Լրահոս
Օրվա լրահոսը

19 լավագույն ուսանողներ՝ ԵՊՀ-ում

Հունիս 01,2011 00:00

Որոշ ֆակուլտետներ անլուրջ են վերաբերվում մրցույթին

\"\"Արդեն 11-րդ անգամ ԵՊՀ-ում որոշվում են տարվա լավագույն ուսանողները: Երեկ համալսարանի դահլիճը կրկին լի էր համալսարանականներով, առիթը՝ «Լավագույն ուսանող-2011» մրցանակաբաշխությունն էր: Ուսանողները «զուգված-զարդարված» սպասում էին բեմից իրենց անունների հնչելուն, բայց միայն 19-ին էր բախտ վիճակված այս տարի լավագույնի կոչման տակ բեմ բարձրանալ:

Մրցանակաբաշխության կազմակերպի չ, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Միհրան Հակոբյանի խոսքով, համալսարանի յուրաքանչյուր ֆակուլտետ ներկայացնում է 3-ական թեկնածու, որից մրցանակաբաշխության հանձնաժողովը ընտրում է տվյալ ֆակուլտետի լավագույնին: «Մրցանակաբաշխության համար կա հատուկ հանձնաժողով: Այս տարի այն բաղկացած է 9 անդամից՝ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի նախագահությամբ»,- ասաց Մ. Հակոբյանը: Նրա փոխանցմամբ, «Ժամանակին խոսակցություններ կային՝ ինչո՞ւ ողջ համալսարանի մասշտաբով լավագույն ուսանող չի ընտրվում: Դա անհնարին է. ողջ մայր բուհում այդքան ֆակուլտետների առկայության դեպքում մեկ լավագույն ուսանող ճիշտ չէ ընտրելը»:

Ի դեպ, ԵՊՀ բոլոր ֆակուլտետներն են ներկայացրել 3 լավագույն թեկնածուների, բացի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետից: «Ցավոք, այդ ֆակուլտետի ղեկավարությունը լրջությամբ չի մոտենում մրցանակաբաշխությանը: Մրցույթին նրանք ներկայացրել էին այնպիսի թեկնածուներ, որոնք չէին համապատասխանում չափանիշներին: Հանձնաժողովը որոշում կայացրեց, որ այս տարի այդ ֆակուլտետին չի շնորհելու լավագույն ուսանող: Նման նախադեպ ունեցել ենք՝ անցյալ տարի կենսաբանության ֆակուլտետի հետ կապված խնդիրներ եղան, եւ նրանք աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի պես զրկվեցին լավագույն ուսանողից: Չնայած ամեն տարի մի ֆակուլտետի հետ նման խնդիր լինում է, արդեն մեզ համար սովորական է դարձել, որ ԵՊՀ մի ֆակուլտետ չի մասնակցելու այս մրցանակաբաշխությանը: Բացի դրանից, մրցույթին մասնակցելու հնարավորություն դեռեւս չունեն հեռակա ուսուցման համակարգի ուսանողները՝ թե բակալավրի եւ թե մագիստրատուրայի ուսանողները: Մտադրվել ենք հաջորդ տարի կանոնակարգը ավելի կատարելագործել, որպեսզի մրցույթին մասնակցեն նաեւ հեռակա սովորողները»,- հայտնեց մեր զրուցակիցը:

ԵՊՀ ուսխորհուրդը «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը հնացած միջոցառում է համարում: Ըստ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոբյանի. «Ուսխորհուրդը բազմիցս ասել է, որ մրցույթի անցկացման կարգը ժամանակին համահունչ չէ: Մեր կարծիքով, ուսանողների վերջնական ընտրության մեջ որոշակի սուբյեկտիվություն կա, որովհետեւ ընտրությանը ֆակուլտետները ներկայացնում են 3-ական թեկնածու, սակայն ընտրության պրոցեսին ողջ ֆակուլտետը չի մասնակցում: Բանն այն է, որ լավագույնին ընտրում են կենտրոնական մարմինները՝ ռեկտորատը, գիտական խորհուրդը եւ այլն: Մեր առաջարկն է ընտրությանն ընդգրկել նաեւ ֆակուլտետի ուսանողական խորհուրդների նախագահներին, որոնք ճանաչում են ուսանողներին: Վերջին գիտական խորհրդի նիստում ներկայացրինք մեր առաջարկը, բայց ինչ-ինչ պատճառներով ռեալ պատասխան չստացանք, ընդամենը խոստացան՝ մյուս տարի մտածել դրա շուրջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել