Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշող եւ արտագրող տնօրեններ

Հունիս 01,2011 00:00

«Այս օրերի ընթացքում արդեն 49 թեկնածու քննությունից կտրվել է»,- երեկ Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում ղեկավարման իրավունքի հավաստագրման քննության արդյունքից մի փոքր դժգոհեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Քննությունների նոր շրջանը մեկնարկել է օրերս, եւ ընթանում է երկու փուլով՝ բանավոր եւ գրավոր, մասնակցում են ոչ միայն հանրապետության դպրոցների գործող տնօրենները, այլեւ այն անձինք, ովքեր ցանկանում են դառնալ դպրոցի տնօրեն եւ ունեն համապատասխան աշխատանքային փորձ եւ կրթական ցենզ: Մինչ քննությունները «տնօրենացուները» վերապատրաստվել են եւ ձեռք բերել հավաստագրման քննությանը մասնակցելու իրավունք: 1066 հայտ ներկայացրածներից քննությանը մասնակցել է 371-ը: «Պարզվում է, մեծահասակներն էլ պակաս հնարամիտ չեն իրենց աշակերտներից. ոմանք դիմում են տարբեր միջոցների՝ իրենց անգրագիտությունը քողարկելու համար, անգամ փորձում են ազդանշաններով իրար հուշել»,- զարմանում է նախարարը: Քննությունների 60 հարցանոց հարցաթերթիկի մեջ ընդգրկված են օրենսդրական, մանկավարժական եւ կառավարչական հմտություններին վերաբերող հարցեր, գրավոր քննությանը առնվազն 54 միավոր հավաքելուց հետո մասնակիցն անցնում է հաջորդ փուլ՝ բանավոր քննության: «Տնօրեններ կային, որ սկզբից դեմ էին այս գործընթացին, կածում էին, որ քննությունը իրենց գործից հանելու համար է: Ասում էին՝ մենք վաստակաշատ ենք, կարիք չունենք քննություն հանձնելու: Հետո համակերպվեցին, որ օրենքը բոլորի համար է: Երբ քննություններն արդեն հանձնել էին, ոմանք շնորհակալություն հայտնեցին, ասացին, որ այդ գիտելիքներն իրենց շատ են պետք գալիս»,- ասում է Ա. Աշոտյանը:

Ըստ նախարարի՝ այս գործընթացը փոխում է դպրոցի տնօրենների անփոխարինելի լինելու կարծրատիպը. «Ցանկացած մարդ, ով ուզում է դառնալ տնօրեն, կարող է մասնակցել քննությանը, ձեռք բերել հավաստագիր եւ տեսնել՝ Հայաստանում որտե՞ղ են կազմակերպվում մրցույթներ, մասնակցել տնօրեն դառնալու համար, հավաստագիրը շաղկապված չէ բնակավայրի հետ եւ գործում է հինգ տարի»: Քննություններն անցկացվելու են տարին երկու անգամ՝ հնարավորինս մեծ թվով մարդկանց ընդգրկելով, մյուս տարի նախատեսվում է հարցաթերթիկներում ընդգրկել հարցեր՝ նորագույն տեխնոլոգիաներից: Իսկ այն մտայնությանը, թե նման քննությունները ստորացնում են ուսուցիչների եւ տնօրենների համբավը, վարկաբեկում նրանց՝ իրենց իսկ աշակերտների առաջ, պարոն Աշոտյանը հակադարձում է. «Եթե այդ քննություններն այդքան ստորացուցիչ են եւ նսեմացնող, ապա ինչո՞ւ են երեխաներին տարին մի քանի անգամ ենթարկում նման «նսեմացնող» գործընթացի: Ես կարծում եմ, որ այս քննություններով չէ, որ վարկաբեկվում են մարդիկ, նրանք նախեւառաջ վարկաբեկվում են իրենց կեցվածքով, ապօրինությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել