Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Բարսելոնա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման մասին ամեն բան, կարծես, ասվել ու գրվել է: Սակայն արտասահմանյան լրատվամիջոցներից մեկը մի հետաքրքրաշարժ հարցման արդյունքներ է հրապարակել, որը խոսում է հատկապես տղամարդ ֆուտբոլասերների շրջանում այդ խաղի բացառիկ կարեւորության մասին: Հարցման բովանդակությունը հետեւյալն է եղել. ի՞նչը կարող է խանգարել «Բարսելոնա»-«ՄՅՈՒ» հանդիպմանը անմիջականորեն հետեւելուն ու առաջարկվել է «խանգարիչ» հանգամանքների մի ցանկ: Արդյունքները ամեն ինչ ասում են:
Հարցման ենթարկվածների 52%-ը հրաժարվել է հանդիպման ժամին անգամ սուպերմոդել Ադրիանա Լիմայի հետ շքեղ առանձնասենյակում ռոմանտիկ հանդիպում անցկացնելուց, 43%-ը՝ բժշկի մոտ նշանակված կարեւոր այցելությունից, 62%-ը՝ ընկեր-ընկերուհիների հետ երեկո կազմակերպելուց, 58%-ը՝ կնոջ կամ սիրած աղջկա հետ ժամադրությունից, 55%-ը՝ կնոջ ծնողների հրավերն ընդունելուց, 48%-ը՝ բոսի հետ կարեւոր հանդիպումից, 46%-ը՝ հարազատ մոր ծննդին մասնակցելուց, 44%-ը՝ ամուսնական պարտականությունները կատարելուց, ամուսնության տարեդարձը կամ սիրած աղջկա ծնունդը նշելուց: