Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին մանկական մրցանակաբաշխությունը

Հունիս 02,2011 00:00

Հունիսի 5-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Ազգային մանկական առաջին մրցանակաբաշխությունը, որին մասնակցելու են ՀՀ սպորտի եւ երիտասարդության, կրթության եւ մշակույթի նախարարությունների ներկայացրած մինչեւ 16 տարեկան լավագույն երեխաները: Lինելու է մոտ 20 անվանակարգ՝ երաժշտության, սպորտի, կրթության եւ այլն: «Մրցանակաբաշխությունների տեղատարափի մեջ մանկական մրցանակաբաշխությունը հրատապ  է: Փորձել ենք տարբեր ասպարեզների տաղանդավոր երեխաներին (երաժշտություն, գեղարվեստ, սպորտ) մեկտեղել եւ թանկարժեք նվերներ, մրցանակներ, դիպլոմներ շնորհել»,- նշեց մրցանակաբաշխության գլխավոր  պրոդյուսեր, նախագծի համահեղինակ Միքայել Մարգարյանը՝ հավելելով, որ փորձելու են լինել հնարավորինս օբյեկտիվ, լավերի միջից ընտրել լավագույններին, քանի որ մրցանակաբաշխությունն ինքնին նեղանալու տեղիք է տալիս: Մ. Մարգարյանի մեկնաբանմամբ, մրցանակաբաշխության նպատակն է ցույց տալ եւ խրախուսել տաղանդավորներին: «Մինչեւ հիմա միայն երգող ու պարող երեխաների մրցանակաբաշխություններ են արվում, երեխան նայում է դրանք եւ մտածում, որ միայն պետք է պարի եւ երգի, որպեսզի ճանաչված լինի, մինչդեռ մեր մրցանակաբաշխությունը ազդակ է երեխայի համար, որ հասկանա, թե իր բնագավառում լինելով լավը՝ կարող է արդյունքների հասնել»,- ասաց մրցանակաբաշխության մտահղացման հեղինակ Անահիտ Հովհաննիսյանը: Նա տեղեկացրեց, որ մրցանակաբաշխությունը, բացի անհատներից, ֆինանսավորել է Երեւանի քաղաքապետարանը, իսկ ՀՀ մշակույթի նախարարությունը աջակցել է դահլիճի տրամադրման հարցում:
Այս մրցանակաբաշխությունը չի ունենալու ժյուրի, իրենց համար լուրջ հիմք կլինեն նախարարությունների ներկայացրած տվյալները: Օրինակ, «Լավագույն մանկական հեռուստանախագծին», «Լավագույն մանուկ դերասանին» ու «Լավագույն հաղորդավարին» կընտրեն սոցհարցումների միջոցով, որոնք անցկացվել են երեկվանից սկսած՝ տարբեր մանկաշատ վայրերում:
Թե ինչպես է վերահսկվելու, որ լավագույնները գնահատվեն, Մ. Մարգարյանը այսպես պատասխանեց. «Վերահսկումը մենք ենք անելու, ինքս պատրաստ եմ ծնողների կողմից դժգոհությունները լսել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել