Լրահոս
Օրվա լրահոսը

Ամառը եկավ, 296-ը գնաց

Հունիս 01,2011 00:00

Ձորաղբյուր գնացող թիվ 296 ավտոբուսը, որը մի քանի ամիս առաջ էր «գիծ դուրս եկել», մինչ վերջերս շատ լավ աշխատում էր: Ընդ որում, սա միակ տրանսպորտն էր, որի միջոցով քաղաքի բնակիչները կարող էին Ձորաղբյուրի իրենց ամառանոցները հասնել:

Ըստ «Առավոտին» դիմած բնակիչների՝ «Ամեն տարի նույն վիճակն է: Այս տարի էլ, գարնան գալու պես թիվ 296-ը հանեցին: Մի ավտոբուսի եղածն ինչ է, որ պետությունը չի կարողանում աշխատեցնել»: Ուղեւորների հարցին ի պատասխան՝ վարորդները ասել են, որ գծատերը գծի պլանն ավելացրել է եւ այլեւս ձեռնտու չէ աշխատելը:

Այս առնչությամբ տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնեցին, որ թիվ 296 երթուղագծի շահագործողը, պատճառաբանելով, որ այլեւս շահավետ չէ գիծը սպասարկեը, հրաժարվել է լիցենզիայից: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ նախարարությունը ոչինչ չի ձեռնարկում, որպեսզի տնտեսվարողներին շահավետ պայմաններ առաջարկեն երթուղագիծը սպասարկելու համար եւ բնակիչներն էլ չտուժեն դրանից, նախարարության լրատվական ծառայությունից վստահեցրին, որ այդ ուղղությամբ աշխատում են. «Նոր մրցույթ ենք հայտարարել, որտեղ նաեւ այդ պայմաններն են քննարկվելու»: Մեզ նաեւ հավաստիացրին, որ մրցույթ հայտարարելու, շահելու եւ աշխատանքները սկսելու ամբողջ գործընթացը կտեւի մոտ 2 ամիս: «Առավոտի» այն հարցին, թե այս 2 ամիսների ընթացքում բնակիչները տրանսպորտի այլ միջոց չունեն, ընդ որում՝ 296-ն անգամ ամառանոցներ չէր հասնում, այս ուղղությամբ ի՞նչ միջոցներ են ձեռնարկում, նախարարությունից վստահեցրին, որ նոր մրցույթի պայմաններում կներառեն նաեւ այն հանգամանքը, որ ավտոբուսը մինչեւ ամառանոցներ հասնի. «Եվ մինչ մրցույթի գործընթացն ավարտվելը, ամառանոցների երթուղու եւ բնակիչների համար լուծումներ կգտնենք»: Ինչ վերաբերում է գծի պլանի՝ գծատերերի ինքնակամ ավելացմանը, ապա նախարարությունից վստահեցրին, որ իրենք այդ մասին տեղյակ չեն, բայց որոշակի ստուգումներ են իրականացնում, որից հետո պարզ կլինի՝ կա՞ նման բան, թե՞ ոչ, կամ էլ իսկապե՞ս 296 երթուղագիծը շահավետ չէ սպասարկելը եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել