Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌՈՄԵՈ ԵՎ ՋՈՒԼԻԵՏԻ» ՆՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիս 01,2011 00:00

Դասական եւ ժամանակակից պարի սինթեզ՝ ըստ Ռուդոլֆ Խառատյանի

\"\"
Լուսանկարը՝ Ս. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետային ներկայացումը ավելի քան 30 տարի չէր երեւացել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Առաջին եւ միակ բեմադրությունը 1960-ականներին Երեւանում իրականացրել է ճանաչված բալետմայստեր Օլեգ Վինոգրադովը՝ բեմադրիչ դիրիժոր Հակոբ Ոսկանյանի հետ: Այդ տարիներին գլխավոր դերապարերով փայլել են բալետային արվեստի երախտավորներ Էլվիրա Մնացականյանը, Սոնա Վարդանյանը, Վիլեն Գալստյանը, Նորայր Մեհրաբյանը եւ այլք:

Ազգային օպերային թատրոնում Ռուդոլֆ Խառատյանի բեմադրությամբ եւ խորեոգրաֆիայով մայիսի 29-ին կայացավ հիշյալ երկի պրեմիերան: Դժվար է ասել, թե կարոտե՞լ էր հանդիսատեսը շեքսպիրյան հայտնի ստեղծագործությանը, քանի որ համացանցում կան բազմաթիվ տարբերակներ ու մեկնաբանություններ: Վստահ կարող ենք ասել, որ անհրաժեշտ էր նաեւ բալետային ձեւաչափը, քանի որ անձնազոհ սիրո մասին պատկերացումները կարծես աղավաղվել են:

Նվագախումբը, որ պատվով կատարեց իր առաքելությունը, ղեկավարում էր թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Տքնաջան աշխատել են նաեւ դիրիժորներ Ռուբեն Ասատրյանը եւ Կարեն Լավչյանը: Ռ. Խառատյանի բեմադրած «Ռոմեո եւ Ջուլիետը» հնի եւ նորի միավորումն է: Այստեղ ակնհայտ են եւ դասական բալետի տեսակը, եւ ժամանակակից պարային թատրոնի որոշ տարրերի ներմուծումը: Գործ ունենք մի բեմադրության հետ, որն իր տեսակով փորձարարական է: Ներկայացումը կարծես «սկսվեց» միայն առաջին գործողության 4-րդ պատկերից՝ հայտնի պատշգամբի տեսարանով, ուր Ռոմեոն գաղտագողի սողոսկում է այգի՝ հույս փայփայելով կրկին տեսնել Ջուլիետին, եւ պատշգամբում հանդիպելով իրար, երիտասարդները սիրո խոստովանություն են անում: Բալետմայստերի մտահղացումը սկսեց գործել երկրորդ գործողությունում՝ հասնելով իր գեղարվեստական նկարագրի ամբողջությանը: Մինչդեռ, առաջին գործողության մի շարք պատկերներ (հրապարակի, փողոցի, Կապուլետիի տան) տուժեցին ռիթմի պակասի, խորեոգրաֆիկ լուծումների միօրինակության պատճառով: Ավելին, այս բեմադրությունը ցույց տվեց բալետային խմբի գլխավոր թերությունը, այն է՝ կորդեբալետի եւ մենապարողների համագործակցության բացակայությունը: Կորդեբալետ ասվածն այստեղ խղճուկ էր ու աղքատ: «Սպարտակի» օրինակով, թերեւս, կարելի էր կորդեբալետը համալրել Պարարվեստի պետական քոլեջի բարձր կուրսերի ուսանողներով:

Ճիշտ է, Խառատյանի բեմադրությունը հետաքրքիր հղացված մի շարք հատվածներով աչքի ընկավ, սակայն մյուս կողմից էլ՝ դժվար է խոսել ամբողջական բալետային բեմադրության մասին:

Առանձնացնենք հատկապես Ժակլին Սարխոշյանի (Ջուլիետ) քնարական հերոսուհու կերպարը, որն իր վրա էր կրում ներկայացման թե գաղափարական, թե հուզական շեշտերը. հիանալի էր նրա կատարումը: Ռուբեն Մուրադյանի (Ռոմեո) մինչ այսօր ստեղծած հերոսները տղամարդկային ուժի եւ առնականության կրողներն են (Սպարտակ եւ այլն): Երեւի սա է պատճառը, որ տաղանդավոր պարողին պակաս էր հաջողվել արտահայտելու գլխավոր հերոսի բնավորության ու վարքագծի ռոմանտիկությունը: Բեմադրության լավագույն կատարումներից էր Տիբալտը (Նարեկ Մարտիրոսյան), որին մասնագետներից շատերը ցանկություն էին հայտնում տեսնել Ռոմեոյի կերպարում, քանի որ այս պարողի մեջ հերոսականն ու քնարականը միատեղված են: Ինքնատիպ էին դեկորների ու բեմական զգեստների հետաքրքիր լուծումները (նկարիչ՝ Աստղիկ Ստեփանյան), որոնք առանձնահատուկ տեսք էին ստանում լուսավորման նկարչի միջամտությամբ (Ավետիս Բարսեղյան): Օրինակ, «Աիդա» օպերային ներկայացման ժամանակ ծանրաբեռ էր բեմը եւ դա ինչ-որ տեղ խանգարում էր բեմական գործողությունների կազմակերպմանը: «Ռոմեո եւ Ջուլիետի» պարագայում նկարիչը ստեղծել էր արտահայտիչ ու լակոնիկ միջավայր:

Բալետային խմբի միակ վաստակավոր արտիստ Զավեն Հարությունյանը, Արման Բալմանուկյանը, Ահարոն Պետրոսյանը, Կարեն Մարտիրոսյանը, Սոնա Առուստամյանը եւ այլք պարային լեզվով հրաշալի մարմնավորեցին շեքսպիրյան մյուս կերպարներին:

Ի դեպ, 1980-ականների սկզբներին Վարշավայի ազգային երաժշտական թատրոնում այս բեմադրության ննջարանի տեսարանում Ռոմեոն եւ Ջուլիետը եղել են մերկ՝ ցույց տալով սիրո ազատությունը, գուցե նաեւ լուծելով որոշ կոմերցիոն հարցեր: Մերկությունը շեշտադրելու միտում չունենք, սակայն գտնում ենք, որ գուցե արժեր երեւանյան բեմադրության համար այլ «չամիչ» գտնել, որը նաեւ կոմերցիոն առումով շահեկանություն կապահովեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել