Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ՉԵԶՈՔԱՑՎԵՑ «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿՈՆԴԻՑԻԱՆ»

Հունիս 02,2011 00:00

\"\"Արտախորհրդարանական ուժերի հարցը Լեւոն Տեր-Պետրոսյանին

«Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտ ներկայացրեց մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, ես մի առիթով ասել եմ՝ ժամանակը ցույց կտա, թե ով է ճիշտ: ՀԱԿ-ը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ներկայիս իշխանությունները դավանում են միեւնույն գաղափարախոսությանը: 20 տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել, հետեւաբար դա չի կարող տանել իշխանափոխության»,- երեկ «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով նախորդ օրը հանրահավաքում ՀՀ առաջին նախագահի հնչեցրած միտքը, որ ՀԱԿ-ը խաղամոլ չէ, եւ «իշխանափոխության իրականացման համար անհրաժեշտ քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում դեռեւս բավարար լիցք չի պարունակում կամ համապատասխան կոնդիցիայի չի հասել»՝ ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Ի դեպ, այս համատեքստում ընկեր Թովմասյանը խորհուրդ է տալիս ուշադիր հետեւել առաջին նախագահի գլխավորած շարժման էվոլյուցիային՝ «ինչից սկսեցին եւ ուր հասան»: Մի հարցում Թովմասյանը համակարծիք է. «Այո, ուժ չունեն իշխանափոխություն անելու, էն գլխից էլ չունեին: Այդ հանրահավաքներին մարդիկ գնում էին ավելի շատ թամաշայի համար: Իսկ խաղացանկը, խոստովանեմ, բազմազան էր՝ ավազակապետություն, թաթար-մոնղոլներ, ցուցումներ տվող տարատեսակ ցուցակներ…»: Որ 2008-ի մարտի 1-ին իշխանությունները դաժանաբար վերաբերվեցին ժողովրդի նկատմամբ, գնդակահարվեցին անմեղ մարդիկ, եւ որ այդ հարցում ամենամեծ պատասխանատվությունը հենց իշխանությունների վրա է ընկած, Թովմասյանը չի վիճարկում: Ավելին, նա թերեւս այս առիթով ամենասուր քննադատություն հնչեցնող առաջիններից մեկն է եղել: Իսկ իրադարձությունների այնպիսի զարգացումից հետո, երբ վերջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ն արդեն պատրաստ է «իշխանության հետ ֆորմալ, այսինքն՝ պատվիրակությունների մակարդակով երկխոսության», եւ «առաջիկա օրերին մենք կորոշենք մեր պատվիրակության կազմը, որը բաղկացած կլինի 3-5 հոգուց, եւ իշխանությանը կներկայացնենք երկխոսության մեր օրակարգը», ինչպես նաեւ հեղափոխություն պահանջողների նկատմամբ առաջին նախագահի գնահատականները նկատի ունենալով՝ ընկեր Թովմասյանը մեկ հարց է ուղղում Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Իսկ ո՞ւր է այն մարդը կամ մարդիկ, ովքեր ժողովրդին առաջնորդում էին իշխանափոխության այդ ճանապարհով: Ղզիկի պես փախան՝ տներում նստեցին: Իսկ ո՞վ պատասխան պիտի տա զոհվածների մայրերին, կանանց, երեխաներին: Հայտարարում է՝ մեկ միլիոն դոլար պիտի տան. դե, գնա թալանածիցդ բեր ու տուր, մարդիկ քեզ համար էին եկել»: Կոմկուսում հաստատուն են իրենց կարծիքում. «Երկրի թալանի սկիզբը դրեց Լեւոնը, այսօրվա իշխանություններն էլ շարունակում են: Գեղեցիկ բառեր օգտագործելը ոչինչ չի փոխում: Այդ մարդն իր կրթական ցենզով հանդերձ՝ վերջապես պե՞տք է իրադրությունը ռեալ գնահատի, թե՞ մտածում է, որ թուղթը դրեց կարդաց՝ շատ խելոք բան արեց: Երկխոսության կիսաբաց դռան ժանգոտ «պետլիներն» իր ժամանակ են դրվել, ու այդ դռան ճռռոցն այնքան մեծ է, որ արտահայտվում է ՀԱԿ-ի հասցեին այսօր հնչող քննադատություններով: Էնպես են գլուխ գովում, թե Ազատության հրապարակը գրավեցինք, ոնց որ Բաքուն են գրավել: Բա ինչի՞ էլ թաշկինակը ձեռին չի պարում. արդեն ամեն ինչ լա՞վ է»: Նկատի ունենալով ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակը՝ Թովմասյանը վստահ է, որ «ժողովրդին հերթական անգամ տանում են խաբեության ճանապարհով», որպեսզի «կոտրեն ժողովրդի եղած կամքն էլ», ու վստահ է, որ ժողովուրդն ի վերջո ընտրելու է իրենց՝ արդարությունն ու սոցիալիզմը եւ ոչ թե թալանը: Նա խորհուրդ է տալիս Տեր-Պետրոսյանին՝ պարզ հայտարարել, թե ինչի համար է այս ամենը սկսել: Ըստ Թովմասյանի՝ «Եթե նայեք նրա ելույթների վերլուծությունը, ինչը բերեց իշխանությունների հետ սեթեւեթելուն եւ խաղեր տալուն՝ այ, հենց դրա համար էլ սկսել են: Թե չէ՝ կարո՞ղ է ավազակապետությունը դարձել է ժողովրդական պետություն: Ի՞նչն է փոխվել, թաթար-մոնղոլները դարձան ՀՀՇ-ական զո՞րք»:
ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի համար անհասկանալի էր ավազակապետի, մոնղոլ-թաթարի, քրեական տարրի հետ երկխոսելու իմաստը, բայց մեկնաբանություններ չի անում: Ամեն դեպքում վստահ է, որ այս իրավիճակով երկխոսությունը չի բավարարելու ՀԱԿ-ի ակնկալիքները՝ արտահերթ ընտրություններ: Նա համաձայն է, որ հասարակական աջակցություն իշխանափոխության համար այսօր չկա, բայց. «Մենք ունեցել ենք նման հնարավորություններ՝ 2008-ի փետրվարին, մարտին, հետո նաեւ՝ 2011-ի մարտին, երբ նորից էր սկսվում, այլ հարց է, որ քաղաքական ուժը, որը ստեղծել է այդ հնարավորությունները եւ առաջ է տարել՝ ինչպե՞ս է օգտագործել»: Բայց մեր զրուցակիցը դա կապում է ոչ միայն քաղաքական ուժերի ճիշտ ու սխալի, ժողովրդի մենթալիտետի, այլ նաեւ քաղաքական պահի բացակայության հետ: Եվ իշխանություններին զգուշացնում է, որ քաղաքական պահի պարագայում ժողովուրդը ոտքի է կանգնելու:
«Հնչակյան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն էլ բավականին սուբյեկտիվ է համարում հասարակական ակտիվության վերաբերյալ Տեր-Պետրոսյանի գնահատականները, քանի որ, ըստ նրա, դժվար է ենթադրել, թե որ պահին կամ ինչ հանգամանքներում հասարակական ակտիվությունն իր պիկին կհասնի: Ի դեպ, նկատենք նաեւ, որ այդ ակտիվությունը զսպվում է հենց Կոնգրեսի կողմից, ու հենց այդ պատճառով շատ ու շատ հեղինակություն վայելող անձինք այսօր հրապարակավ հայտարարում են Կոնգրեսի մարտավարության եւ ռազմավարության հետ իրենց անհամաձայնության մասին: Էլ չասած, որ նախորդ հանրահավաքում կոնգրեսական ղեկավարությունը մի կերպ համոզեց նստացույցի պատրաստ մարդկանց գնալ տուն: Վարդան Խաչատրյանը միայն արձանագրում է, որ թե քաղաքական, թե տնտեսական բոլոր տեսակի գործընթացներն այսօր Հայաստանում ընթանում են դրսի թելադրանքով եւ տնտեսական աննախադեպ անկման պայմաններում, հետեւաբար նաեւ անկանխատեսելի են դրանց հետագա զարգացումները: Իսկ իշխանությունների հետ երկխոսության Կոնգրեսի պատրաստակամության առիթով էլ նկատեց. «Ես չեմ պատկերացնում ՀԱԿ-ի նշած օրակարգով՝ արտահերթ նախագահական, հետո՝ պառլամենտական ընտրություններ, դա բավականին բարդ իրականացնելի պահանջ է: Նաեւ՝ արտահերթ պառլամենտական ընտրություններն այսօրվա դրությամբ սահմանադրական հիմք չունեն, հետեւաբար՝ դժվար է ակնկալել ահռելի արդյունք՝ մեխանիկական գործողություններով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել