Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՍՏԻՊԵԼ ԵՆ «ՓԱԿԵԼ» ՊԱՐՏՔԵՐԸ

Հունիս 01,2011 00:00

\"\"Վրաստանի նախկին վարչապետ, իսկ այսօր ընդդիմադիր գործիչ Զուրաբ Նողայդելիի (նկարում) նախկին զինակիցները դատարանում շահել են նրա դեմ իրենց ներկայացրած հայտը: Trend-ի մատուցմամբ, Թբիլիսիի քաղաքային դատարանը, որին դիմել էին հայցվորները՝ Նողայդելիից իրենց աշխատավարձերի պարտքը ստանալու համար, վերջիններիս հայցը հիմնավոր է ճանաչել եւ պատասխանողին պարտավորեցրել է վճարել իր նախկին զինակիցներին հասանելիք գումարները:

Նախկին վարչապետի դեմ հայց էր ներկայացրել շուրջ 50 հոգի: Վերջիններս ներկայացնում են Նողայդելիի հիմնադրած «Հանուն արդար Վրաստանի» կուսակցությունը, որը մինչեւ 2010թ. գլխավորում էր հենց նախկին վարչապետը: Աղբյուրի մատուցմամբ, Նողայդելիի զինակիցները ժամանակին քարոզչական աշխատանքներ էին տարել հասարակության շրջանում, բայց դրա դիմաց խոստացված վարձատրությունն այդպես էլ չէին ստացել:

Դատարանի որոշմամբ, Նողայդելին իր նախկին կուսակիցներին պարտավոր է վճարել 322 հազար լարի՝ շուրջ 190 հազար դոլար:

Նախկին վարչապետն ինքը դատարան չի ներկայացել: Կուսակցությունում ավելի վաղ հայտարարել էին, թե իրենց նախկին առաջնորդը փորձել է թաքնվել՝ խույս տալով դատարանի ծանուցումը ստանալուց: Արդյունքում, փաստաթուղթը նրան, այնուամենայնիվ, հաջողվել էր հանձնել:

Հիշեցնենք, որ Զուրաբ Նողայդելին երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2005-2007

թթ.-ներին, բայց 2008թ. օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո անցել էր ընդդիմության կողմն ու իրեն դրսեւորել որպես Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման կողմնակից ու պարբերաբար Մոսկվայում էր լինում: Այդ ընթացքում նրա գլխավորած կուսակցությունը համագործակցության մասին համաձայնագիր էր կնքել Ռուսաստանի իշխանական «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ: Արդեն 2010-ի աշնանը կուսակցության մի մասը իր առաջնորդին անվստահություն էր հայտնել՝ նրան մեղադրելով վատ կառավարիչ լինելու եւ կուսակցական փողերը յուրացնելու մեջ: Նողայդելիի հակառակորդները հրաժարվել էին նրան ենթարկվել ու առանձին համագումար էին գումարել, որտեղ նրան հեռացրել էին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել