Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՍԿ ԿԱ՞ ՄԵԿԸ, ՈՐ ԿՓՈՐՁԻ «ՀԱՐԱՄԵԼ»

Հունիս 02,2011 00:00

Ընդդիմություն-իշխանություն ջերմ-բարեկամական հարաբերություններն առայժմ ոչ ոք չի փորձում «հարամել» (բառը մայիսի 31-ին շրջանառության մեջ դրեց առաջին նախագահը):

ՀԱԿ վերջին հանրահավաքից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ եւ հասկանալի նշեց, թե ոչ ոք թող անգամ չփորձի «հարամել» ընդդիմության եւ իշխանության միջեւ սկսված երկխոսությունը, Հայաստանում ստեղծվեց մի նոր, արմանք-զարմանք իրավիճակ, երբ եւ վերեւները գիտեն՝ ինչ են անում, եւ ընդդիմությունը գիտի՝ ինչ է անում, իսկ մնացած բոլորը, միասին վերցրած, սպասում են, թե այս երկուսն իրար հետ ինչի են հանգելու եւ մինչեւ ուր են հասնելու: Դատելով մեր երկրում ստեղծված իրավիճակից՝ կարող ենք ասել, որ իրական ժողովրդավարության դասեր հիմա մենք ենք տալու նույն եվրոպաներին եւ այլոց, այստեղ են ասել՝ հայի վերջին խելքը:
Հաստատ ոչ մի եվրոպացու կամ ամերիկացու մտքով չէր կարող անցնել, որ չհասկացվածության պատերը այդքան հեշտ ու հանգիստ կարելի է քանդել, պարզապես պետք է ունենալ շախմատից գլուխ հանող երկրի նախագահ եւ հիմնադիր նախագահ:
Երեկվանից քաղաքական ուժերը Հայաստանում քննարկում են այն, ինչ ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այդ նույն ժամանակահատվածում Հռոմում մասնակցում է Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված միջոցառմանը:
Միավորումներն ընդհանրապես պատմության մեջ արդարացված են եղել: Եվ եթե ընդդիմությունն ու իշխանությունը հասցնեն միավորվել, իրոք կստեղծվի աննախադեպ իրավիճակ, երբ ոմանք պարզապես կշվարեն եւ մոլորված կմտորեն՝ «Աջ գնամ՝ մերոնք են, ձախ գնամ՝ մերոնք են»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ողջունելի է համարում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն այն մասին, որ ընդդիմությունը պատրաստ է իշխանության հետ երկխոսության։ ԱԺ նախագահի կարծիքով. «Շատ ողջունելի է, որ արմատական ընդդիմությունը նման առաջարկ է ներկայացնում իշխանություններին։ Իմ կարծիքով՝ հանրապետության նախագահը կգնա այդ քայլին, եւ կկազմակերպեն այդ երկխոսությունը, որը, իհարկե, համոզված եմ, բխելու է Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի շահերից»։
Հարցին, թե իշխանությունը ի՞նչ սկզբունքով է պատրաստվում ձեւավորել ընդդիմության հետ բանակցող պատվիրակությունը, դրանում ընդգրկվելու են միայն հանրապետականնե՞ր, թե՞ պատվիրակությունը կկազմվի կոալիցիոն հուշագրի շրջանակում, այսինքն՝ նաեւ ՕԵԿ եւ ԲՀԿ, Հովիկ Աբրահամյանը գրեթե չպատասխանեց եւ բավարարվեց միայն ասելով, թե «դա հանրապետության նախագահի որոշելիք գործն է, նախագահը կորոշի։ Այդ ֆորմատը դեռ չենք քննարկել, բայց առաջիկայում երեւի հայտնի կլինի»։
Եվ հենց այդտեղ, Հովիկ Աբրահամյանի այս պատասխանից հետո, կասկած չմնաց, որ դեռ բավականին աննախադեպ զարգացումներ են լինելու, որ շատ էլ իրատեսական է, որ իշխանությունն ու ընդդիմությունը նստեն կլոր սեղանի շուրջ, գուցե միասին սուրճ էլ ըմպեն, կատակներ էլ անեն եւ ձեռքի հետ էլ երկրի եւ ժողովրդի հարցերը լուծեն: Իրոք, նման բան աշխարհը ոչ տեսել է, ոչ էլ կտեսնի:
Երեւի հենց սա նկատի ունեին ժամանակին որոշ գործիչներ, երբ ամեն մի լարված իրավիճակի առաջ հայտնվելով՝ շարունակ խոսում էին հայկական տարբերակի մասին: Գուցե հենց սա է հայկական տարբերակը:
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը երեկ պատասխանելով «Առավոտի» հարցերին՝ ողջունեց ընդդիմության հետ երկխոսելու առաջարկը, սակայն կտրականապես ժխտեց այն, թե երկրի նախագահը կհամաձայնվի արտահերթ նախագահական ընտրությունների: Ըստ մեր զրուցակցի, ընդդիմության հետ երկխոսություն հնարավոր է, սակայն. «Ես բացառում եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնի, որ տեղի ունենան արտահերթ նախագահական ընտրություններ: Մանավանդ, դրա կարիքը չկա, քանի որ կոալիցիան արդեն հայտարարել է, որ 2013-ի՝ նախագահական ընտրություններում պաշտպանելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես միասնական թեկնածու:
Այսինքն՝ մենք նախագահական ընտրությունները տեսնում ենք 2013 թվականին, խորհրդարանական ընտրությունները՝ 2012-ին, իր ժամանակին: Կգա ժամանակը, եւ այդ ընտրությունները կանցկացվեն Սահմանադրության համաձայն»: Պարոն Զոհրաբյանը չընդունեց ՀԱԿ-ի հանրահավաքում հնչեցրած կարծիքները, թե՝ քանի որ նախորդ ընտրությունները եղել են կեղծիքներով եւ ոչ լեգիտիմ, ուստի հարկ է, որ նոր ընտրությունները լինեն արտահերթ եւ չկեղծվեն:
Հանրապետական պատգամավորի կարծիքով՝ ոչ մի նման խնդիր չկա, եւ լեգիտիմության հարց բարձրացնողները խեղաթյուրում են իրականությունը. «Ընդդիմությունը ոչ թե պետք է նման հայտարարություններ անի, այլ պետք է բարի կամք եւ խելամտություն դրսեւորի եւ ընդունի, որ ընտրությունները եղել են լեգիտիմ՝ իհարկե, չեմ բացառում՝ որոշակի թերություններով: Պետք է քաջություն եւ համբերություն ունենալ եւ համբերել մինչեւ 2012 թվականը եւ այդ ժամանակ մասնակցել խորհրդարանական, իսկ 2013-ին՝ նախագահական ընտրություններին: Ով կընտրվի՝ կընտրվի: Ճիշտը սա է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել