Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԿԱՐԳԻՉ՝ ՊԱՏԻ ՄԵՋ

Հունիս 01,2011 00:00

Այսօր Սյունիքի մարզի Գորայք գյուղում կմեկնարկի «Մանակապատ» (Քինդերվոլ) ոչ ֆորմալ կրթական նախագիծը (www.kinderwall.am): Վերջինս երեխաներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել գիտելիքներ՝ անկախ իրենց տարիքից, դպրոցական բազայից եւ առանց մեծահասակների անմիջական միջամտության: Այս մոտեցումն առաջին անգամ կիրառվել եւ փորձարկվել է պրոֆեսոր Միտրայի կողմից՝ Հնդկաստանի գյուղերում: Հայաստանում իրականացվող նախագծի շրջանակում Սիսիանի Գորայք գյուղում պատի մեջ տեղադրվել են երկու համակարգչային տերմինալներ, որոնց միջոցով գյուղի երեխաները կարող են մուտք գործել կրթական կայքեր: «Կոտրելով ավանդական դպրոցի սահմանները եւ տեղադրելով տերմինալները փողոցում՝ մենք օգնում ենք երեխաներին հետազոտել, սովորել եւ պարզապես հաճույք ստանալ իրենց համար սովորական եւ հաճելի միջավայրում», – ասում է նախագծի ղեկավար Ալբերտ Պողոսյանը:

«Մանակապատը» պիլոտային նախագիծ է, որի արդյունքները կամփոփվեն երեք ամսից: Արդյունավետության պարագայում նախատեսվում է նման ծրագրի մշակում հայաստանյան եւս 150 գյուղերի համար: Ինտերնետ տերմինալները տեղադրվում են դրսում, որպեսզի երեխաների համար հասանելի լինեն օրվա ցանկացած ժամի: Տերմինալների չվերահսկվող բնույթը ուսուցման ամբողջ պրոցեսը կենտրոնացնում է հենց սովորողի վրա, ինչը ուղղորդվում է երեխաների բնական հետաքրքրասիրությամբ: Գորայք գյուղում «Մանակապատ» նախագծի մեկնարկին նվիրված միջոցառմանը ներկա կլինեն նախագծի գլխավոր հովանավոր՝ «Գեոթիմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը եւ Գորայք գյուղի գյուղապետ Առուստամ Առուստամյանը: Գորայք գյուղի ինտերնետ տերմինալը կգործի առաջիկա երեք ամիսներին. հետագա գործունեությունը կախված կլինի ծրագրի արդյունքներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել