Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեխաների պաշտպանության օրվա առթիվ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ուղեկցությամբ այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:
Վարչապետը ծանոթացել է քրեակատարողական հիմնարկի խնդիրներին, 17 անչափահաս դատապարտյալների, նրանց ծնողների եւ հարազատների հետ մասնակցել ճաշկերույթի:
«Իմ երազանքը», «Իմ ապագան» խորագրով շարադրության մրցույթին օրեր առաջ մասնակցած 8 դատապարտյալներին Տիգրան Սարգսյանը հանձնել է պատվոգրեր եւ նվերներ՝ շախմատներ, ֆուտբոլի եւ բասկետբոլի գնդակներ, իսկ «Աբովյան» ՔԿՀ-ին նվիրել է համակարգիչ:
Քրեակատարողական հիմնարկում գործում է արհեստագործական ուսումնարան, որի ղեկավար Թեմիկ Խալաթյանը ՀՀ վարչապետին ներկայացրել է դատապարտյալների ձեռքի աշխատանքները, որոնք մասնակցել են միջազգային ցուցահանդեսների:
Վարչապետի տպավորությամբ՝ անչափահաս դատապարտյալների թվում կան տաղանդաշատ երեխաներ, որոնք հետագայում կարող են իրենց արժանի տեղը գտնել արվեստի, գիտության, սպորտի ոլորտներում: