպանում է առաջատարի դիրքերը:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ կարծում է, որ գնաճի տեմպերը առաջիկայում էլ կմնան անփոփոխ. «Նախագահի հորդորներից հետո ոմանք պետք է ձեւացնեն, թե գործ ունեն, բայց ինձ բնավ չի բավարարում այս իրավիճակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել