Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԾԱՇԱՏԸ, ՊՏՂՈՒՆՑԻԿՆ ՈՒ ԲՌՆԱԴԱՏՎԱԾԱՅԻՆԸ

Հունիս 01,2011 00:00

\"\"Բարեբախտաբար, Հայաստանում ծնված 20 856 աղջկա եւ 23 969 տղայի ծնողների գերակշիռ մեծամասնությունը բարեհունչ է համարել Մանե ու Նարեկ անունները՝ անտեսելով Սկյուռիկ, Ջումշուդ ու Շնորիկ տարբերակները:

Մեր դպրոցում մի աղջիկ կար, անունը՝ Բավական: Ամեն անգամ իր անունն ասելիս խեղճը կարմրում էր ու ստիպված էր լինում բացատրություն տալ, թե ինչու են ծնողները որոշել իրեն Բավական կոչել: Նրա հայրն ու մայրը շատ են ցանկացել տղա ունենալ, ու 5-րդ աղջիկն ունենալով՝ նորածնի անունով են որոշել Աստծուն ասել, որ բավական է աղջիկ տաս, տղա ենք ուզում: Իսկապես, նրանց ընտանիքի 6-րդ երեխան տղա ծնվեց:

Հայաստանում, ցավոք, շատ ծնողներ են երեխայի անունը որոշելիս՝ սարուձոր ընկնում: Արդյունքում՝ ՔԿԱԳՎ մատյաններում այնպիսի անուններ են գրանցվում, որ անգամ զագսի աշխատակիցների ձեռքը չի գնում ծննդյան վկայականներում դրանք գրել: Օրինակ, մեր կողքին ապրում են մարդիկ՝ Տանուտերյան Սկյուռիկ, Ղասաբյան Պտղունցիկ, Բոզոյան Պայքար եւ Բռնադատվածային Սոխակ անուն-ազգանունով, կին կա՝ անունը Ծծաշատ, որը չգիտես ինչի հետ ասոցացնես՝ ոչ բարեհունչ է, ոչ գեղեցիկ: Կաքավների, Մարալների, Դալարների, Ջեյրանների, Շաքարների, Սոխակների ու Բախտիարների դեպքում դեռ կարելի է բացատրել, որ ծնողի համար իր փոքրիկը քաղցր է եղել, անուշ, սիրուն ու բախտավոր է եղել ու ուզեցել է իր զգացությունը փոխանցել, բայց դժվար է կռահել, թե ինչ է մտածել ծնողը՝ երեխայի անունը Ջումշուդ կամ Շնորիկ դնելով, այն էլ՝ Կլորյան: Գյուղերում վիճակն ավելի վատ է. սերիալային Կասանդրաներից, Ջեսիկաներից, Լույսդավիթներից բացի, ոմանք, առանց հասկանալու բառի իմաստը, զուտ բարեհունչ լինելու համար երեխային կոչում են Դիզենտերիա, Գալանտերեա, անգամ՝ Ինդուստրալիզացիա: Երկու տարի առաջ Նոյեմբերյանի զագսի պետը պատմում էր, թե ինչպես է ինքը կռիվ տվել մի ծնողի հետ, որը պնդել է երեխայի ծննդյան վկայականում անունը հաստատել ոչ թե Իգոր, այլ՝ Իգր, բացատրելով, թե Իգրն ավելի կարճ է ու ավելի ճիշտ:

Մի ժամանակ մարզերում շատ տարածված էր նաեւ երեխաներին պետությունների, քաղաքների անունով կոչել: Մեկը իրեն հայրենասերի տեղ էր դնում ու փոքրիկին Հայաստան անվանում, մյուսը, չգիտես ինչ տրամաբանությամբ, երեխային Արգենտինա, Վաշինգտոն կամ Լոնդոն էր անվանում, չնայած բոլորս էլ գիտենք, որ, բացի իրենց ծնողներից ու ուսուցիչներից, ոչ ոք նրանց ամբողջական անունով չի դիմում: Հետո Հայաստաններին փոխարինեցին Շեւրոլեները, Գավրոշները, Յուղաբերներն ու Կայսրուններն ու Կազլովները:

Հայկական այն սովորույթը, որ երեխաներին իրենց տատիկ-պապիկների անունով են կոչում, բացի այն, որ շատ երեխաների ողջ կյանքի ընթացքում սթրեսի մեջ է պահում, այդ անունները, փաստորեն, չեն մեռնում, անընդհատ դրվում են շրջանառության մեջ: Ընտանիք կա, որի արական սեռի անդամների՝ պապիկ, տղա, թոռ, բոլորի անունը նույնն է՝ Իսահակ: Հարսը պատմում էր, որ ինքը երկու տղա է ունեցել, մեկի անունը դարձյալ դրել են Իսահակ, մյուսինը՝ Սահակ, պնդելով, որ իրենց «տոհմածառը մաքուր են պահում»: Հետաքրքիր կլիներ, եթե այդ ազգի կանանց անուններն էլ Սահակուհի դնեին՝ տոհմածառն է՛լ ավելի «անաղարտ» դարձնելու համար: ՔԿԱԳՎ տվյալներով՝ վերջին շրջանում նոր միտում է նկատվում, որ հայրը որդուն իր անունով է կոչում:

Ինչ վերաբերում է մեր երկրի ամենատարածված անուններին, Ազգային վիճծառայության տվյալներով՝ ինչպես 2009-ին, այնպես էլ 2010-ին աղջկա ամենաշաբլոն անուններն են Միլենան, Էլենը, Անին ու Անահիտը, իսկ տղաներինը՝ Դավիթը, Գոռը, Արմանն ու Էրիկը: Եթե 2009-ին աղջիկների անունների ցուցակի առաջին հորիզոնականում Անին էր, այս տարի դարձել է Մանեն, տղաների դեպքում երկու տարի շարունակ մարդիկ ամենաշատը դնում են Նարեկ անունը:

Տարիներ շարունակ իգական սեռի ամենաշատ օգտագործվող անունը Աննան էր, նույնիսկ անեկդոտ կար, որ եթե մի աղջկա ուզում ես դիմել, բայց անունը չես հիշում, նրան Աննա կոչիր, քանի որ 50 տոկոս հավանականություն կա, որ նա Աննա կլինի: Իսկ այսօր արդեն Աննա անունը 6-րդ հորիզոնականում է, եւ 2010-ի տվյալներով՝ 610 երեխայի են կոչել այդ անունով:

Ըստ հրապարակման, շատ են դնում նաեւ Մերի, Մարի, Նարե, Եվա, Մարիա, Լիլիթ անունները: Տղաների դեպքում դեռ Ալենը, Ալեքսն ու Արենը զիջում են Տիգրանին, Սամվելին, Հայկին ու Արթուրին:

Ուշագրավ է, որ իգական սեռի ներկայացուցիչների համար ավելի շատ են ընտրում օտար անուններ, քան՝ տղաների: Այդ ոչ հայկական անուններից առաջատար հորիզոնականներում են Անգելինա, Մոնիկա, Վիկտորյա, Յանա, Սոֆի եւ Սվետլանա անունները, իսկ տարածված 48 անուններից վերջին տեղերում են Վարդուհին, Սեդան ու Էմման: Տղաների անուններից համեմատաբար քիչ են դնում Մանվել, Ռազմիկ, Վահագն ու Գուրգեն, այդ անուններն իրենց տեղը զիջել են Հարությունին, Հովհաննեսին, Ալբերտին ու Համլետին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել