Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1»-ը ՀՔԾ-ին նորից չպետք է վստահվեր

Հունիս 02,2011 00:00

Ասում է մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրած Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը

Երեկ 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործի վարույթն իրականացնող ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար, ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան հանձնարարականի շրջանակներում արդեն երկրորդ անգամ հանդիպել է լրագրողների հետ: Այս անգամ էլ, սակայն, Վ. Հարությունյանը «Մարտի 1»-ի՝ ո՛չ 10 զոհերի մահվան, ո՛չ էլ որեւէ այլ հանգամանքների բացահայտման համատեքստում նոր ոչինչ չի ասել: News.am-ի մատուցմամբ, Վ. Հարությունյանը կրկնել է, թե քննչական մարմինը ակնկալում է քաղաքացիների աջակցությունը՝ հատկապես մարդկանց մահվան հանգամանքների բացահայտման առումով: Նրա ասելով, որեւէ արձագանք չկա նաեւ ՀՔԾ-ի կողմից համագործակցելու նախորդ կոչից հետո: Խմբի ղեկավարը հաղորդել է, որ անցած շաբաթվանից մինչ օրս հարցաքննվել է եւս 20 մարդ, նախատեսվում է հարցաքննել եւս մի քանի հարյուր հոգու, որոնց մի մասի ինքնությունը ներկայումս պարզվում է: Պատասխանելով «Մարտի 1»-ին ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանների օրինականության մասին հարցերին՝ քննչական խմբի ղեկավարը նշել է, թե ծառայողական պարտականությունների չարաշահման որեւէ դեպք չի բացահայտվել, որ ոստիկանության գործողությունները եղել են իրավաչափ:
Նա միաժամանակ հաստատել է, որ չկա տեսագրություն, որը կապացուցեր, թե ոստիկանությունը մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարներին ուժով ցրելուց առաջ նրանց զգուշացրած լինի, թե եկել են տարածքում քննչական գործողություններ կատարելու՝ զենք փնտրելու: Այսինքն՝ բարձրաստիճան ոստիկանների այն պնդումները, թե մինչեւ հրապարակում հիշյալ գործողությունը սկսելը՝ իրենք իրենց այցի նպատակի մասին զգուշացրել են հրապարակում գիշերը մնացած ցուցարարներին, որոնք, իբր, դիմադրել են դրան ու բռնություններ գործադրել «խաղաղ» ոստիկանների դեմ՝ ընդամենը եւ բացառապես ոստիկանների բանավոր պնդումներն են, եւ դա հաստատող այլ ապացույցներ չկան, ինչպես դա պնդում էր «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խումբը:
Երեկ «Առավոտը» քննչական խմբի ղեկավար Վ. Հարությունյանի այս հայտարարությունների շուրջ զրուցեց Փաստահավաք խմբում ընդդիմության՝ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի հետ: «Վ. Հարությունյանը, երեւի, որոշել է «Մարտի 1»-ի հետ կապված իր կարծիքը երբեք չփոխել: Նա նույն այդ կարծիքը կշարունակի պնդել նաեւ մեկ, երեք տարի հետո: Ես գտնում եմ, որ Փաստահավաք խմբում միայն Սաշիկ Աֆյանի հարցաքննությունը բավարար էր մարտի 1-ին ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ համարելու համար: Այն, որ Աֆյանն այդպես էլ չկարողացավ հստակորեն պարզաբանել, թե մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում անցկացված միջոցառում կոչվածը ինչ էր՝ խուզարկություն, թե հանրահավաքը հարկադրաբար կասեցնելու գործողություն, արդեն խոսուն փաստ է: Եթե այդ «միջոցառումը» օրինական գործընթաց էր, ապա ինչո՞ւ օպերատիվ տեսագրություններում այդ միջոցառման սկիզբը չկա, չի տեսագրվել: Իսկ եթե նման տեսագրություն չկա, ապա ոստիկանության եւ ՀՔԾ-ի պնդումներն ու հետեւությունները ինչի՞ վրա են հիմնված: Այդ ինչպե՞ս եղավ, որ ցուցարարներից որեւէ մեկի՝ ոստիկանին հարվածելու պահը նկարահանվում է, իսկ երբ ոստիկանն է հարվածում՝ դրա տեսագրությունը չունեն: Դա բացատրվում է հենց նրանով, որ այդ միջոցառում կոչվածի սկիզբը օրինաչափ չի եղել, եւ եթե իրենք օրինական գործընթաց սկսած լինեին՝ անպայմանորեն դա սկզբից մինչեւ վերջ կտեսագրեին»,- հայտարարեց տիկին Սաֆարյանը: Նա ասաց, թե որոշել է այլեւս չանդրադառնալ Վ. Հարությունյանի հայտարարություններին, որովհետեւ մարտիմեկյան գործերի քննությանն անմիջական մասնակցություն ունենալով՝ համոզված է ու չի էլ պատկերացնում, «որ Վ. Հարությունյանն այդ գործով կարող է այսօր այլ բան ասել, քան ասել է մինչ օրս՝ վերջին 3 տարիներին»:
Բայց չէ՞ որ կա երկրի նախագահ Ս. Սարգսյանի հանձնարարականը՝ նոր թափ հաղորդել գործին, փորձել այն այլ տեսանկյունից քննել եւ նման բաներ:
Մեր այդ դիտարկմանն ի պատասխան՝ Ս. Սաֆարյանը հակադարձեց. «Ի՞նչ կապ ունի, թե ինչ է ասել նախագահը: Վ. Հարությունյանը եթե փորձի հիմա այլ բան ասել՝ առաջինն ինքը պիտի պատասխան տա, թե ինչո՞ւ դա 2-3 տարի առաջ չի ասել, ի՞նչն է նրան խանգարել: Մենք այսօր կարծիք ենք հարցնում մի մարդուց, որն այս գործը ձախողողներից մեկն է: Հիմա ինչպե՞ս կարող է Վ. Հարությունյանը փոխվել, վերանայել իր կարծիքը: Բացառվում է:
Իմ կարծիքով՝ ՀՔԾ-ն երբեք էլ այս գործի քննությունը չի կարող տանել այն հունով, որպեսզի ժողովուրդը տեղի ունեցած բացահայտումներով բավարարված լինի: Ոչ մի նոր բացահայտում էլ չի լինի: Մյուս կողմից՝ երբ խոսվում է որոշ հանգամանքների առարկայական բացահայտման մասին, ես հասկանում եմ՝ իշխանություններն ընդունում են, որ նախկինում բացահայտման ուղղությամբ ոչինչ էլ չեն արել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել