Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐՈՎ

Հունիս 01,2011 00:00

\"\"«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը տարբերվում է

Օրերս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիակենտրոնում կայացավ կրթահամալիրի ավագ դպրոցներում իրականացվող ծրագրերի շնորհանդեսը:

Ավագ դպրոց-վարժարանի, գեղարվեստի, արհեստների ավագ դպրոցների աշակերտները ներկայացրին խորացված եւ արտադրությամբ ուսուցման ծրագրերը:

Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի ղեկավար Սուսան Մարկոսյանի խոսքով, շնորհանդեսը միտված է ներկայացնել ուսուցման արդյունավետությունը. «Մեր նպատակն է շնորհանդեսի տեսքով նրանց ցույց տալ, որ ուսուցումը առավելագույնս արդյունավետ է դառնում, երբ սովորողը կողմնորոշված է լինում»:

Շնորհանդեսին ներկա էին կրթահամալիրի սովորողներ, ծնողներ, ուսուցիչներ, համայնքի տարբեր դպրոցների տնօրեններ եւ քաղաքապետարանի կրթության վարչության աշխատակիցներ: Կրթահամալիրի ավագ դպրոցների սաները ներկայացրին մաթեմատիկայի, էլեկտրոնիկայի, օտար լեզուների, կերպարվեստի նախագծման եւ դիզայնի, մոդելավորման, թատրոնի եւ ռեժիսուրայի խորացված ուսուցումների օրինակներ, նմուշներ, ցուցադրվեցին նաեւ սովորողների պատրաստած նյութերը:

«Առավոտը» հանդիպեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցների սովորողներին: Ավագ դպրոց- վարժարանի սովորող 11-րդ դասարանցի Վարդան Պետրոսյանը շնորհանդեսին ներկայացրեց կիրառական մաթեմատիկա եւ ծրագրավորում խորացված ուսուցումը. «Արդեն երկու տարի ուսումնասիրում եմ կիրառական մաթեմատիկան ու չնայած դեռ մի տարի էլ ունեմ սովորելու, գտնում եմ, որ իմ ընտրած մասնագիտությամբ բուհ ընդունվելու համար գիտելիքներս դեռ բավարար չեն»:

Օտար լեզուների ու թարգմանության խորացված ուսուցման դասարանի սովորող Մանե Գեւորգյանն էլ խոսեց ավագ դպրոցներում օտար լեզուների ուսուցման իր պատկերացումների մասին: Նա նույնպես իր դասընկերոջ կարծիքին է, որ ավագ դպրոցներում ստացած գիտելիքները դեռեւս բավարար չեն բուհ դիմելու համար. «Երբ ես խոսում եմ իմ ընկերների հետ, ովքեր սովորում են մյուս ավագ դպրոցներում, համոզվում եմ, որ չի արդարացնում ավագ դպրոցի համակարգը: Կոռուպցիան ավելի է շատացել, երեխաներն ավելի շատ են բացակայում դասից: Այսինքն՝ էլի շարունակվում է այն, ինչ մինչ ավագ դպրոցները եղել են, մեկ տարբերությամբ՝ մի տարի ավելի ենք սովորելու»:

Վարդանը դասընկերուհուն հավելեց. «Ամեն նոր ստեղծվող բան իր թերություններն ունի, ավագ դպրոցները բացառություն չեն: Մեր ավագ դպրոցն էլ թերություններ ունի, ուղղակի մյուս դպրոցների համեմատ այստեղ խորացված ուսուցում ասվածն իսկապես գործում է: Իմ տպավորությունն այնպիսին է, որ մյուս ավագ դպրոցներում շարունակվում է նույն միջնակարգ ուսուցումը, քանի որ իմ ընկերներից էլ շատերը, բավարար չհամարելով խորացված ուսուցումները, կրկնուսույցների են դիմել բուհ ընդունվելու համար»:

Մ. Գրիգորյանը որոշել է իր մասնագիտական կրթությունը շարունակել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում, իսկ Վարդանը ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Մանեն վստահ է, որ դպրոցում ստացած իր անգլերենի գիտելիքներով կընդունվի համալսարան. «Ուղղակի խնդիրն այն է, որ դպրոցում ես այն չեմ անցնում, ինչ պահանջում են բուհական քննությունների ժամանակ: Կամ, օրինակ, եթե հիմա ես հանձնեմ հայոց լեզվի եւ գրականության քննություն, վստահ՝ կկտրվեմ, որովհետեւ ես, ասենք, «Վարդանանք» չեմ կարդում նրա համար, որ անգիր հիշեմ, թե նրա նժույգի անունն ինչ է, այլ կարդում եմ, որովհետեւ դա մերն է, մեր պատմությունը»:

Շնորհանդեսին ծրագրավորման խորացված ուսուցումը ներկայացրած Թադեւոս Մարկոսյանը գտնում է, որ եթե ամեն ավագ դպրոց, իրենց կրթահամալիրի պես, մեծ ուշադրություն դարձնի ավագ դպրոցի ներսում տարբեր ուղղություններով գիտելիքների խորացմանը՝ բուհին համապատասխան, համակարգը կկարգավորվի եւ ոչ ոք չի բողոքի ավագ դպրոցներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել