Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանում, Արշակ Խաչատրյանի նախագահությամբ, նախորդ օրը պետք է լսվեր Աիդա Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:
Աիդա Այվազյանը մեղադրվում էր խուլիգանության համար:
Ի՞նչ էր տեղի ունեցել: Ա. Այվազյանը գնումներ կատարելու նպատակով մտել էր Պ. Սեւակի 55/5 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» խանութ-սրճարանը: Նրան տվել էին գնումների համար ՀԴՄ կտրոն, որի «թվերը» չէին երեւում: Սպառողը, քանի որ հավատում էր «շահող կտրոնի» զորությանը, պահանջել է նոր կտրոն, որի վրայի գրառումները երեւային:
Ծագել է վեճ, եւ խանութի անվտանգության աշխատակից Գրիգորի Հարությունյանը փորձել է 50-ն անց կնոջը ուժով հեռացնել: Ա. Այվազյանը զանգել է ոստիկանություն եւ նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Մինչ ոստիկանության բաժին գնալը, Ա. Այվազյանը պահանջել է իրեն տրամադրել տեսախցիկների արձանագրած տեսանյութը, քանի դրանք չէին ոչնչացվել խանութի աշխատակիցների կողմից:
Սակայն «տուժողն» ու «վկաները» հրաժարվել էին դրանք տրամադրել: Աիդա Այվազյանը դրանով փորձել էր ապացուցել, որ իրեն հարվածել են, որ թվով 6 աշխատակիցներ արել են վիրավորական արտահայտություններ: Ոստիկանությունը հետագայում գործ էր հարուցել Աիդա Այվազյանի նկատմամբ, գտել էր, որ նա «խուլիգանական դրդումներով է մտել խանութ»:
Դատական նիստը մինչ կսկսվեր, նախագահողը տեղեկացրեց, որ անկախության 20-ամյակի առթիվ համաներում է հայտարարվել եւ Ա. Այվազյանն «ընկնում» է «համաներման տակ»: Ա. Այվազյանն ուզում էր դատաքննություն, որպեսզի, ինչպես ասաց՝ պատռեր իրական մեղավորների դիմակը: Նրա ու մեղադրողի միջեւ ծավալվեց հետեւյալ երկխոսությունը.
– Ես չեմ ուզում համաներման հիմքով ազատվել, այլ արդարադատության եմ ուզում հասնել: Ես մեղավոր չեմ:
– Բայց համաներումը նշանակում է, որ գործ չի լինի քո անունով:
– Ես համաձայն կլինեմ, եթե ստրեսներից ու այս տհաճ քաշքշուկից ազատվեմ, ձեզ չտեսնեմ: Դուք պատասխան պիտի տաք Եվրոդատարանում իմ ապրումների համար: Աստված թող ձեզ պատժի:
– Ես մաքուր եմ: Աստծո անունն էլ դատարանում մի տվեք:
Այնուամենայնիվ, Ա. Այվազյանը կողմնորոշվելու համար 10 րոպե ժամանակ խնդրեց, խորհրդակցեց իր փաստաբանի՝ Քրիստինե Ստեփանյանի հետ:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ համաներմամբ «ազատ արձակեց» Ա. Այվազյանին: