Հատված ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից երեկվա հանրահավաքում
Իսկ այժմ մի քանի խոսք Հայ ազգային կոնգրեսի առաջիկա անելիքների մասին, սակայն նախքան այդ հարկ եմ համարում թռուցիկ կերպով անդրադառնալ նրա որդեգրելիք մարտավարության առնչությամբ հասարակական տրամադրություններում արտահայտվող որոշ տարօրինակ մտայնությունների եւ անկեղծ մտահոգությունների, որոնք բավականին տարածված են։ Ինչպես քիչ առաջ նշեցի, ինձ համար տաբուներ չկան, եւ ես չեմ պատրաստվում շրջանցել մեր գործունեությանը վերաբերող որեւէ գնահատական, որքան էլ այն հանիրավի ու տհաճ լինի։ Եվ այսպես.
1. Կան մարդիկ, ովքեր դատում են հետեւյալ կերպ. եթե մի քանի բազմահազարանոց հանրահավաքների ու ցույցերի արդյունքում իշխանությունն ստիպված եղավ գնալ նման շոշափելի զիջումների, ապա ի՞նչ կարիք կա նրա հետ երկխոսություն վարելու։ Ավելի ճիշտ չէ՞, անցնելով շուրջօրյա հանրահավաքների ու նստացույցերի, մեծացնել ճնշումը եւ միանգամից լուծել իշխանափոխության խնդիրը, քանի որ ուրիշ այսպիսի առիթ կարող է չլինել։ Սա վերը նշված մեկքայլանի լուծումների գոյությանը հավատացողների մտայնության տիպիկ դրսեւորում է, որը խոտելի է մի քանի առումներով։ Նրանում հաշվի առնված չէ իշխանափոխության համար պահանջվող բազմաթիվ այլ գործոնների առկայության անհրաժեշտությունը։ Նախ՝ մենք խաղամոլ չենք, հետեւաբար հակում չունենք կատարելու որեւէ քայլ, որի ելքն անհայտ է, եւ որի պարունակած վտանգները հաշվարկված չեն։ Այնուհետեւ՝ իշխանափոխության իրականացման համար անհրաժեշտ քաղաքական ու քաղաքացիական ակտիվությունը Հայաստանում դեռեւս բավարար լիցք չի պարունակում կամ համապատասխան կոնդիցիայի չի հասել։ Եվ վերջապես, նման գործելակերպն ի բնե հակասում է Հայ ազգային կոնգրեսի դավանանքին, որը կտրականապես մերժում է պայքարի հեղափոխական ճանապարհը։ Ես չեմ հասկանում՝ ուրիշից հեղափոխություն պահանջելս ո՞րն է։ Ավելի անհեթեթ (աբսուրդ) եւ ծիծաղելի բան դժվար է պատկերացնել։ Հեղափոխություն պահանջողն ինքը պիտի իրականացնի այդ հեղափոխությունը։ Այնինչ պահանջողները շատ են, բայց հեղափոխություն անող այդպես էլ չկա ու չկա, եւ չի էլ լինելու։
2. Հասարակական տրամադրություններում առկա է նաեւ հակառակ մտայնությունը, այն է՝ եթե իշխանությունը Կոնգրեսի հետ ձեռք ձեռքի տված գնում է լուրջ բարեփոխումների եւ արդյունավետ քայլեր ձեռնարկում երկրի ներքաղաքական մթնոլորտի առողջացման, արդարության վերականգնման եւ ժողովրդի սոցիալական վիճակի թեթեւացման ուղղությամբ, ապա ի՞նչ հարկ կա արտահերթ ընտրություններ պահանջել, մանավանդ որ հերթական ընտրություններն այնքան հեռու չեն։ Պետք է նկատի ունենալ, սակայն, որ նշված պահանջը պայմանավորված է ոչ թե քաղաքական հավակնոտությամբ կամ պարզ քմահաճույքով, այլ երկու լրջագույն նկատառումով։ Դրանցից մեկը օրինականության եւ սկզբունքի խնդիր է, որի իմաստը կայանում է նրանում, որ կեղծված ընտրությունների հետեւանքով առաջացած քաղաքական ճգնաժամը պետք է հաղթահարվի բացառապես արտահերթ ընտրությունների անցկացմամբ, որպեսզի հետագայում այլեւս որեւէ մեկի մտքով չանցնի բռնազավթել իշխանությունը։ Իսկ մյուսը, որը թերեւս տվյալ պահին ավելի կարեւոր է, ժամանակի գործոնն է. մինչեւ հերթական ընտրությունները Հայաստան երկրից կարող է բան մնացած չլինել, այսինքն՝ որքան ընտրություններն ուշանան, այնքան մեր կորուստները կշատանան։
3. Խոսակցությունների մակարդակով տարածված մի այլ դատողության համաձայն՝ վճռական գործողությունների չդիմելու պարագայում ժողովուրդը կարող է վհատվել, հուսալքվել ու երես թեքել Հայ ազգային կոնգրեսից։ Այսպիսի խոսակցություններ, որոնք մասամբ ծնվում են անկեղծ մտահոգությունից, իսկ հաճախ էլ դիտավորյալ տարածվում հենց ժողովրդին վհատեցնելու, հուսալքելու եւ Կոնգրեսի նկատմամբ անվստահություն սերմանելու նպատակով, վերջին երեք տարիների ընթացքում մենք շատ ենք լսել։ Բայց զարմանալիորեն, այդ խոսակցություններին զուգընթաց, մեր հանրահավաքները ոչ թե նվազել, այլ ավելի ու ավելի բազմամարդ են դարձել, ինչը նշանակում է, որ ժողովրդի մեծամասնությունը տուրք չի տվել դրանց։ Չափազանց թանկ գնահատելով ժողովրդի վստահության պարագան՝ հարկ եմ համարում դրա հետ մեկտեղ նշել, որ հուսալքում, վհատություն եւ նման այլ հասկացությունները քաղաքական կատեգորիա չեն։ Դրանք անցողիկ, ժամանակավոր տրամադրություններ են, որոնց գնահատման միակ չափանիշը կարող են լինել ոչ թե զանազան խոսակցությունները, այլ ճշգրիտ սոցիոլոգիական հարցումները, բայց այդպիսիք, դժբախտաբար, Հայաստանում գոյություն չունեն։ Զանգվածները կարող են ժամանակավորապես վհատվել, հուսալքվել կամ, ընդհակառակը, ոգեւորվել ու խանդավառվել, բայց պատասխանատու քաղաքական ուժի համար, ինչպիսին Հայ ազգային կոնգրեսն է, ամենեւին դա չէ կարեւորը։ Կարեւորը ճիշտ հաշվարկներ ու քայլեր կատարելն է, որոնք եթե ոչ անմիջապես, ապա ի վերջո չեն կարող չընկալվել ու ըստ արժանվույն չգնահատվել հասարակության կողմից։ Կոնգրեսն իր գործունեության մեջ մշտապես ձգտել է առաջնորդվել այս սկզբունքով եւ այսուհետեւ եւս մտադիր չէ հրաժարվել դրանից։
4. Եվ վերջապես, Հայ ազգային կոնգրեսի ընտրած մարտավարության առթիվ արտահայտվող հաջորդ մտահոգությունն այն է, որ երկխոսությունը իշխանությանը հնարավորություն կտա բանակցությունները ձգձգելու միջոցով ժամանակ շահել ու գործը հասցնել հերթական ընտրությունների՝ հուսալով, որ այդ ընթացքում Կոնգրեսը կկորցնի իր ընտրազանգվածը կամ նրան հակակշռող մի այլ ընդդիմադիր ուժ կձեւավորվի։ Եթե այդպես դատողները կարծում են, թե մենք այնքան միամիտ ենք, որ չենք գիտակցում այդ վտանգը, նրանք սխալվում են։ Ավելին, մենք գիտակցում ենք նաեւ, որ իշխանությունը ոչ միայն կփորձի ձգձգել երկխոսությունը, այլեւ իրեն ուժեղ զգալու պարագայում կարող է ընդհանրապես դադարեցնել այն։ Բայց մի բան է ցանկությունը, մի այլ բան՝ դրա իրականացումը։ Երկխոսությունը, բարեբախտաբար, ոչ թե միակողմանի, այլ երկուստեք խաղ է, եւ այդ խաղում մենք էլ ունենք մեր քայլերը։ Նախ՝ իշխանությունն ուժեղանալու որեւէ ռեսուրս չունի, քանի որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակն, ինչպես նշեցինք, ոչ թե բարելավվելու, այլ վատթարանալու է։ Եվ երկրորդ՝ ձգձգման կամ սաբոտաժի միտում նկատելու դեպքում մենք նույնպես ցանկացած պահի կարող ենք դադարեցնել երկխոսությունը եւ կիրառել ժողովրդի համախմբման միջոցով իշխանության վրա ճնշում բանեցնելու փորձված եւ արդեն իսկ հաջողություններ արձանագրած մեթոդը։ Արտահերթ ընտրությունների անցկացմանը հասնելու եւ ընդհանրապես իշխանությանը կառուցողականություն պարտադրելու միակ գրավականը ժողովրդի մշտական ճնշումն է։ Երկխոսության ողջ ընթացքում իշխանությունն իր թիկունքում պետք է զգա վերջինիս շնչառությունը։ Իսկ ջրբաժանի տարբերակը միշտ կա ու կա։
Այսպիսով, նկատի ունենալով Հայ ազգային կոնգրեսի առաջ քաշած երեք պահանջների կատարման հանգամանքը, մենք արդեն պատրաստ ենք իշխանության հետ ֆորմալ, այսինքն՝ պատվիրակությունների մակարդակով երկխոսության։ Առաջիկա օրերին մենք կորոշենք մեր պատվիրակության կազմը, որը բաղկացած կլինի 3–5 հոգուց, եւ իշխանությանը կներկայացնենք երկխոսության մեր օրակարգը։ Բնականաբար, նույնը պետք է անի նաեւ իշխանությունը՝ թե՛ պատվիրակություն կազմավորելու, թե՛ սեփական օրակարգը ներկայացնելու առումով։ Կոնգրեսի օրակարգը հայտնի է՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է հաշվի առնենք նաեւ իշխանության ներկայացրած օրակարգն ու հակաառաջարկները, այլապես կխախտվի կողմերի իրավահավասարությունը։ Ավելին, երկխոսության ընթացքում մենք չենք կարող անտեսել նաեւ ս.թ. մարտի 1-ի տասնհինգկետանոց մեր հայտարարության մնացյալ պահանջները, որոնք վերաբերում են սոցիալական ոլորտի, մանր ու միջին գործարարության, գյուղացիության, օրինականության, կոռուպցիայի խնդիրներին, եւ որոնք ընդհանրապես, երկխոսության ընթացքին զուգահեռ, այսուհետեւ պետք է գտնվեն մեր մշտական ուշադրության կենտրոնում։ Հիշեցնեմ, որ, ինչպես արդեն նշվեց Լեւոն Զուրաբյանի ելույթում, իշխանության հետ բանակցությունների առաջնահերթ հարցերից մեկը պետք է լինի նաեւ քաղբանտարկյալներ Մուրադ Բոջոլյանի եւ Սարգիս Հացպանյանի ազատ արձակման, իսկ վերջինիս պարագայում միաժամանակ Հայաստանում կացության կարգավիճակ կամ քաղաքացիություն շնորհելու պահանջը։
Եթե փորձելու լինենք մեկ նախադասությամբ ձեւակերպել Հայաստանում ընթացող ներկա քաղաքական զարգացումները, ապա ակնհայտ է, որ մեզ մոտ, ըստ էության, տեղի է ունենում նույնը, ինչ արաբական աշխարհում, այն է՝ համաժողովրդական ճնշման միջոցով արտահերթ ընտրությունների պարտադրում եւ իշխանության փոփոխություն։ Սակայն, ի տարբերություն արաբական երկրների, մենք ձգտում ենք դրան հասնել ոչ թե ահավոր ցնցումներից, տակնուվրայություններից ու արյունահեղությունից հետո, այլ խաղաղ, սահմանադրական ճանապարհով։ Ես վստահ եմ, որ եթե արաբական ժողովուրդներն էլ ունենային այդ այլընտրանքը, նրանք կնախընտրեին վարվել նույն կերպ։ Իսկ թե որքանով է երաշխավորված մեր ընտրած ճանապարհի հաջողությունը, դա արդեն կախված է ոչ այնքան Կոնգրեսի, որքան ողջ ժողովրդի միահամուռ ջանքերից եւ գործընթացը հասարակության մշտական վերահսկողության տակ պահելու կարողությունից։ Իշխանության անդրդվելիության պարագայում, մեր կամքից անկախ, բացառված չէ նաեւ արաբական տարբերակը, որովհետեւ հուսահատության եզրին հասցված ժողովուրդների վարքը միշտ չէ, որ ենթարկվում է բանականության թելադրանքին։ Հուսանք, իշխանությունը բավարար իմաստություն կունենա՝ հասկանալու համար այս պարզ ճշմարտությունը։
Գործընթացը վերահսկելու մեխանիզմը, բնականաբար, մեր պարբերական հանրահավաքներն են լինելու, որոնք տեղի կունենան ըստ անհրաժեշտության՝ երկխոսության ընթացքին ձեզ տեղյակ պահելու համար, կամ էլ սոցիալ-տնտեսական իրավիճակի սրման եւ որեւէ այլ արտակարգ իրադարձության պարագայում։ Ինչ վերաբերում է հաջորդ հանրահավաքին, ապա այն նախատեսված է անցկացնել հունիս ամսին, իսկ ճշգրիտ օրվա մասին ձեզ կտեղեկացնենք լրացուցիչ։ Հայաստանում ստեղծված է նոր քաղաքական իրավիճակ, որը հնարավորություն է տալիս թեկուզ ամենասուր խնդիրները լուծել օրինական ճանապարհով։ Մենք պատեհություն ունենք աշխարհին ապացուցելու, որ հիրավի պետականության դարավոր ավանդույթներ ունեցող քաղաքակիրթ ժողովուրդ ենք։ Եվ ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ հասարակությունը իրավունք չունի կորցնելու այդ պատեհությունը։ Բարի երթ եւ մինչ նոր հանդիպում, որը, վստահաբար, շատ չի ուշանա, քանի որ իրադարձությունները զարգանում են սրընթաց կերպով։