Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 01,2011 00:00

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿԱՍԿԱԾՆԵՐ

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Ռուսաստան-Հայաստան ազգային հավաքականների պատասխան հանդիպումից առաջ կրքերը նորից բորբոքվում են:

Մտավախություններն ու կասկածները շատ են հատկապես Ռուսաստանում, որտեղ անհանգստությունն ավելի մեծ է: Ռուսական լրատվամիջոցներն այս օրերին փորձում են պարզել գլխավոր գործող անձանց՝ իրենց հավաքականի ֆուտբոլիստների տրամադրվածության աստիճանը: Ու պիտի ասել, որ չնայած նրանք հայտարարում են անպայման հաղթանակի հասնելու անհրաժեշտության մասին, սակայն նրանց խոսքում մի տեսակ ներքին անվստահություն է նկատվում:

\"\"Անդրեյ Արշավին՝ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող. «Մենք Հայաստանին հաղթելու համար պետք է անենք ամեն բան, որպեսզի հետագա երեք ամիսներին, մինչեւ խաղերը կվերսկսվեն, մեզ հանգիստ զգանք: Հիմա մենք լավ ֆուտբոլ ցույց չենք տալիս: Բայց հուսով եմ, որ դա կանցնի»:

\"\"Դինիյար Բիլյալետդինով՝ «Էվերթոնի» կիսապաշտպան. «Մեզ միայն հաղթանակ է անհրաժեշտ: Սակայն այս խաղը շատ ավելի ծանր կլինի, քան Երեւանում էր, քանի որ մրցակիցն ամենայն հավանականությամբ ավելի մեծ ուշադրություն կհատկացնի պաշտպանությանը: Մենք տրիբունաների աջակցության կարիքը կունենանք»:

\"\"Պավել Պոգրեբնյակ՝ ««Շտուտգարդտի» հարձակվող. «Գերմանիայի առաջնության ավարտից մեկ շաբաթից քիչ ավելի է անցել եւ ես չեմ հասցրել մարզավիճակս կորցնել: Խաղալու ենք միայն հաղթանակի համար: Սակայն հայերը ցույց տվեցին, որ ամենեւին էլ զիջող կոլեկտիվ չեն: Նրանց թիմային խաղը ամուր հիմքերի վրա է դրված: Ծանր խաղ է լինելու»:

\"\"Ռոման Պավլյուչենկո՝ Ռուսաստանի հավաքականի հարձակվող. «Հայերի հանդեպ տածած ամբողջ հարգանքովս հանդերձ, այդ օրը մենք պարտավոր ենք հաղթել: Իսկ թե մրցակցի խաղամակարդակի մասին ի՞նչ եմ մտածում, դժվարանում եմ որեւէ կոնկրետ բան ասել, քանի որ առաջին հանդիպմանը չեմ մասնակցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել