Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆԻՑ

Հունիս 01,2011 00:00

Մեկ տարի առաջ ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի տեղական մարմինը իր գործունեությունն սկսել է կրթական ծրագրերից: Վանաձորի մանկատան 102 սաներ (20-ը չափահաս են եւ սովորում են քոլեջներում ու բուհերում) այսուհետ համակարգչային գիտելիքներ ձեռք կբերեն իրենց պատերի ներսում: Վերջին սերնդի տասը համակարգիչները, բազմաֆունկցիոնալ սարքերը (տպիչ, սքաներ, պատճենահանող սարք), ուսումնական DVD սկավառակները, ներդրված անվճար օպերացիոն համակարգը, համակարգչային ներքին ցանցը հնարավորություն կտան հետագայում միանալ համացանցին:

Հունաստանի տեղական մարմնի ատենապետ Վաչե Տեր-Կարապետյանին են դիմել Անդրանիկ եւ Փիրուզա Ղյոլճյանները՝ ցանկանալով աջակցել Հայաստանի որեւէ մանկատան: Իրենք ուզում էին, որ երեխաները ժամանակակից համակարգչային գիտելիքներ ստանային եւ աշխատաշուկայում ոչ մի բանով չզիջեին իրենց հասակակիցներին. «Մեծ հրճվանքով եկել ենք Հայաստան՝ մասնակցելու մեր տեղական մարմնի առաջին ծրագրերին, քանի որ առաջին տարում կարողացանք 2 ծրագիր վերցնել ու իրականացնել»:

80-ամյա Անդրանիկ Ղյոլճյանը առաջին անգամ Հայաստան եկել է 70-ականներին, ինչպես ինքն է բնութագրում՝ ռուսական ռեժիմի ժամանակ: Անդրանիկը ծնվել է Հունաստանում, 40 տարի ապրել Կանադայում, 10 տարուց ավել է՝ կրկին բնակություն է հաստատել Աթենքում, արդեն չի հիշում, թե որ երկրից քանի անգամ է Հայաստան եկել, սակայն իր առաջին հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է համարում:

1989թ.-ին կառուցված, 130 սան ունեցող թիվ 30 մանկապարտեզը բարեկարգված խաղահրապարակ, կահույք, հանգստի ու ժամանցի պարագաներ՝ սպորտային գույք նվեր ստացավ հիմնադրամից: Բարերար Նիկոլաս Սարգսյանը թեեւ հայկական արմատներ ունի, սակայն հայերեն չի կարողանում խոսել, բայց զգալով հայրենիքի ուժը՝ հայ լինելն արթնացել է նրա մեջ եւ որոշել է աջակցել: «Ինքն արդեն Նիկոլաս է, բայց Սարգսյան ազգանունը ավելի ուժեղ է»,- ասում է բարերարի դուստրը:

«Բարեգործությունը սահմաններ չունի, բարեգործությունը միգուցե աշխարհում ամենաբարդն է, ես հասկանում եմ, որ այդ քայլին գնացողները ճիշտ որոշում են կայացրել, որ մեր երեխաները հետագայում կարողանալու են հաղորդակցվել աշխարհասփյուռ իրենց հասակակիցների հետ»,- իր խոսքում նշեց Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը:

2003թ.-ից ի վեր Վանաձորը քույր քաղաք է Հունաստանի Կորենտոս քաղաքի հետ: 2005 թ.-ին համատեղ ֆինանսավորումով կառուցվեց Վանաձորի լողավազանը, որը խթանեց լողի զարգացմանը: Այժմ էլ կրթական ծրագրեր են մշակվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել