Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվաստումները ուշացել են

Հունիս 01,2011 00:00

\"\"Տավուշի մարզի համայնքներում խոշոր եղջերավոր անասունների պատվաստումները դեռ չեն արվել: Մինչդեռ ամեն տարի պետական պատվերի շրջանակներում խոշոր եղջերավորների 7 հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումներ են կատարվել: Այս տարի այդ 7 հիվանդություններից միայն դաբաղի դեմ է պատվաստում կատարվել: Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքապետերը, սակայն, ասում են, որ իրենց համայնքներում այս առումով վիճակը բարվոք է, պատվաստումները մեծամասամբ արվել են: Խնդիրը սուր է այն առումով, որ մարզի խոշոր եղջերավոր անասունների մի մասն արդեն տեղափոխվել է հեռագնա արոտավայրեր: Հեռավոր սարերում դժվար է անասունների պատվաստումներ կատարել, քանզի դրանք ցրված են մեծ տարածքներում: Մարզի անասնաբույժներից տեղեկացանք, որ վիճակը վատ է նաեւ մանր եղջերավոր անասունների, խոզերի եւ ընտանի թռչունների պարագայում: Պետպատվերով նախատեսված են մանր եղջերավոր անասունների պատվաստումներ բրուցելոզ եւ դաբաղ հիվանդությունների դեմ, սակայն դրանք այս տարի չեն կատարվել: Չեն կատարվել նաեւ պետպատվերով նախատեսված խոզերի դասական ժանտախտի եւ թռչունների ժանտախտի դեմ պատվաստումները: Մարզի անասնաբույժներն այս տարի դեռեւս աշխատավարձ չեն ստացել: Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը հայտնեց, որ արդեն մարզ են ներկրվել պատվաստանյութերը, պատվաստումները կարվեն, գումարները փոխանցված են եւ անասնաբույժները կստանան 4 ամիսների աշխատավարձը: Գյուղվարչության պետին հարցրինք Սարիգյուղում, Իջեւանի սարերում եւ այլ տեղեր խոշոր եղջերավոր անասունների՝ տենդ հիվանդության մասին: Պարոն Մելիքջանյանն ասաց, որ հիվանդությունն առաջանում է տզերի կծելու հետեւանքով եւ սեզոնային բնույթ է կրում: Պետպատվերի շրջանակներում այդ հիվանդության դեմ պայքար նախատեսված չէ: Գյուղվարչության պետի խոսքով՝ հիվանդացած անասուններին մի սրսկում է արվում եւ ապաքինվում են:

Տավուշում պատվաստումների ուշացման այս վիճակը կապված է անասնաբուժության եւ սննդի անվտանգության տեսչությունում կատարված կառուցվածքային փոփոխությունների, շատ հաստիքների լուծարման հետ: Այժմ անասնաբույժները պայմանագիր են կնքում գյուղնախարարության հետ: Գարունն արդեն ավարտվում է, անասունների մեծ խմբաքանակներ են սարեր տեղափոխվել, ուստի ուշացած սրսկումները կարող են անարդյունավետ լինել: Տավուշի մարզի համայնքապետերը տարակուսում են՝ բարձր պաշտոնյաները խոսում են գյուղատնտեսության նկատմամբ իրենց հոգածության մասին, սակայն նման հրատապ խնդիրներն անցած 6 ամսում չեն լուծվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել