Լրահոս
Օրվա լրահոսը

159 ԴՐԱՄ՝ 3 ԱՆԳԱՄ ՍՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հունիս 02,2011 00:00

Մինչ Երեւանում քաղաքապետարանը  հոգացել է մանկապարտեզ հաճախող երեխաների ծախսերը, մարզերում նախադպրոցական հաստատություններում սննդի խնդիր կա: Նոյեմբերյանի թիվ 2՝ «Հեքիաթ» մանկապարտեզը 4 խումբ, 100 սան ունի: Այս մանկապարտեզը «Քայլ առ քայլ» ծրագրի Հայաստանում գործող վերապատրաստման 6 կենտրոններից մեկն է: Մանկապարտեզի տնօրեն, 2001թ. հանրապետությունում լավագույն դաստիարակ ճանաչված Փառանձեմ Խանգելդյանն ասում է, որ յուրաքանչյուր երեխայի համար ծնողներից ամսական 3500 դրամ է գանձվում: Նոյեմբերյանի քաղաքապետարանը տրամադրում է  մանկապարտեզի աշխատողների աշխատավարձը, մանկապարտեզի հեռախոսակապի, բնական գազի եւ գրենական պիտույքների ծախսերը: Սակայն երեխաների սննդի համար քաղաքապետարանը գումար չի հատկացնում. տեղական բյուջեում դրա համար ֆինանսական հնարավորություններ չկան: Այդ նպատակով ծախսվում են միայն ծնողներից գանձվող 3500-ական դրամները: 3500 դրամը բաժանում ես մանկապարտեզ հաճախած 22 օրերի վրա, ստացվում է, որ մեկ երեխային օրական 159 դրամի սնունդ է հասնում: Ինչպե՞ս է հնարավոր 159 դրամով մանկապարտեզում օրական 3 անգամ կերակրել երեխային: Մանավանդ որ վերջին մեկ տարում սննդամթերքի գները բավական աճել են: Ցավոտ խնդիր է նաեւ մանկապարտեզների աշխատողների ցածր աշխատավարձը:  Դեռեւս 2005թ. ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի  5-րդ կետը սահմանում է, որ  նախադպրոցական հաստատությունների դաստիարակների աշխատավարձը չի կարող պակաս լինել, քան հանրապետությունում ընդունված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը: Մինչդեռ «Հեքիաթ» մանկապարտեզի տնօրենի աշխատավարձը 43 հազար դրամ է, դայակները նվազագույն՝ 32 500, իսկ դաստիարակները՝ 35 500 դրամ աշխատավարձ են ստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել